Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է Հասմիկ Սարգսյանի բողոքի քննությունը հատուկ քննչական ծառայության որոշման դեմ

Դեկտեմբեր 19,2018 12:39

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը  եւ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ներկայացրեցին 4000 դրամ գողության համար հինգ տարվա դատապարտված Հասմիկ Սարգսյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության որոշման եւ գլխավոր դատախազությամբ «վավերացրած» հսկողությունն իրականացած դատախազի որոշման դեմ: Իրավապաշտպաններն ասացին, որ Սիսիանի ոստիկանների խոշտանգումների սպառնալիքներով ձեռք բերված  Հասմիկ Սարգսյանի ցուցմունքի հիման վրա դատավճիռ է կայացվել, նախաքննությունն իրականացվել է ոստիկանների լիազորությունների չարաշահման պայմաններում:

Հասմիկ Սարգսյանը դատապարտվել է 10 հազար դրամ գողության համար, մինչդեռ  նախաքննության ժամանակ հայտնել է, նաեւ մարզի դատարանում, որ գողացել է 4 հազար դրամ: Ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանության բաժնում միակ ականատեսը Հասմիկի անչափահաս  դուստրն  է եղել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունը ձեւական է վարել ոստիկանների դեմ նախաքննությունը, չի լսել երեխային, իսկ տուժողի կարգավիճակ ստացած Հասմիկին  հաճախ սպառնացել են Սիսիանից Երեւան ցուցմունք տալու համար չգալու դեպքում բերման ենթարկել, այն դեպքում, երբ տուժողը հնարավորություններ չի ունեցել:

«Սիսիանի ոստիկանության պետի մոտ տարան, ասացին, գրի, գործը կկարճվի«,-ասաց Հասմիկ Սարգսյանը, որն ասաց, որ իր երեխան էլ սթրես է տարել, երբ տեսել է, թե ինչպես են իրեն սպառնում «քանոնը բերանը մտցնել, որ ցուցմունք տա», անգամ հոգեբանի մոտ էր տարել երեխային: Նա խնդրեց նախագահող դատավոր Բալայանից, որպեսզի երեխային կանչեն դատարան, ցուցմունք տալու, ինչին դատավորը պատասխանեց. «Չեմ ուզում երեխան կրկնակի սթրես տանի»:

Դատավորը բողոքաբեր կողմից ճշտեց պահանջը՝ այն քննիչի որոշումը վերացնելու պահանջով էր, որով բավարար ապացույցներ ձեռք չբերվելու պատճառաբանությամբ մերժվել էր քրեական գործ հարուցելը ոստիկանության աշխատակիցների, պետ Ալեքսանյանի դեմ:

Հասմիկ Սարգսյանի ներկայացուցիչներն ասացին, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել է սխալ. ոչ թե ոստիկանների լիազորությունների անցման հիմքով պետք է լիներ, այլ՝ խոշտանգման: Վարույթը իրականացնող մարմինը  ճանաչման չի ներկայացրել  բռնություն գործադրող ոստիկաններին  տուժողի հետ, տեղում քննչական գործողություն չի կատարել, որի կատարման դեպքում անմիջապես  կարող էր քննիչը առգրավել Սիսիանի ոստիկանության բաժնի  տեսախցիկների տեսանյութերը, չի կատարել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին:

«Իսկ այն, որ վկաներ Մանասեր Ստեփանյանը, Պետրոս Ալեքսանյանը, Ռազմիկ Հակոբյանը և Նարեկ Սիմոնյանը հայտնել են, որ Հասմիկ Սարգսյանը իրենց  չի պատմել ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սպառնալիք տալու մասին, որ իրականում գողացել է 4000 ՀՀ դրամ, այլ ոչ թե 10.000 ՀՀ դրամ: Բնական է՝ բռնություն գործադրող անձինք իրենց դեմ ցուցմունք չէին տալու, հասկանալով, որ իրականությունը պատմելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց Ա.Ղարագյոզյանը:

Ի դեպ, գործը վերահսկող դատախազը նշել է հետևյալը. «Հիմնավոր չեն ոստիկանության աշխատասենյակում զննություն չկատարելու, դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելու  և Հասմիկ Սարգսյանի աղջկան չհարցաքննելու արդյունքում վարույթը իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական խախտում թույլ տալու մասին բողոքաբերի պնդումները«:

Ըստ Ա.Ղարագյոզյանի՝ «Սակայն դատախազի պնդումը անհիմն է, քանի որ տուժողը քննիչի աշխատասենյակում հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն գործադրելու ժամանակ  ներկա է եղել իր աղջիկը, իսկ դատախազը նշում է, որ Հ.Սարգսյանի աղջկան հարցաքննության համար քննիչը առնվազն պետք է ունենար վերջինիս կողմից ենթադրյալ դեպքի վերաբերյալ հստակ տեղեկություններ»:

Ինչ վերաբերում էր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությանը, դատախազը նշել է, որ նախաքննական մարմինը նման փորձաքննություն կարող է նշանակել միայն գործով ձեռք բերված տվյալներով, տուժողի նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրված լինելը հաստատող  տվյալների առկայության պարագայում. «Տուժողը  բազմիցս հայտնել է և ցուցմունք է տվել, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնության փորձից բացի, նաև  կիրառվել է հոգեբանական ազդեցություն՝ ցուցմունք կորզելու ժամանակ: Դա բավարար է խոշտանգումների  գործերով, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը նշանակեր դատահոգեբանական փորձաքննություն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31