Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուտբոլային դիվանագիտության» 10-ամյակ. շահողներ ու տուժողներ

Դեկտեմբեր 12,2018 13:09

Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2018թ. հոկտեմբերի 10-ին լրացավ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի միջև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման 9-ամյակը։ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին 2 փաստաթուղթ՝ արձանագրություն. «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»: Դրանք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, սակայն այդպես էլ մնացին չվավերացված, և 2018թ․ մարտի 1-ին Հայաստանն առոչինչ հայտարարեց դրանք: Իսկ ի՞նչ տվեց հայ-թուրքական արձանագրությունների կնքումը կողմերին  և, հատկապես, թուրքական կողմին, կներկայացնենք ստորև։

 

ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ/ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

  • Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառեզրի արտաբերման կանխում – Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (առերևույթ) գնալով՝ Թուրքիան կարողացավ կանխել ԱՄՆ նախագահ (2009-2017թթ.) Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը։ Ներկայացնենք ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ Հայոց ցեղասպանության հարցում Բ․ Օբամայի դիրքորոշումը։ Դեռևս 2006թ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց genocide («ցեղասպանություն») բառեզրն օգտագործելու համար, Իլինոյսը ներկայացնող սենատոր (2005-2008թթ․) Բ․ Օբաման դատապարտեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի քաղաքականությունը․ «Հայերի ցեղասպանությունը ո՛չ պնդում է, ո՛չ էլ անձնական կարծիք կամ տեսակետ, այլ՝ պատմական վկայություններով արձանագրված փաստ»: 2008թ. քարոզարշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բ․ Օբաման խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մասնավորապես, 2008թ․ հունիսին Բ․ Օբաման վերահաստատեց իր դիրքորոշումը, համաձայն որի` ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանին հունիսի 16-ին հղած նամակում Բ․ Օբաման գրել է. «Ես համակարծիք եմ ձեզ հետ, որ ԱՄՆ-ը պետք է 1915-23թթ Օսմանյան կայսրության գործադրածը ճանաչի որպես ցեղասպանություն: Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգական իրողությունը: Աններելի է, որ Բուշի վարչակազմը հրաժարվում է դա անել, և ես շարունակելու եմ ջանքեր գործադրել, որպեսզի վարչակազմը փոխի իր դիրքորոշումը»:

2008թ. հունվարի 19-ին էլ Բ․ Օբաման ամերիկահայ համայնքին էր փոխանցել հայտարարություն, որում ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևը, ինչպես նաև վերստին խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում և վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը»[1]:   Եվ, վերջապես, 2008թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսին հղած ուղերձում Բ․ Օբաման նշել էր. «Հրամայական է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրականացված ահավոր գործողությունները որպես ցեղասպանություն։ Ես շարունակելու եմ սատարել ամերիկահայ համայնքին այն որպես այդպիսին ճանաչելու` Թուրքիային ուղղած կոչերում։ Անցյալ շաբաթ մենք ոգեկոչեցինք 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոտ երկու միլիոն հայեր տեղահանվել են, տեղահանվածներից շուրջ մեկուկես միլիոնը սպանվել է»։ Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով և պատմական բազմաթիվ ապացույցներով հաստատված փաստ է, Օբաման շարունակել է. «Ես խորապես անհանգստացած էի երկու տարի առաջ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հետ կանչվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելիս «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար: Ես պետքարտուղար Ռայսին կոչ արեցի մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, որը ես անհիմն եմ համարում: Ես շարունակելու եմ հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և հայ ժողովրդին հայտնում եմ իմ ցավակցությունները[2]:

Այսպիսով, ընտրարշավի ընթացքում Օբաման քանիցս վերահաստատեց իր դիրքորոշումը՝ խոստանալով ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահի կարգավիճակով իր առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում (2009թ.) Օբաման 1․5 միլիոն հայերի կոտորածը որակեց 20-րդ դարի մեծ նախճիրներից մեկը․ «Մեծ Եղեռնի զոհերին անհնար է վերադարձնել։ Սակայն վերջին 94 տարիներին հայության ներդրած ավանդը վկայում է հայ ժողովրդի տաղանդի, կարողությունների և տոկունության մասին, ինչպես նաև վերջնական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր փորձել են ոչնչացնել հայերին։ Ես մշտապես հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915թ. կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել: Ես մնում եմ շահագրգռված՝ հասնելու փաստերի լիակատար, անկեղծ և արդարացի ճանաչման»։

Ինչո՞ւ 2009թ․  ապրիլին արդեն ԱՄՆ նախագահ Բ․ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց։ Գլխավոր դրդապատճառներից մեկը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թափ հավաքող գործընթացն էր։ «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում 2008թ․ սեպտեմբերի 6-ին Երևան էր այցելել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ դառնալով Հայաստան այցելած Թուրքիայի առաջին (առայժմ միակ) նախագահը: 2009թ․ ապրիլի 16-17-ին Երևանում անցկացված ՍԾՏՀ արտգործնախարարների նիստին մասնակցել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, իսկ 2009թ․ ապրիլի 22-ին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզ»: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու «ճանապարհային քարտեզի» կնքումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցից ընդամենը երկու օր առաջ, և ում կարող էր ձեռնտու լինել։ Ակնհայտ է, որ այն յուրատեսակ նախերգանք էր ԱՄՆ նորընտիր նախագահ Բ. Օբամայի՝ ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձին, որի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը բնորոշեց հայերեն՝ «Մեծ եղեռն» (The Mets Eghern) տերմինով։ Թեև չենք կարծում, թե Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթում «ցեղասպանություն» եզրույթի բացակայության պատճառը միայն այդ «ճանապարհային քարտեզի» ստորագրումն էր (ԱՄՆ նախագահի պաշտոնում Բ․ Օբաման արդեն ստիպված էր մեծապես հաշվի առնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի կարևորությունը), սակայն դրա հետ մեկտեղ կարծում ենք, որ այդպիսով Օբամային հիանալի հնարավորություն ընձեռվեց «ջրից չոր դուրս գալու» համար։

Համակարծիք ենք 2009թ․ ապրիլի 25-ին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հայտնած մտքի հետ, որ  ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունն արդեն իսկ հստակ պատկերացում էր տալիս Օբամայի ասելիքի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայ-թուրքական վերոհիշյալ համատեղ հայտարարությունը, որին իր ուղերձում ուղղակիորեն հղում կատարեց Օբաման, որքանո՞վ վճռորոշ եղավ «ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու խնդրում, Կ․ Մանոյանը պատասխանել է. «Օբամայի հղումն այդ «ճանապարհային քարտեզ» կոչվածին, կարծում եմ, լավ պատրվակ էր նախագահ Օբամային, որպեսզի ինքը չասի: Ես չեմ կարծում, որ դա, պարզապես, միակ պատճառն էր, բայց նման փաստաթուղթը, մեր մեղսակցությամբ, հիմք տվեց արդարանալու, ասելու՝ ես չեմ ուզում խանգարել։ Նախ, ինչո՞ւ պետք է ապրիլի 22-ին ստորագրվեր: Ի՞նչ տարբերություն կլիներ, եթե, ասենք, ապրիլի 29-ին ստորագրվեր, մայիսի 8-ին ստորագրվեր»[3]: Ուշագրավ է, որ դրանից 12 օր առաջ (երբ կնքված չէր «ճանապարհային քարտեզը»)՝ 2009թ․ ապրիլի 13-ին, Կ․ Մանոյանը նշել էր․ «Ապրիլի 24-ին Օբաման կկատարի իր հանձնառությունը և  անպայման ցեղասպանության ճանաչումը կկատարի այնպես, ինչպես ինքը խոստացել էր մինչ նախագահ ընտրվելը, և որի մասին ինքն արդեն հայտարարեց Թուրքիայում, որ իր կեցվածքը չի փոխվի։ Եվ Թուրքիայում այդքանն ասող նախագահը, պարզ է, որ իր երկրում ավելի հանգիստ և ավելի ազատ կխոսի, հատկապես, երբ խոսում է իր քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ է, որ ինքը հանձն առել է, նրանց նկատմամբ է, որ ինքը խոստում է տվել»[4]։

Հիշեցնենք, որ 2009թ․ ապրիլի սկզբին Բ․ Օբաման այցելել էր Թուրքիա և այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Թուրքիայի խորհրդարանում էլ Բ․ Օբաման հայտարարել էր. «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում, կապված 1915թ. սարսափելի իրադարձությունների հետ։ Հայ և թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի համար` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը։ Ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` ԱՄՆ-ը միանշանակ սատարում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ։ Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը»[5]: Չնայած Բ․ Օբամայի այս համարձակ ելույթին՝ Los Angeles Times պարբերականն ապրիլի 7-ին գրեց, որ Բ․ Օբաման Թուրքիայի խորհրդարանում խուսափեց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց։

Ստացվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առջև «կանաչ լույս» վառելով` Թուրքիան առաջին հերթին տորպեդահարեց Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթներում «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումն ու հետագա հնարավոր քայլերը։ 2009թ․ ապրիլի 22-ին «ճանապարհային քարտեզի» կնքման առջև Հայաստանի կողմից «կանաչ լույս» վառելը լուրջ բացթողում էր, որը միաժամանակ դարձավ Թուրքիայի մարտավարական հաղթանակը։ «Ճանապարհային քարտեզի», ապա նաև ցյուրիխյան արձանագրությունների կնքումը մեծապես կանխորոշեցին ապրիլքսանչորսյան ելույթներում (և ընդհանրապես) Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելը։ Օբաման, ով ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ քանիցս կողմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, 2008թ․ նախագահական ընտրություններում ստացավ ԱՄՆ հայկական համայնքի աջակցությունը, սակայն երկրի նախագահ ընտրվելուց հետո այդպես էլ երբևէ իր ապրիլքսանչորսյան ուղերձներում չարտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը և 1915թ. հայերի կոտորածները հիմնականում անվանեց «Մեծ եղեռն»: Շատերը սպասում էին, որ Օբաման «ցեղասպանություն» կասի գոնե 2015թ․ (Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից), բայց ապարդյուն։

 

2) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դանդաղում – Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանում մի շարք կարծիքներ հնչեցին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձը որոշակիորեն վնասել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ 2011թ. ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը. «Դանդաղել է այն ստրատեգիայի պատճառով, որ աշխարհը, որը ժամանակին իսկապես գնում էր այդ խնդիրը ճանաչելու ուղղությամբ, երևի թե գտնում էր, որ ճիշտ է այդ ուղղությունը, այսօր երևի ավելի շատ հույսեր ունի, որ դա պետք է իսկապես լուծվի Հայաստան – Թուրքիա հարաբերություններում։ Բոլորն են հասկացել, որ դա հզոր քաղաքական լծակ է միջազգային քաղաքականության մեջ, և գուցեև այդ լծակն այսօր պետք չէ օգտագործել. պետք է թողնել կողմերին: Ինչ-որ վերաբերմունք է փոխվել»[6]:

2013թ. մայիսի 30-ին էլ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տվյալ թեմայի շուրջ հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին. «Իրո՞ք ֆուտբոլային դիվանագիտությունը վիժեցրել է Ցեղասպանության ճանաչումը։ Հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարբեր երկրների կամ մարմինների կողմից գրեթե դադարել է: Երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեցին, հնչեցին մեղադրանքներ իշխանության հասցեին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը վիժեցնում են: Մենք վերջին 10 տարվա կտրվածքով ունեցե՞լ ենք որևէ երկրի կողմից ցեղասպանության ճանաչում: 2007-ից գալիս է  ֆուտբոլային դիվանագիտությունը, 2010թ Շվեդիան ճանաչել է, 2011թ, 2012թ չենք ունեցել: Ի վերջո ժամանակը չէ՞, որ ԱԳՆ-ը խոստովանի, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» վիժեցրել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»[7]:

Նշենք, որ 2008թ-ից մինչև 2014թ․ ավարտը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր ընդունել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը (04․03․2010), Շվեդիայի խորհրդարանը (11․03․2010), Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները (27․11․2014)[8]։ Կարելի է հիշատակել նաև 2011-12թթ. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսելուն ուղղված օրենքի ընդունման առաջին փորձը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Թեև օրինագիծը հաջողություն ունեցավ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում (Ազգային ժողով, Սենատ) էլ, 2012թ. հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից՝ այն հիմնավորմամբ, թե դա սահմանափակում է խոսքի ազատությունը և այդ իմաստով չի կարող զուգահեռվել Հոլոքոստի ժխտման քրեականացման հետ:

Այս ամենը վկայում է, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կասեցվել։ Ամեն դեպքում հակված ենք կարծել, որ տվյալ գործընթացը կարող էր նոր թափ հավաքել Օբամայի կողմից այդ եզրույթն օգտագործելուց հետո։ Անկասկած ենք համարում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալը Թուրքիային մեծապես անհրաժեշտ էր նաև 2015թ. (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու (կասեցնելու) ռազմավարության շրջանակներում։ Չենք բացառում, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո մի շարք երկրներ հակվել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի ու Թուրքիայի սկսած այդ երկխոսության շրջանակներում թողնելուն՝ կարծելով, որ կարող են խանգարել այդ գործընթացը, եթե ընդունեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր։

Բացի այդ թուրքական կողմը հանդես եկավ նոր մոտեցումներով՝ շնորհիվ 2009թ․ մայիսին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ահմեթ Դավութօղլուի ջանքերի, ով տասնամյակներ շարունակ Թուրքիայում տեղ գտած «իրականում հայերն են թուրքերին կոտորել» հնացած թեզը փոխարինեց «համատեղ ցավ» և «արդար հիշողություն» նոր թեզերով, որոնցում չէր ժխտվում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանությունը, հայերի կողմից ցավեր ապրելը (2013թ․ Դավութօղլուն Երևանում հայտարարեց, որ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանությունը սխալ էր և հակամարդկային[9]

Այս բոլոր գործոնները հանգեցրեցին դեռևս 2011թ. դեկտեմբերին Hürriyet թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի կանխատեսումների չիրականացմանը. «Սառցաբեկորի գագաթնակետը կլինի 2015թ., երբ հարված կհասցվի Թուրքիային։ Ինչու՞ հենց 2015թ., որովհետև հենց այդ ժամանակ է լրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Հիշե՛ք այդ տարեթիվը։ Ամպրոպը կճայթի հենց այդ ժամանակ։ Մոտակա տարիներին նրանք պատրաստվում են հարվածել ինչպես փոթորիկ։ Ի՞նչ ենք մենք ձեռնարկում այս ամենի դեմ։ Ինչպես միշտ մենք փորձում ենք դրան հակազդել խիստ նամակներով ու սպառնալիքներով։ Մենք շեշտը դնում ենք Եվրոպայի համար մեր նշանակության, մեր ռազմավարական կարևորության վրա, սակայն ոչինչ չի փոխվում։ Այդպիսի մեթոդներն արդեն չեն ծառայում իրենց նպատակին։ Ավելին, 2015թ. մոտենալուն պես դրանք կդառնան առավել անօգտակար։ Թուրքիան պարտվել է ցեղասպանության դեմ իր պայքարում։ 100 տարվա ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է ավազի մեջ, չի քննարկել այդ հարցը և անգամ իր հասարակությանը պահել է տվյալ խնդրի շուրջ անիրազեկության մեջ։ Այս ողջ տարիներին Թուրքիան չկարողացավ միջազգային հանրությանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Գնացքն արդեն մեկնել է, մենք ուշացել ենք դրանից։ Միջազգային հանրությունը ճանաչել է ցեղասպանությունը և հավատացել հայերին։ Մյուս կողմից էլ հայերը պատրաստվում են եզրափակիչ վարագույրն իջեցնել 2015թ.։ ԱՄՆ Կոնգրեսից սկսած, նրանք պատրաստվում են աշխատել այդ ուղղությամբ և տվյալ գործընթացը հասցնել իր ավարտին։ Եթե Թուրքիան շարունակի դրա դեմ պայքարել ավանդական անհամոզիչ մեթոդներով, ապա նա չի կարողանա կանխել այդ ցունամին»[10]։

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, թուրքական իշխանությունները նույնպես հաշվի էին առել Բիրանդի նկատառումները և չէին պատրաստվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարել ավանդական անհամոզիչ մեթոդներով։ Արդյունքում, 2015թ. Թուրքիայի համար, ըստ էության, ոչ մի ցունամի էլ տեղի չունեցավ, և հայերն էլ չիջեցրեցին եզրափակիչ վարագույրը, ինչպես որ կանխատեսում էր Բիրանդը։ Եթե համեմատենք 2005թ․ (Հայոց ցեղասպանության 90-ամյակ) և 2015թ․, դրանց նախորդած և անգամ հաջորդած ժամանակաշրջանում արտերկրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերը, ապա կտեսնենք, որ 2015թ․ այդ համատեքստում զգալիորեն զիջում է 2005թ․, թեպետ տրամաբանության համաձայն՝ տվյալ թեմայի շուրջ մեծ ակտիվություն պետք է գրանցվեր հենց 2015թ․։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ 2015թ․ ու դրան նախորդած ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ոլորտում ակտիվության համեմատական պակասի միակ պատճառը ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումն է (պետք է հաշվի առնել նաև, որ 2015թ․ Թուրքիան քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորության պլանում չես համեմատի 2005թ․ Թուրքիայի հետ), սակայն կարծում ենք, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումն ամեն դեպքում բացասաբար է ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա՝ կապված արտերկրում դրանց ընկալման հետ, ինչի վկայություններից մեկն էլ մեր բերած հաջորդ կետն է։

 

3) Արտերկրում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների վրա բացասական ազդեցություն – Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը բացասաբար ազդեց արտերկրում ցեղասպանության թեմայով հրապարակումների վրա։ Միջազգային իրավունքի փորձագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն այդ կապակցությամբ նշել է, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման բացասական հետևանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. «Օրինակ, Կանադան և՛ խորհրդարանի (2002թ., 2004թ.), և՛ կառավարության մակարդակներով (2006թ.) ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Հետևաբար, 2004թ-ից հետո իրեն հարգող և ոչ մի լրատվամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանությունը ժխտող որևէ հոդված կամ հաղորդում։ Ավելին, երբ 2006թ. փետրվարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդեսում Հայոց ցեղասպանության հիշատակման, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդեսի խմբագրությունն առանց հայկական կողմի միջամտության գրեց, որ «ցեղասպանության եղելությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն կասկածի չի ենթարկվում։ Սակայն արձանագրությունները ստորագրելուց ընդամենը տասն օր անց նույն Embassy magazine-ը (21.10.2009) Գույնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակությամբ տպագրում է հոդված, որտեղ նշում է. «Հայաստանցի հայերը գործարքի մեջ են մտել՝ ստեղծելու համատեղ պատմական հանձնաժողով՝ որոշելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915թ.» (The Armenians back home have made a deal to create a joint historical commission to determine what actually happened in 1915)։ Հեղինակն իր հոդվածը միանշանակորեն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, «ցեղասպանություն չէր» (It was not a genocide): Մեկ այլ օրինակ՝ «Մետրո» (Metro) ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյուննեն (Per Gunne) հրաժարվել է տպագրել որևէ հոդված, որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլևս վստահ չէ՝ եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, թե՞ ոչ (are not sure that there was a genocide)։ Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ օրաթերթ՝ «Սվենսկա Դագբլադեթ»-ը (Svenska Dagbladet), որը հանձինս իր հայտնի լրագրող Բիտտե Համմարգրենի (Bitte Hammargren), այժմ միայն գործածում է «հայկական ջարդեր» (Armenian massacres) լրագրողական ձևակերպումը, և ոչ թե իրավական «ցեղասպանություն» եզրը։ Քաղաքականությունն էապես փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո»[11]:

Բնականաբար, կարող են լինել նմանատիպ այլ օրինակներ ևս։ Կարծում ենք, որ ներկայացված օրինակները վկայում են, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը բացասական ազդեցություն է ունեցել արտերկրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումների վրա, մինչդեռ թուրքական կողմն այդ ամենին զուգահեռ շարունակել է միլիոնավոր դոլարներ ծախսել երկրի ներսում և արտերկրում Հայոց ցեղասպանության եղելությունը ժխտող հրապարակումների վրա։ 2011թ. հունիսին թուրք պատմաբան  Թաներ Աքչամը Գլենդելում կայացած գիտաժողովի ժամանակ հայտարարեց, որ գաղտնիությունը պահպանելու պայմանով իրեն Ստամբուլից հայտնել են, որ հայերի ցեղասպանության փաստը մերժելուն պատրաստ գիտնականներին վճարվել են ահռելի գումարներ. «Եթե դուք աշխատեիք հայերի ցեղասպանության թեմայի շուրջ և օգտագործեիք այդ եզրույթը, միանգամից կկորցնեիք աշխատանքը: Սա էլ այն հիմնական պատճառն է, որ ոչ մի թուրք գիտնական չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը, չնայած կան այդ եզրույթն օգտագործող բազմաթիվ լրագրողներ և հասարակական գործիչներ: Եթե ես ցանկանայի աշխատել Թուրքիայում, ապա չէի կարողանա աշխատանք գտնել թուրքական ոչ մի համալսարանում: Դրանցից ոչ մեկն ինձ աշխատանքի չէր ընդունի, որովհետև դրանից հետո կսկսեին «ահաբեկել» կառավարությանը, հասարակությանը և ԶԼՄ-ներին»[12]։

 

4) ՀՀ-ի (ղեկավարության) ու Սփյուռքի միջև խնդիրների ստեղծում – Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը խնդիրներ ստեղծեց ՀՀ ղեկավարության ու Սփյուռքի միջև։ 2009թ․ հոկտեմբերի սկզբին մեկնարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը, որի շրջանակներում նախատեսված էին այցելություններ Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: ՀՀ նախագահի աշխատակազմը դրանից օրեր առաջ հայտնել էր, որ ուղևորության նպատակն է հանդիպել և լսել հայկական Սփյուռքի մոտեցումները, կարծիքներն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Ս․ Սարգսյանն էլ Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի գաղթօջախներ իր այցելության վերաբերյալ հայտարարել էր. «Ես վստահ եմ, որ ձեր օժանդակությունը, ձեր կամեցողությունը, որ նախատեսված այցելությունները լինեն համոզիչ, հետաքրքիր, ինձ հնարավորություն է տալիս մեր քույրերին և եղբայրներին արտասահմանում ներկայացնելու իմ համոզված կարծիքը, լսելու նրանց կարծիքները, ի վերջո` հաշվի առնելու և’ նրանց կարծիքը, և՛ ընդհանրապես, այն հանգամանքը, որ հայության մեծ մասն ապրում է արտասահմանում: Ես նպատակ չունեմ բոլորին համոզելու: Ես չեմ գնում համոզելու այդ մարդկանց, ես գնում եմ այդ մարդկանց լսելու և իմ կարծիքն ասելու»[13]: Ս․ Սարգսյանը համահայկական ուղևորության ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ էլ հայտարարել է․ «Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետև այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել` արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում»։

Ինչպես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին իր հոդվածում նշում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, Հայաստանի անկախության ընթացքում սա համարվում է թերևս ամենանշանակալի դեպքը, երբ ՀՀ իշխանությունները երկրի նախագահի մակարդակով փորձում էին երկրի արտաքին քաղաքականության իրականացման հարցում կարևորել Սփյուռքի դիրքորոշումը: Ս․ Սարգսյանի այս այցելությունը նպատակ ուներ տարհամոզել Սփյուռքին հայ-թուրքական հարաբերությունների հարցում՝ դա հիմնավորելով ստեղծված մի շարք սոցիալ-տնտեսական և քաղաքական անհրաժեշտություններով: 2009թ․ օգոստոսի 31-ին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի արձագանքը հիմնականում խիստ բացասական էր։ Հասկանալի է, թե ինչ էմոցիոնալ մոտեցում ունի Սփյուռքը ցեղասպանության հետ կապված հարցերում, և նման արձագանքը կանխատեսելի էր: Սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակները գտնում էին, որ ՀՀ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված՝ չպետք է անարգվի ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրա պատճառով Հայաստանի նախագահի վարչակազմն ու արտգործնախարարությունը ստիպված էին բացատրություն տալ Սփյուռքի ներկայացուցիչներին։ Սակայն հանդիպումները գրեթե չփոխեցին Սփյուռքի դիրքորոշումն այդ հարցում: Պաշտոնական Հայաստանը ևս չհրաժարվեց իր որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Սակայն Ս․ Սարգսյանի համահայկական ուղևորությունը մեր անկախ պետականության պատմության մեջ, թերևս, առաջին դեպքն էր, երբ փորձ էր արվում ՀՀ արտաքին քաղաքականության կոնկրետ դրվագում ընդհանրացնել և նույնացնել Հայաստանի և հայկական սփյուռքի դիրքորոշումները: Ս․ Սարգսյանի համահայկական ուղևորության ընթացքում նշված քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր: Կոշտ հայտարարություններով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, արձանագրությունների վավերացմանը դեմ արտահայտվեցին ՀՅԴ, Ռամկավար Ազատական և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ ու միավորումներ: ՀՅԴ-ը, որն այդ ժամանակ հանդիսանում էր հայաստանյան կոալիցիոն կառավարության մաս, դուրս եկավ կառավարության կազմից[14]:

Այս ամենը վկայում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձը և մասնավորապես նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների բնույթը որոշակի խնդիրներ ստեղծեցին ՀՀ-ի ու Սփյուռքի միջև։ Թուրքական կողմը շարունակ հայկական Սփյուռքին մեղադրում է «ՀՀ-ին թելադրելու համար», և նման բնույթի արձանագրությունների առաջքաշումը նրա համար լավ առիթ էր՝ փորձելու համար սեպ խրել ՀՀ-ի ու Սփյուռքի միջև։ Թուրքական կողմին քաջ հայտնի էր, թե ինչպիսին կլինի նման բնույթի արձանագրությունների և դրանք նախաստորագրած ՀՀ իշխանությունների հանդեպ Սփյուռքի դիրքորոշումը։ Ճիշտ է՝ Թուրքիայի իշխանություններին նույնպես քննադատեցին երկրի ներսում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձի համար, սակայն կարելի է ասել, որ նրանք սովոր էին ընդդիմության քննադատությունները լսելուն։ Ի տարբերություն ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի վարչապետը կամ նախագահը կարիք չունեցան իրականացնելու համաթուրքական արշավ՝ լսելու համար արտասահմանաբնակ միլիոնավոր թուրքերի կարծիքները ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ (բնականաբար, այստեղ գործ ունենք տարբեր իրավիճակների հետ, քանի որ արտերկրում միլիոնավոր հայերի ու թուրքերի հայտնվելու սկզբնական պատճառները միանգամայն տարբեր են)։ Հենց միայն այն, որ ՀՀ նախագահը, ըստ ամենայնի, հարկադրված եղավ իրականացնելու համահայկական արշավ, վկայում էր իրավիճակների անհամեմատելիության և հասկանալի պատճառներով ՀՀ ղեկավարության համար շատ ավելի լուրջ խնդիրների բախվելու մասին (Սփյուռքի կողմից)։

 

5) Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ հզոր խաղաքարտի ձեռքբերում – «Ֆուտբոլային դիվանագիտությունը», բնականաբար, խիստ բացասաբար ընդունվեց Ադրբեջանում, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու (սահմանը բացելու) դեպքում Թուրքիան տապալում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած «Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու» բազմամյա քաղաքականությունը։ Ստացվում էր, որ Ի․ Ալիևի այդ քաղաքականությունը տապալման վտանգի տակ էր հայտնվել «եղբայրական Թուրքիայի» դիրքորոշման պատճառով։ Եվ զարմանալի չէր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձն ուղեկցվեց Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում մի շարք խնդիրների առաջացմամբ՝ 2009թ․ հոկտեմբերին «Դրոշների պատերազմ» (երբ Բուրսայի մարզադաշտի աղբամանում հայտնվեցին Ադրբեջանի դրոշները) և դրա հետ կապված՝ Բաքվում նահատակների ծառուղիում թուրք զինվորների հուշահամալիրից Թուրքիայի դրոշների ժամանակավոր հանում,  2009թ․ ապրիլին Ստամբուլում անցկացված Քաղաքակրթությունների ալյանսի երկրորդ ֆորումի բոյկոտ Ի․ Ալիևի կողմից, Թուրքիայի համար ադրբեջանական գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ, ադրբեջանական SOCAR-ի ու ռուսական «Գազպրոմի» միջև գազի մատակարարման շուրջ բանակցություններ և այլն։ Այս ամենը, ինչպես նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցման դադարեցումը կարելի է գրանցել հայկական կողմի ակտիվում (թեպետ հետագա դեպքերը վկայեցին, որ Թուրքիան չէր շտապում ԲԹԿ-ի իր հատվածն ավարտին հասցնել, քանի դեռ Ադրբեջանի հետ չէր կարգավորել տնտեսական մի շարք խնդիրներ (Ադրբեջանի հետ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում, Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտու հիմնում), և դա այն դեպքում, որ ԲԹԿ-ը Թուրքիային անհրաժեշտ էր նաև Վրաստանի հետ երկաթուղային ուղիղ հաղորդակցություն հաստատելու և այդ համատեքստում ՀՀ-ից ունեցած տարանցիկ կախվածությունից ձերբազատվելու համար)։ Սակայն բանն այն է, որ այդ խնդիրները չստացան իրենց շարունակությունը։

Ընդ որում՝ ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձին մոտենալ նրբանկատորեն, որպեսզի չստացվի, թե միջամտում է Թուրքիայի ներքին գործերին․ նա հիշեցնում էր, որ «1993թ․ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ և հետևաբար նա այդ սահմանը չպետք է բացի, քանի դեռ չի կարգավորվել Արցախյան հիմնախնդիրը»։

Մենք չենք կարծում, թե Թուրքիայում չէին ենթադրել, որ Ադրբեջանի արձագանքը կարող էր լինել այդչափ բուռն։ Ընդհակառակը, կարծում ենք, որ թուրքական կողմը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի առջև «կանաչ լույս» վառելով, շեշտը դրել է հենց Ադրբեջանի այդ բուռն արձագանքի վրա՝ գիտակցելով, որ դրա միջոցով կկարողանա խոշոր զիջումներ պոկել Ադրբեջանից, որի նախագահը պատրաստ կլիներ Թուրքիային տալ ամեն բան, միայն թե վերջինս չտապալի «Հայաստանը շրջափակման մեջ խեղդելու» իր վաղեմի քաղաքականությունը։

Ադրբեջանական կողմն իր հերթին փորձում էր բանակցությունների, ակնարկների, քողարկված սպառնալիքների միջոցով Թուրքիային հասկացնել տալ, թե որքան բան նա կարող է կորցնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում։ Մասնավորապես, 2009թ․ ապրիլին՝ Ա․ Բաբաջանի երևանյան այցից օրեր անց, ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը հայտարարեց «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով նավթի մատակարարումները 1․9 անգամ մեծացնելու (մինչև 2․5 մլն տ) պլանների մասին (Ադրբեջանն իր նավթի մեծ մասը միջազգային շուկաներ է հասցնում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով)[15]։ 2009թ․ հունիսի վերջին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ադրբեջանական այցի շրջանակներում SOCAR-ն ու «Գազպրոմը» Բաքվում փաստաթուղթ ստորագրեցին ադրբեջանական գազի առուծախի պայմանագրի հիմնական կետերի վերաբերյալ։ Այդ ժամանակ Ի․ Ալիևը հայտարարեց, որ «Գազպրոմին» ադրբեջանական գազի մատակարարումները մեկնարկելու են 2010թ․[16]։ Բուն պայմանագիրը SOCAR-ի ու «Գազպրոմի» միջև Բաքվում կնքվեց 2009թ․ հոկտեմբերի 14-ին, դրա համաձայն՝ Ադրբեջանը 2010թ-ից «Գազջիգաբուլ-Մոզդոկ» խողովակաշարով 0․5 մլրդ մ3 գազ պետք է մատակարարեր ՌԴ-ին[17]։ Ընդգծենք, որ այս պայմանագրի ստորագրումը համընկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Թուրքիա, որի Բուրսա քաղաքում խաղարկվում էր «Թուրքիա-Հայաստան» ֆուտբոլային պատասխան հանդիպումը («դրոշների ճգնաժամ»)։ Այս ամենին զուգահեռ շարունակվում էին ադրբեջանական գազի գնի բարձրացման շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ, ըստ որի՝ այսուհետ Թուրքիան 1000 մ3 ադրբեջանական գազի համար վճարելու է 300$ (մինչդեռ ավելի վաղ նա «Շահ Դենիզ 1»-ի շրջանակներում արդյունահանված նույնչափ գազի համար վճարում էր 120$)[18]։

Այս ամենին հավելենք, որ WikiLeaks-յան բացահայտումների համաձայն՝ 2010թ. փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամս Բըրնսի հետ հանդիպման ժամանակ Ի. Ալիևը  դժգոհել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և սպառնացել է Թուրքիային զրկել ադրբեջանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Ի․ Ալիևը հայտարարել է, որ «եթե թուրքերը կառուցողականություն ցուցադրեն, ապա 2010թ․ կստորագրվի գազի տարանցման մասին համաձայնագիրը»՝ ընդգծելով նաև, որ խիստ զարմացած է ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցությունը զարգացնող Անկարայի վարքագծով: Բացի այդ Ի. Ալիևը դատապարտել է Էրդողանի «իսրայելական» քաղաքականությունը՝ նշելով, որ «մոդեռնացված իսլամական քաղաքականությունն» օգուտ չի բերելու Էրդողանին, իսկ Պաղեստինի Գազայի հատվածն օրինականացնելու ՀԱՄԱՍ-ի ջանքերն էլ լայն աջակցություն չեն ստանալու: Ալիևի այդ խոսքերը մեծ աղմուկ բարձրացրեցին թուրքական մամուլում, ուր հայտնվեցին «Ադրբեջանը Թուրքիային դանակահարեց թիկունքից», «Չեմ կարող ընդունել Թուրքիայի էներգետիկ հանգույց դառնալը», «Եղբայր երկրից` ցնցող խոսքեր» վերտառությամբ հոդվածներ (Ալիևը, բնականաբար, հերքեց WikiLeaks-յան հրապարակումները)[19]։

Այս ընթացքում Թուրքիան էլ իր հերթին էր ճնշումներ գործադրում Ադրբեջանի վրա, որոնք ուժգնացան թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից հետո։ 2011թ. սեպտեմբերի 19-ին Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն Ադրբեջանից պահանջեց վերանայել Իսրայելի հետ սերտ հարաբերությունները` ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի պատճառով 18 տարի շարունակ փակ է պահում հայ-թուրքական սահմանը։ Քըլըչի խոսքերով՝ Թուրքիայի խնդիրը պետք է դառնա նաև Ադրբեջանի խնդիրը[20]: Սակայն ողջ մուսուլմանական աշխարհում Իսրայելի հետ, թերևս, ամենաջերմ հարաբերություններն ունեցող Ադրբեջանն անարձագանք թողեց Թուրքիայի այդ պահանջը: Ուշագրավ է, որ ընդամենը 5 օր անց Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ վերադարձրեց օգոստոսի 22-ին անվավեր ճանաչված[21] հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքիայի խորհրդարանն այդ օրն իր հերթական նստաշրջանի օրակարգից հանել էր 898 օրինագիծ, այդ թվում նաև՝ ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հարցը (2011թ. հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ): Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում և կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում: Սակայն նախարարների խորհուրդն ու պատգամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ: Եվ ահա սեպտեմբերի 24-ին Էրդողանի գլխավորած Նախարարների խորհուրդը կրկին Թուրքիայի խորհրդարան ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները[22]:

Այս ամենը նշանակում էր, որ Թուրքիան չէր ցանկանում մի կողմ դնել Ադրբեջանի նկատմամբ իր բավական ազդեցիկ այդ լծակը, նրան շանտաժի ենթարկելու տվյալ գործիքը։ Եվ պատահական չէր, որ Հ․ Քըլըչն ադրբեջանական կողմին հիշեցնում էր, որ Թուրքիան հանուն Ադրբեջանի արդեն 18 տարի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, այսինքն` որոշակի գին է վճարում դրա համար և դրա հետ մեկտեղ ակնարկում էր, որ եթե Ադրբեջանը ցանկանում է իր ջերմ հարաբերությունները շարունակել Իսրայելի հետ և որ Թուրքիան աչք փակի դրա վրա, ապա Ադրբեջանը պետք է գին վճարի դրա համար։ Իրականում Էրդողանն այնքան էլ շահագրգռված չէր Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների համակողմանի վատթարացմամբ, նրան ավելի շուտ անհրաժեշտ էր տվյալ խնդրի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը՝ արաբական աշխարհի համակրանքը շահելու և իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու փորձի համար։ Հակառակ դեպքում 2015թ․ վերջին թուրքական մամուլը չէր հայտնի, որ վերջին 4 տարում (թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակ) կրկնապատկվել է Թուրքիայի ու Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ծավալը՝ գերազանցելով 5.5 մլրդ դոլարը[23], իսկ 2013թ. ամռանն Իսրայելի ՊՆ Զենքի արտահանման վարչության (SIBAT) պետ Շեմայա Ավիելիին չէր հայտարարի, որ ճգնաժամի տարիներին Թուրքիա իսրայելական զենքի արտահանումը երբեք էլ կանգ չի առել, այն շարունակվել է Իսրայել պետության շահերի պաշտպանությամբ[24]:

Թուրքիան այդպիսով հասկացնել էր տալիս, որ Ադրբեջանը պետք է իրեն լուրջ գին վճարի նրա համար, որպեսզի չգնա ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը (սահմանի բացմանը), ինչպես նաև աչք փակի Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների ջերմացման շարունակման վրա։ Եվ Ադրբեջանը վճարեց այն։ Այստեղ կցանկանայինք առանձնացնել երկու հիմնական գործոն․

 

ա) Star նավթավերամշակման գործարան – Թուրքիայի խորհրդարան հայ-թուրքական արձանագրությունների վերադարձից գրեթե ուղիղ մեկ ամիս անց՝ 2011թ․ հոկտեմբերին, Իզմիրում մեկնարկեց Star նավթավերամշակման գործարանի մեկնարկը, որը շահագործման հանձնվեց 7 տարի անց՝ 2018թ․ հոկտեմբերին։ Այն ունակ է տարեկան վերամշակել 10 մլն տ նավթ, ինչպես նաև արտադրել 5 մլն տ դիզվառելիք՝ ապահովելով տվյալ ոլորտում Թուրքիայի կարիքների 20%-ը։ 2017թ․ Թուրքիայում դիզվառելիքի պահանջարկը կազմել է 24 մլն տ, ակնկալվում է, որ 2019թ․ այդ ցուցանիշը հասնելու է 25 մլն տ-ի։ Նախորդ տարվա պահանջարկի 10․5 մլն տ-ն ապահովվել է ներքին արտադրության հաշվին, իսկ 13 մլն տ-ը, այսինքն` սպառված դիզվառելիքի ավելի քան 50%-ը ներկրվել է։ Եվ ահա Star-ը հնարավորություն կընձեռի դիզվառելիքի ներկրումը կրճատել մինչև 40%-ի և անգամ ավելի։

Ակնկալվում է, որ Star-ն արտադրելու է տարեկան 1․6 մլն տ ավիացիոն վառելիք և այդպիսով ամբողջովին բավարարելու է ավիացիոն վառելիքի ոլորտում Թուրքիայի կարիքները։ Star-ն օգնության է հասնում ճիշտ ժամանակին, քանի որ Ստամբուլում նոր (խոշորագույն) օդանավակայանի բացումն ու զբոսաշրջիկների ուժգնացող հոսքը հանգեցնելու են ավիավառելիքի սպառման կտրուկ աճին։ Star-ն արտադրելու է նաև 1․6 մլն տ լիգրոին և 300․000 տ հեղուկ գազ։  Թուրքիան տարեկան սպառում է 3․7 մլն տ LPG (հեղուկ նավթային գազ), որի 80%-ը ներկրվում է։ Star-ի շահագործման հանձնումից հետո այդ ցուցանիշը նվազելու է մինչև 70%-ի։ Նոր գործարանը տարեկան արտադրելու է 160․000 տ ծծումբ և այդպիսով ծծմբով ապահովելու է երկրում գործող Petkim միակ նավթաքիմիական համալիրը (բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51%, պատկանում է SOCAR Turkiye Enerji ընկերությանը)։ Star-ը բավարարելու է Petkim-ի հիմնական հումքի՝ նավթի պահանջարկը, դրանով իսկ կվերանա ներկրումից Petkim-ի կախվածությունը, կկրճատվեն տրանսպորտային ծախսերը։ Petkim-ն այդպիսով կապահովվի էժան հումքով, ինչը, բնականաբար, կմեծացնի նրա մրցունակությունը շուկայում և դրականորեն կազդի նրա եկամուտների վրա։ Այդպիսով Star-ն ապահովելու է նավթամթերքների ոլորտում Թուրքիայի կարիքների ավելի քան 25%-ը և նվազեցնելու է էներգակիրների ներկրումից Թուրքիայի կախվածությունը։ Թուրքիայի արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վառնաքի խոսքերով՝ Star-ը Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատի տարեկան 1․5 մլրդ $-ով։

Star-ը կարևոր դեր ունի նաև աշխատատեղեր ապահովելու համատեքստում։ Գործարանի կառուցման մեջ ներգրավվել է աշխարհի 14 երկրների 19․500 մասնագետ։ Շահագործման հանձնումից հետո գործարանում աշխատելու է 1100 մարդ։ Նախագծում ներդրումները կազմել են 6․3 մլրդ $, որով Star-ը դարձավ Թուրքիայի պատմության մեջ մեկ նախագծում մասնավոր սեկտորի կատարած խոշորագույն ներդրում։ Շահագործման հանձնումից հետո Star նավթավերամշակման գործարանը հայտարարվել է Թուրքիայի առաջին մասնավոր ինդուստրիալ գոտի։ Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը։ Star-ն ընդգրկվել է Եվրոպայի նավթավերամշակման գործարանների առաջատար եռյակում և դարձել նավթավերամշակման սեկտորում Եվրոպայի ամենաժամանակակից օբյեկտը: Թուրք տնտեսագետ Թայլան Բույուքշահինի խոսքերով՝ Star-ը բացառիկ կարևոր նախագիծ է թուրքական տնտեսության համար․ «Թուրքիային չեն բավականացնում նավթաքիմիական ու նավթավերամշակման ձեռնարկությունները։ Star-ը թույլ կտա կրճատել թուրքական ներկրման ծավալները, այլ կերպ ասած՝ թույլ չի տա արտարժույթի արտահոսք։ Դրա համար էլ Star-ը Թուրքիայի համար ներկայացնում է ռազմավարական կարևորություն։ Թուրքիայի արտաքին առևտրի մեծ դեֆիցիտը հիմնականում կապված է հենց էներգոներկրման հետ։ Այս նախագիծը կդառնա նաև բարոյական աջակցություն Թուրքիայի համար, որը վերջին շրջանում հայտնվել է տնտեսական բարդ իրավիճակում։ Star-ը դարձավ տևական դադարից հետո Թուրքիայի ծանր արդյունաբերությունում արված առաջին ներդրումը, ինչի համար էլ այն ներկայացնում է յուրահատուկ կարևորություն»[25]։

Ի դեպ, ադրբեջանական կողմը չի պատրաստվում բավարարվել այսքանով։ 2018թ․ օգոստոսին SOCAR Turkiye Enerji-ի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարեց, որ 2019թ․ հունիսին Իզմիրի նահանգում մեկնարկելու են նոր նավթաքիմիական համալիրի կառուցման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի 2022թ․ վերջին կամ 2023թ․ սկզբին և Թուրքիային հնարավորություն կընձեռի 40%-ով կրճատել նավթաքիմիական արտադրանքի ներկրումը[26]։

 

բ) «Անդրանատոլիական» գազատար (TANAP)Թուրքիայի խորհրդարան հայ-թուրքական արձանագրությունների վերադարձից երկու ամիս էլ չանցած՝ 2011թ․ նոյեմբերի 17-ին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց Թուրքիայի տարածքում «Անդրանատոլիական» գազատարը կառուցելու մտադրության մասին։ Դա տեղի ունեցավ Ստամբուլում անցկացված Սևծովյան Տնտեսական ու էներգետիկ երրորդ ֆորումի շրջանակներում։ 2011թ․ դեկտեմբերի 26-ին էլ Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին գազամուղի կառուցման ու շահագործման համար փոխըմբռնման հուշագիր[27]։ Գազատարի կառուցման վերաբերյալ բուն համաձայնագիրը Ստամբուլում ստորագրվեց 2012թ․ հունիսի 26-ին, որին ներկա էին Էրդողանն ու Ալիևը[28]։  Նշենք, որ TANAP գազատարի կառուցումը նախաձեռնել են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք բավականին երկար սպասեցին ԵՄ-ի աջակցությունը վայելող Nabucco գազատարի կառուցմանը, որի ձգձգման հետևանքով երկու երկրները որոշեցին սեփական ուժերով ադրբեջանական գազը հասցնել թուրք-եվրոպական սահման։ 1850 կմ երկարությամբ TANAP գազատարը ձգվում է Թուրքիայի արևելքից (Վրաստանի սահման) դեպի արևմուտք (Հունաստանի սահման), այն ադրբեջանական (կասպյան) գազը կհասցնի ԵՄ՝ որոշակիորեն նվազեցնելով ՌԴ-ից նրա ունեցած գազային կախվածությունը (TANAP գազատարի շարունակությունը հանդիսանալու է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարը)։ Սկզբնական փուլում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 մլրդ մ3, որից 6 մլրդ մ3-ը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ 10 մլրդ մ3-ը՝ Եվրոպայի համար (այդպիսով Ադրբեջանը կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանը)։ Թուրքիան տեսականորեն հնարավորություն ունի հետագայում, հնարավոր է՝ հաջորդ տասնամյակում վերածվելու գազային խոշոր միջանցքի, միգուցե նաև աշխարհի խոշորագույն գազային միջանցքի, երբ նրա տարածքով Եվրոպա կարող է փոխադրվել միանգամից 10 երկրի (ՌԴ, Ադրբեջան, Իրան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Իրաք, Իսրայել, Կիպրոս, Կատար, Եգիպտոս) գազ։ Ընդ որում՝ Թուրքիայի տարածք հասնելու դեպքում այդ երկրների գազը ԵՄ պետք է ուղարկվի հենց TANAP գազատարով։ Գազային խոշոր միջանցք դառնալն էապես կմեծացնի Թուրքիայի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական նշանակությունը, պահանջարկը բազմաթիվ երկրների շրջանում, ԵՄ-ին ու գազի պաշարներով հարուստ տարածաշրջանային երկրներին, այդ թվում նաև ՌԴ-ին տարանցիկ կախվածության մեջ կդնի Թուրքիայից, մեծապես կնվազեցնի առաջին գազամատակարար ՌԴ-ից Թուրքիայի գազային կախվածությունը և վերջինիս հնարավորություն կտա ՌԴ-ի հետ խոսել ավելի կոշտ դիրքերից, էապես կազդի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա, և Թուրքիան հետագայում կարող է փորձել էներգետիկ շանտաժի ենթարկել Բրյուսելին, ինչպես նաև հանդես գալ իր տարածքով անցնող գազ վերավաճառողի դերում։ Գազային խոշոր միջանցք դառնալու դեպքում զգալիորեն կբարդանա Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Թուրքիայում այլ երկրներից եկող գազատարների պայթեցումը, քանի որ այդ խողովակաշարերն արդեն նախատեսված կլինեն ոչ թե միայն Թուրքիայի, այլև՝ ԵՄ-ի գազային կարիքներն ապահովելու համար։ Իսկ դա նշանակում է, որ եթե հետագայում PKK-ը Թուրքիայի տարածքում պայթեցնի դրանք, ապա կարժանանա ԵՄ-ի (Արևմուտքի) խիստ քննադատությանը[29]։

Թուրքիան TANAP գազատարի նախագծի իրագործմամբ կարևոր քայլ կատարեց տարածաշրջանում գազային հանգույց դառնալու ուղղությամբ և կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը որոշի սեփական գազը ԵՄ ուղարկել հենց Թուրքիայի տարածքով (գաղտնիք չէ, որ ՌԴ-ը պատրաստ էր 2010թ․ հունվարից գնել Ադրբեջանի ողջ «ավելցուկային» գազը և «Հարավային հոսք» գազատարով այն ուղարկել դեպի ԵՄ)։ Ադրբեջանն էլ իր հերթին ապահովեց տարանցիկ հնարավորություններ իր գազը Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ ուղարկելու համար։ Ընդգծենք, որ TANAP գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (51%) պատկանում է SOCAR-ին (ավելի վաղ այդ ցուցանիշը կազմում էր 80%)։ Հատկանշական է, որ թուրքական կողմի խնդրանքով՝ TANAP գազատարի շահագործման հանձնումը տեղի ունեցավ սահմանված ժամկետից ավելի շուտ՝ 2018թ․ հունիսի 12-ին[30], այսինքն` հունիսի 24-ին Թուրքիայում նշանակված արտահերթ խորհրդարանական ու նախագահական չափազանց կարևոր ընտրություններից առաջ։ Դա նշանակում է, որ Ի․ Ալիևն այդպիսով նպաստեց Էրդողանի իմիջի բարձրացմանը և հավելյալ քվեներ ստանալուն։

Այսպիսով, ցյուրիխյան արձանագրությունների շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ծագած տարաձայնությունները հանգեցրեցին երկու երկրների միջև հարաբերությունների վերաիմաստավորմանը։ Չնայած երկկողմ տարաձայնություններին՝ երկու կողմն էլ արդյունքում հասկացան, որ հարաբերությունների հետագա վատթարացումը չի բխում որևէ կողմի շահերից, որ կա երկուստեք (փոխադարձ) կախվածություն։ Թուրքիան կշեռքի նժարներից մեկի վրա դրեց Հայաստանը՝ նրանից ստացվելիք հնարավոր օգուտները, իսկ մյուս նժարին՝ Ադրբեջանը՝ նրանից ստացվող և ստացվելիք հնարավոր օգուտները, և տեսավ, որ Ադրբեջանն անհամեմատ օգուտներ կարող է տալ իրեն։ Եվ Թուրքիան, բնականաբար, պատրաստ չեղավ վճարել այն գինը, որը նրա համար կարող էր արժենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարագայում։ Արդյունքում կարելի է ասել, որ Թուրքիան Հայաստանին ներկայացրած իր երեք հայտնի նախապայմաններից սկսեց առաջնային պլան մղել, ավելի շատ շեշտել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Այդպիսով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տնտեսական երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի կարևորվեցին և շարունակեցին մնալ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների գլխավոր բաղադրիչների թվում (2010թ․ սեպտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին)։

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան բավական լուրջ հաջողություններ գրանցեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի առջև «կանաչ լույս» վառելով, սակայն միաժամանակ նաև գործընթացը մինչև իր տրամաբանական ավարտին չհասցնելով։ Ավելին, Թուրքիան այդ ճանապարհին ստացավ շատ ավելի մեծ օգուտներ, քան կարող էր ստանալ Հայաստանի հետ հարաբերությունները հիրավի կարգավորելու դեպքում։ Մեր կողմից մատնանշված 5 կետերի թվում Թուրքիայի լրջագույն ձեռքբերումներ ենք համարում առաջին և հինգերորդ կետերը, որոնք առնչվում են ԱՄՆ-ին ու Ադրբեջանին։ Կարծում ենք, որ Թուրքիան հիմնականում այդ նպատակներին հասնելու համար էր «կանաչ լույս» վառել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի առջև, թեև հասկանալի է, որ 2008թ․ օգոստոսյան պատերազմը լրջորեն մտահոգել էր նաև Թուրքիային՝ կապված Ադրբեջանից եկող ենթակառուցվածքային նախագծերի (ԲԹՋ, ԲԹԷ, ԲԹԿ) գործունեության պահպանման հետ, և Հայաստանն այդ համատեքստում դիտարկվում էր պահեստային տարբերակ (կարծում ենք, որ Թուրքիան շարունակում է հաշվի առնել Հայաստանի կարևորությունը՝ Վրաստանում քաոսային կամ պատերազմական իրավիճակների հնարավոր առաջացման համատեքստում)։ Արդեն նշվեց, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձն օգտագործելով, հիշեցրեց, որ ունի լուրջ լծակ Ադրբեջանի նկատմամբ, և վերջինս պատրաստակամ գտնվեց վճարելու բավական բարձր գին Թուրքիային դրանից հետ պահելու համար։ Հավատացած ենք, որ այս փորձը կարող է մեզ համար ուսանելի լինել այն պարագայում, եթե հետագայում նույնպես նախաձեռնվի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ, կամ էլ, եթե Թուրքիան ինքը նախաձեռնի դա։ Այսինքն, եթե առաջիկայում տեղի ունենա նման փորձ, ապա չենք բացառում, որ Թուրքիան վերստին կարող է օգտագործել այն՝ Ադրբեջանից կարևոր զիջումներ ստանալու նպատակով։ Ամեն դեպքում Ա․ Գյուլի երևանյան այցից 10 տարի անց գործ ունենք մեկ այլ՝ «մեկ մարդու» ռեժիմով (Էրդողանի) Թուրքիայի հետ, ուր վերացվել է երկգլուխ կառավարումը, և բարդ է պատկերացնել, որ Էրդողանը մի օր անկեղծ կցանկանա հարաբերությունները կարգավորել ՀՀ-ի հետ (կան կարծիքներ, որ Էրդողանը ժամանակին նախ դեմ է եղել Ա․ Գյուլի երևանյան այցին, ապա չի ցանկացել, որ հաջողության դեպքում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման դափնիները բաժին ընկնեն Ա․ Գյուլին)։

Թեպետ ՀՀ-ը 2018թ․ մարտի 1-ին առոչինչ է հայտարարել ցյուրիխյան արձանագրությունները և թվում է, թե այդ համատեքստում թուլացրել է Թուրքիայի դիրքերն Ադրբեջանի հետ «դիմակայությունում», այնուամենայնիվ, ի սկզբանե հասկանալի էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կարող էր (կարող է) բացել նաև առանց այդ արձանագրությունների վավերացման (ամեն դեպքում, եթե Թուրքիան կարող է միակողմանի վերաբացել ՀՀ-ի հետ սահմանը, ապա ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկկողմ գործընթաց է)։ Այնպես որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների բնույթը շարունակում են մնալ Թուրքիայի զինանոցում, որն իր համար հարմարավետ պահի կարող է փորձել վերստին գործի դնել դրանք (Ադրբեջանի ու Իսրայելի սերտ կապերը շարունակվում են, Իսրայելին մշտապես քննադատելու Էրդողանի «դատապարտվածության» գործոնը պահպանվում է)։

Եվ վերջապես նշենք, որ համակարծիք չենք այն պնդումների հետ, թե Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, թեև Ադրբեջանը, բնականաբար, լուրջ խոչընդոտ է տվյալ հարցում։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի լծակները շատ ավելի ծանրակշիռ են, քան՝ ընդհակառակը։ Մասնավորապես, եթե Թուրքիայի ու Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումից հետո Ադրբեջանը դադարեցնի նավթի ու գազի մատակարարումները Թուրքիային, ապա դա «մահացու հետևանքներ» չի կարող ունենալ թուրքական կողմի համար՝ անկախ բոլոր անցանկալի հետևանքներից։ Ադրբեջանը չի մտնում Թուրքիայի  նավթամատակարար երկրների առաջատար հնգյակում, Թուրքիան կարող է ադրբեջանական նավթի հնարավոր կորուստը փոխհատուցել այդ հնգյակից (Իրաք, ՌԴ, Իրան, Հնդկաստան, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա) նավթի մատակարարման մեծացմամբ։ Գազի ոլորտում թեև իրավիճակն այլ է, սակայն Թուրքիան կարող է նման իրավիճակում մեծացնել ՌԴ-ից ու Իրանից, նաև Իրաքից գազի մատակարարումները՝ այդ թվում նաև նոր խողովակաշարեր կառուցելով (ամեն դեպքում Թուրքիան ամենաէժան գնով գազը գնում է հենց Ադրբեջանից և նրա համար կարևոր է էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացումը)։ Թուրքիայում ադրբեջանական ներդրումների հնարավոր կասեցումը նույնպես Թուրքիայի համար չի կարող ունենալ անդառնալի հետևանքներ, թեպետ դրանք բավական կարևոր են թուրքական կողմի համար։ Այդպիսով ընդունելով հանդերձ, որ Ադրբեջանը կարող է տնտեսական լուրջ խնդիրների առջև կանգնեցնել Թուրքիային՝ այնուամենայնիվ, համարում ենք, որ Թուրքիան ունակ է հաղթահարել դրանք և համապատասխան այլընտրանքներ գտնել։ Մինչդեռ իրավիճակը կատարելապես այլ է հարցին հակառակ կողմին նայելիս։ Ինչպես արդեն նշվել է, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը (առանց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում լուրջ տեղաշարժերի) կնշանակի «Հայաստանը շրջափակման մեջ խեղդելու» Ի․ Ալիևի բազմամյա քաղաքականության տապալում, որին (Թուրքիային) այլընտրանք Ադրբեջանը չի կարող գտնել (եթե չհաշվենք այն, որ Թուրքիան հետագայում որևէ պատրվակով կարող է վերստին փակել Հայաստանի հետ հնարավոր բաց սահմանը)։ Հաշվի առնելով, թե Ադրբեջանն ինչպիսի խանդով է վերաբերվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին ընկած ցանկացած քայլին, մանրուքին (օրինակ, Հայաստանի ու Թուրքիայի քաղաքների միջև նոր ավիաչվերթների բացմանը)՝ կարելի է չկասկածել, որ Ադրբեջանը (Ի․ Ալիև) հետագայում էլ կփորձի ամեն կերպ «կերակրել» թուրքական կողմին նրան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, մի նոր «ցյուրիխյան արձանագրություններից» ամեն գնով հեռու պահելու համար։ Հակառակ պարագայում Թուրքիան կարող է ցանկության դեպքում կործանարար հարված հասցնել Հայաստանի հանդեպ Ի․ Ալիևի այդ քաղաքականությանը։ Խնդիրն այն է, թե Թուրքիան, երբ և էլ ինչպիսի խոշոր զիջումներ կցանկանա ստանալ Ադրբեջանից։

Մեր կարծիքով՝ դրանք կարող են չսահմանափակվել սոսկ տնտեսական ոլորտով և առնչվել նաև Նախիջևանի հանդեպ Թուրքիայի հայտնի հավակնություններին (2017թ. հունվարի 5-ին Էրդողանը, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, կարևորել էր անդրսահմանային տարածքների դերը․ «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում, ոչ թե Գազիանթեփում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Արդվինում, այլ Բաթումիում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում»)[31]։

 

 

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

 

[1] Բարաք Օբաման հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը, «Ազատություն» ռադիոկայան, 18.06.2008թ.

[2] Օբաման շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, «Ազատություն» ռադիոկայան, 30.04.2008թ.

[3] Կիրո Մանոյան. «Մեր մեղսակցությամբ հիմք տրվեց արդարանալու», «Ազատություն» ռադիոկայան, 25.04.2009թ.

[4] Կ. Մանոյան. «Ապրիլի 24-ին Օբաման կկատարի իր հանձնառությունը», Հետք, 13.04.2009թ.

[5] Տաթև Հովհաննիսյան, Սիրանուշ Եղիազարյան, Մարի Թարյան, Նարինե Դանեղյան, Սիրանուշ Սիմոնյան, Լենա Գևորգյան, Մարիամ Մանոյան, Պարզաբանում. Օբամայի 8 տարիները և հայկական թեմաները, Մեդիամաքս, 19.01.2017թ.

[6] Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը «դանդաղել է», «Ազատություն» ռադիոկայան, 25.04.2011թ.

[7] ԱԳՆ-ը խոստովանում է՝ Թուրքիան վիժեցրեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը , «Առավոտ», 30.05.2013թ.

[8] Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտ, Ճանաչում-Պետություններ

[9] Դավութօղլու. «Հայերի դեպորտացիան հակամարդկային էր», «Ազատություն» ռադիոկայան, 25042011թ.

[10] Mehmet Ali Birand, Türkiye’deki, 70 bin Ermeniyi vatandaş yapın…, Hürriyet, 27.12.2011թ.

[11] Արա Պապյան, Արձանագրությունների առաջին պտուղները, Հետք, 26․10․2009թ.

[12] Jack Grove, Can we ever know the truth about the Armenian ‘genocide’?, Times Higher Education, 22.09.2011

[13] Մեկնարկում է Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը, «Ազատություն» ռադիոկայան, 01102009թ.

 

[14] Էդգար Հովհաննիսյան, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը 2008-2016թթ., Նորավանք ԳԿՀ, 12.12.2016թ.

[15] SOCAR удвоит в 2009 году объем транспортировки нефти по трубопроводу Баку-Новороссийск, Интерфакс-Азербайджан, 28.04.2009

[16] Gazprom and SOCAR sign Agreement on Azerbaijani gas purchase and sale terms, www.gazprom.com, 29.06.2009թ.

[17] Азербайджан и «Газпром» подписали контракт по газу на 2010 год, Кавказский Узел, 14.10.2009թ.

[18] Azerbaycan’dan ekstra doğalgaz faturası, Dünya Bülteni, 06.02.2010.

[19] Հայկ Գաբրիելյան, Իսրայելի գործոնը Հայաստանի ու Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերություններում, Սքան Նյուզ, 19.05.2018թ.

[20] Посол: «Азербайджан должен пересмотреть отношения с Израилем», 1news.az, 19.09.2011.

[21]Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչվեցին Թուրքիայի խորհրդարանի կողմից, Hay News, 22.08.2011.

[22] Անկարան խորհրդարան վերադարձրեց հայ–թուրքական արձանագրությունները, Tert.am, 24.09.2011.

[23] İsrail ile ticaret iki kat arttı, Hürriyet, 26.11.2015.

[24] İsrail’in Türkiye’ye silah satışı hiçbir zaman durmadı!, Hürriyet, 24.07.2013.

[25] Dev yatırım Star Rafinerisi yarın açılıyor, Hürriyet, 18.10.2018.

[26] SOCAR to start construction of new petrochemical complex in Turkey, AZERNEWS, 07.08.2018.

[27] TANAP mutabakat zaptı imzalandı, İHA, 26.12.2011.

[28] TANAP anlaşması imzalandı, Dünya Gazetesi, 26.06.2012թ.

[29] Հայկ Գաբրիելյան, Գազային խոշոր միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարը, ՄԱՀՀԻ, 18.03.2017թ.

[30] Trans Anadolu Doğalgaz Boru Hattı (TANAP) açıldı, NTV, 12.06.2018թ.

[31] “We Have to Eliminate Threats to Our Country at the Source”, Residency of the Republic of Turkey, 05.01.2017.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31