Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք խտրականություն՝ սկսած աշխատանքի ընդունման գործընթացից, երբ միայն բարետես կանանց են ցանկանում աշխատանքի ընդունել». Արփի Կարապետյան

Նոյեմբեր 29,2018 20:50

«Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» խորագրով քաղաքական դեբատի ընթացքում տարբեր կուսակցությունների պատգամավորի՝ կին թեկնածուները ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում կանանց խնդիրների լուծումը:

Դեբատն իրականացվեց «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում:

ՀՅԴ ներկայացուցիչ Լուսինե Հարոյանը բարձրացրեց այն խնդիրը, երբ կինը ընտանիք կազմակելուց հետո դժվարություններ է ունենում աշխատանքի, կրթության բնագավառում: Նա մանրամասնեց. «Գալիս է այն պահը, երբ ընտանիք կազմելուց, երեխաներ ունենալուց հետո կինը մոռացած է լինում իր սովորածի մեծ մասը և խնդիր է ունենում շուկա մտնել: ՀՅԴ-ն առաջարկում  է այդ կանանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ծրագիր. մասնավորապես պետք է երեխաներին երկու տարեկան հասակից ներգրավել մանկապարտեզում, ապահովել երեխաների՝ այնտեղ մնալը մինչև մայրիկի հետ վերադարձը աշխատանքից՝ երկարաձգելով երեխաների՝ մանկապարտեզում մնալու ժամանակը, կես կամ մեկ ժամ շուտ թույլ տալ, որ մայրիկն ավարտի աշխատանքը: Առաջարկում ենք՝ դպրոցներում ներառել մշակույթի, սպորտի, դասապատրաստման ծրագրեր, որոնք կգործեն մինչև ժամը 18.00»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը ներկայացրեց իր կարգավիճակը, որ ամուսնացել է, երբ 20 տարեկանում էր ու այժմ ունի ութ և ինը տարեկան երեխաներ: Սակայն նա ասաց, որ երբևէ աշխատանքի խնդիր չի ունեցել, քանի որ առաջնահերթ իր համար եղել է ձգտումն աշխատելու բուհն ավարտելուց հետո. «Մոտեցումն անհատական է: Չնայած բոլոր դժվարություններին, որ կարող է հանդիպել կյանքում, պետք է փորձել զբաղվել ինքնակրթությամբ՝ միևնույն ժամանակ աշխատելով և նվիրվելով ընտանիքին ու զբաղվելով երեխաների դաստիարակությամբ»:

«Իմ քայլը» ցուցակով պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը վստահեցրեց՝ իր վարած քարոզարշավի առանցքային մասն են կազմում կանանց իրավունքները և դրանց հզորացումը. «Ես ՔՊ-ում հայտնի եմ որպես ֆեմինիստ և կանանց պաշտպան, նաև ներքին լոբբինգը շատ կարևոր է բոլոր կուսակցություններում և քաղաքական ուժերում: Ինձ համար առաջնային խնդիրներից է կանանց իրավունքների պաշտպանությունը բոլոր ոլորտներում և քաղաքական մասնակցությունն ապահովելու հարցում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արփի Կարապետյանն ասաց, որ առաջին անգամ է մտնում քաղաքականություն և հիմա փորձում է լողալ: Նա պատմեց. «Վերջին 25 տարիներին աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ կարող եմ փաստել, որ մենք ունենք խտրականություն՝ սկսած աշխատանքի ընդունման գործընթացից, երբ միայն բարետես կանանց են ցանկանում աշխատանքի ընդունել. դնում են նման պայմաններ: Աշխատանքային օրենսդրությունը պիտի բարեփոխվի: Նույնը վերաբերում է կրթությանը. այսօր խոսում ենք տարբեր թեմաներից, բայց եկեք հասկանանք, երբ մարդուն հարցնում եք՝ ով ես դու, ասում է անունը, հետո միանգամից ասում է՝ աղջիկ է կամ տղա: Այսինքն՝ իդենտիֆիկացնող մեխանիզմի ամենաառաջին մակարդակն աշխատում է սեռական կողմնորոշման բնագավառում, սա չպետք է մոռանանք և սկսած դպրոցից պահենք մեր մտքում և ունենանք մեր ծրագրերում»:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, թե համամիտ չէ երիտասարդ որոշ մայրերի հետ, որոնք կարծում են, որ անընդհատ փոքրիկներին պետք է տալ խնամքի. «Մայրը ոչ միայն վերարտադրության միջոց է, այլև իր ջերմությունը, գուրգուրանքը պիտի տա երեխային: Կանայքն կհասցնեն մտնել քաղաքականություն իրենց կյանքի ընթացքում, բայց երեխայի խնամքը առաջնային է»:

Հեղինե Բիշարյանն ասաց՝ որպես արդեն 15 տարվա նախկին պատգամավոր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների օրենքի հեղինակ է, բայց հարց է որքանով  է կառավարությունն այդ օրենքը կիրառում. «Կուզեի՝ այդ օրենքը գործեր: Կարծում եմ՝ երբեք պետք չէ տրտնջալ, որ կին ենք և առանձնահատուկ վերաբերմունքի արժանանաք»:

ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչ Ռեգինա Ճաղարյանը պնդեց՝ բոլորս հավասար ենք՝ կին, թե տղամարդ. «Հայ հասարակության մեջ է տարբերություն դրվում: Կինը պետք է նաև ժամանակ գտնի իր ներուժը ներդնել երկրի զարգացման գործում, բայց չմոռանանք նաև հայկական ընտանիքի մասին»:

Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանի կարծիքով՝ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ հավասարությանը. «Դեռևս Հայաստանում առկա են սեռով պայմանավորված  աբորտները, ինչը լուրջ խնդիր է: Ծնվողների մեջ ունենք տղաների գերակշռություն, ունենք արդեն չծնվող մայրեր, ինչը մի քանի տարի հետո իրենց զգալիորեն նկատել է տալու: Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ կանայք ու տղամարդիկ նաև իշխանության օղակներում պիտի գնան հավասարության սկզբունքներով, նաև պաշտոններ զբաղեցնելու առումով: Այսօր կնոջ խելքը, հնարավորությունները, ճկուն միտքը դեռ ցավոք չի օգտագործվում»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յանա Մանթաշովան նշեց, որ իրենց քարոզարշավի ընթացքում խոսում են կանանց իրավունքների և սոցիալական խնդիրների մասին. «Ուզում եմ ամեն դեպքում անդրադառնալ այն մտքին, որ միայն կինը պետք է զբաղվի երեխայով: Իմ կարծիքով՝ հայրը նույնպես մեծ դերակատարություն պիտի ունենա երեխայի խնամքի հարցում. միայն  կինը չէ, որ պիտի տա երեխային խնամք ու գուրգուրանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հավասար քարոզարշավի «Հավասար» քարոզարշավ / “Equal”  campaign

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930