Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ առանձին, անհատ կոռուպցիոներների

Նոյեմբեր 03,2018 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը քննարկում են Հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ գործընթացում առկա բացթողումները:

Լուսինե Բուդաղյան.– Հակակոռուպցիոն բարեփոխումների ու կառույցների ստեղծման մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության գլխավորած բոլոր կառավարությունները, երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել է նաեւ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Եթե նախորդների օրոք ասում էին` կոռուպցիայի դեմ պայքարելու համար չկա քաղաքական կամք, ապա նորի օրոք այդ կամքը կարծես թե կա, այդուհանդերձ, աշխատանքի արդյունավետությունը հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից որոշ առումներով ցածր է գնահատվում:
Տիկին Սողոմոնյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ միայն բացահայտման, որոշ չափով էլ օրենքի գերակայության ապահովման շրջանակներում է, եւ չկա կանխարգելում: Ի՞նչ է արվում այս մասով:

Սյուզաննա Սողոմոնյան.– Նախկինում առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու եւ հիմա վերահաստատում եմ իմ այն դիրքորոշումը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար միայն պատժի անխուսափելիությունը բավարար չէ: Այսինքն` դա կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններից մեկն է: Եվ այս տեսանկյունից, թերեւս, կարեւոր է ոչ միայն իրավապահ մարմինների օգնությամբ կոռուպցիայի դեմ պայքարը, շատ կարեւոր է նաեւ կանխարգելման քաղաքականություն վարելը կոռուպցիայի դեմ պայքարի եւ հակակոռուպցիոն իրազեկման քարոզարշավներ սկսելը: Ինչ է սա նշանակում: Փաստացի մենք հիմա Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չունենք մեկ միասնական մարմին, որը ունիվերսալ, անկախ հակակոռուպցիոն մարմնի դերը կստանձնի եւ կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքար: Մենք այսօր ունենք մի քանի իրավապահ մարմիններ, որոնք նախատեսված կարգով իրականացնում են իրենց լիազորությունները: Ունենք մարմիններ, որոնք ունեն բավականաչափ ռեսուրսներ, եւ պրոֆեսիոնալներ, որոնք առանց այս կամ այն անհատների հետ համագործակցելու օրենքով իրենց տրված լիազորությունները եւ գործիքները հնարավորություն են տալիս պայքարելու եւ բացահայտելու կոռուպցիոն սխեմաներ, բայց միաժամանակ մենք կարծում ենք, որ հարկավոր է Հայաստանում ունենալ մեկ միասնական, անկախ հակակոռուպցիոն մարմին, որ կունենա երեք հիմնական ուղղությունները որպես գերակա ուղղություններ, ինչպես նշեցի` կրթություն, կանխարգելում եւ իրավապահ մարմինների գործառույթը:

Այս տեսանկյունից վերջին ամիսներին Հայաստանում, ցավոք սրտի, նաեւ՝ բարեբախտաբար իհարկե, պայքարը տարվում է միայն մեկ ուղղությամբ` իրավապահ մարմինների: Մենք հիմա նաեւ ակնկալում ենք, որ առաջիկայում նաեւ շրջանառության մեջ կդրվի հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն ինքնին արդեն համարվում է ռազմավարության քաղաքականության մի մաս, եւ նաեւ լիահույս ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը նախքան ընդունվելը՝ լայն քննարկում կանցնի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ հասարակական հատվածի հետ: Եվ հաջորդ՝ ամենակարեւոր կետերից մեկը կրթությունն է, որովհետեւ միայն իրավապահ մարմինները եւ կանխարգելումը բավարար չեն: Չէ՞ որ այդ երկու կարեւորագույն ֆունկցիաները պետք է իրականացվեն այնպիսի անձանց կողմից, որոնք կրում են հակակոռուպցիոն արժեքներ, ունեն այդ ընկալումը, եւ, անկախ ամեն ինչից, դեռեւս վաղ տարիքից` մանկապարտեզից, դպրոցից սկսած հակակոռուպցիոն կրթությունը պետք է դառնա մեր առօրյայի մի մաս:
Փոքր հասակից երեխայի գիտակցության մեջ պետք է սերմանվի, մինչեւ ավելի հասուն տարիք:

Լ. Բ.- Պարոն Աֆրիկյան, հաճախ եք փաստեր ստուգում, կոռուպցիային առնչվող գործերի եք հանդիպում, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ կանխարգելիչ մեխանիզմներ են անհրաժեշտ:

Ռաֆայել Աֆրիկյան.– Անկեղծ ասած, փոփոխություններ չեմ նկատում, այս ընթացքում ես կոռուպցիայի դեմ իրական պայքար չեմ տեսնում: Մենք տեսնում ենք կոռուպցիոներների դեմ պայքար, անհատների դեմ պայքար, որը հիմնականում դրսեւորվում է կաշառակերության մոտիվներով, բայց համակարգային պայքար չենք տեսնում: Ընդհանրապես կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը պետք է մեկ միասնական մարմին վարի, իսկ մենք տեսնում ենք, որ օրինակ` Ազգային անվտանգության ծառայությունը կատարում է հակակոռուպցիոն գործողություններ, ինչն իրականում նույնիսկ չպետք է կատարի: ԱԱԾ-ի լիազորությունները հետախուզությունն ու հակահետախուզությունն է: Հայաստանում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, վարչապետի վերահսկողական ծառայությունը, վարչապետն ունի նաեւ օգնական կոռուպցիոն գծով, այսինքն՝ բազմաթիվ իրարից սեպարատ կառույցներ կան, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ, արդյունքում ստացվում է, որ պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ առանձին, անհատ կոռուպցիոներների դեմ:
Այս առումով մենք պարզապես կետային հարվածներ կարող ենք հասցնել կոռուպցիոն հետեւանքներին: Եվ որեւէ կերպ այսօրվա ունեցած իրականության մեջ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար դժվար է տանել:

Լ. Բ.- Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսին հայտարարեց աննախադեպ լիազորություններով օժտված հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու մասին, ի՞նչ փուլում է, ինչպիսի՞ լիազորություններ է ունենալու, որ նախկինները չունեին:

Ս. Ս.- Պարոն Զեյնալյանը նկատի ուներ, հավանաբար, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը նաեւ կունենա իրավապահ գործառույթ, որը նախատեսված է կառավարության ծրագրով: Այս մասով դեռեւս որեւէ բան չի արվել, այսինքն` ցավոք սրտի, այս բարձր մակարդակով հնչող հայտարարության հետեւանքները մենք չենք տեսնում, որեւէ միջոցներ այս մասով չեն ձեռնարկվել, միայն հայտարարությունների տեսքով է եղել մարմին ստեղծելու պատրաստակամությունը: Ինչ վերաբերում է ներկայումս տիրող իրավիճակին, ապա նշեմ, որ նախորդ տարի ընդունվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որը, սակայն, ունենալու է երկու հիմնական գործառույթ` կանխարգելում եւ կրթություն: Իրավապահ մարմինների գործառույթն այդ մարմիններին վերապահված չի լինելու: Ամեն դեպքում ներկայումս գործող օրենքի նախագծով նման լիազորություններ նախատեսված չեն: Եվ դրա համար այս տեսանկյունից կարեւորում ենք նաեւ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որ գուցե ճիշտ է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսել այդ մարմնի ստեղծումը՝ ի դեմս այլ միջոցառումների, այդ թվում պետք է հստակ ամրագրվեն ակտիվների վերականգնման ընթացակարգերը, որոնք վերջերս բավականին հաճախ քննարկվում են տարբեր շրջանակներում: Շատ կարեւոր է, որպեսզի լինեն հատուկ ընթացակարգեր, եւ ամենակարեւորը՝ մեր ներպետական օրենսդրությունը ունենա այդ ներուժը եւ ունենա այդ լուծումները, որպեսզի կարողանան հենց տեղական մակարդակում լուծել գողացված ակտիվների հարցը, որոնք կոռուպցիայի հետեւանքով են դուրս բերվել երկրից, եւ դրանք վերադարձվեն: Ընդ որում, դրանք չեն վերաբերում միայն կոռուպցիոն հանցագործությունների հետեւանքով գողացված ակտիվներին, այլ նաեւ միջազգային պայմանագրերով սահմանված են հնարավորություններ` երբ այն ակտիվները, որոնք գոյացել են այնպիսի հանցագործությունների կատարման հետեւանքով, որոնք բնավ կոռուպցիոն չեն համարվում: Այսինքն` այստեղ շատ կարեւոր է գոնե այդ հայտարարությունների հետքերով գնալ եւ դրանք ամրագրել կարեւորագույն քաղաքականությունների մեջ` ինչպիսին կարող է լինել նույն հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինչու չէ՝ նաեւ 2019 թվականի համար նախատեսված նոր կառավարության ծրագիրը:

Քննարկումն ամբողջությամբ այստեղ՝

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

02.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930