Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ «Առաջին դեմքից». «Փաշինյանի եւ իր շրջապատի հագուկապը, պահվածքը, կյանքի որակը իշխանափոխությունից հետո փոխվել է տեսանելի ու կտրուկ»

Հունվար 20,2019 15:00

«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից նախ փորձեցինք պարզել՝ ի՞նչ էր զգում 2018-ի ապրիլի 23-ին՝ տեսնելով փողոցներում ցնծությունը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ի պատասխան պրն Աշոտյանը մասնավորապես պատմեց. «Հագեցած օր էր՝ անսպասելի վայրիվերումներով: Երբ գիշերվա կեսին մեքենայով վերադառնում էի տուն՝ քաղաքի փողոցներում տեսնելով այդ ուրախությունը, ցնծությունը՝ մտածում էի, թե երբ է գալու ժամանակը, որ հանրությունը «սառի» ու ռեաբիլիտացիայի ենթարկի քաղաքական այն առաջնորդի անունը, որի հրաժարականով ուրախանում էր»: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ երբ կգա այդ ժամանակը ու ՀՀԿ փոխնախագահը նախ պատասխանեց. «Բավական տեղեկացված մարդ եմ համաշխարհային, քաղաքական պատմությունից ու շատ լավ գիտեմ «քաղաքական ֆիզիկայի» կանոնները՝ այն, ինչ արագ տաքանում է, շատ արագ հետո սառում է: Եվ սառելուց հետո մնում են ճեղքեր»: Չուզենալով ժամանակային կանխատեսում անել՝ պրն Աշոտյանը նաեւ պնդեց, թե այդ իրադարձություններից 9 ամիս անց «Նիկոլ Փաշինյանի վարկանիշն առնվազն 1/3-րդով նվազել է»:

Համաձայնելով դիտարկմանը, թե բնական է, որ գործող իշխանության վարկանիշը կարող է նվազել՝ մեր զրուցակիցն «անբնական» որակեց «մարդկանց սրտերը զանազան հեքիաթներով, խոստումներով ստերով տաքացնելով» իշխանության գալը, եւ թվարկեց նման մի քանի խոստում. «Այս 9 ամիսների ընթացքում որեւէ մեկը չտեսավ, որ վերացվեն կարմիր գծերը, իսկ մինչ այդ ասում էին, թե դրանք նախորդ իշխանության բիզնեսն են ու խոստում էին տալիս վերացնել: Նույնը կարելի է ասել տեսախցիկների մասին: Ասում էին, թե նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը 50 տոկոսանոց փայատեր է բոլոր խոշոր բիզնեսներում: Ինչպես տեսնում եք՝ նման «բացահայտումներ» տեղի չունեցան: Ասում էին, թե գազի գինն ուռճացված է եւ էժանացնելու տեղ ունի՝ պարզվում է, որ գազի գինը դեռ բարձրանալու է՝ մի բան էլ ավելին: Ասում էին, թե բյուջեն կավելացնեն 1 մլրդ դոլարով շատ կարճ ժամանակահատվածում: Բայց նման բան գոյություն չունի 2019-ի պետբյուջեում: Ասում էին, թե Հայաստանը կդառնա «տնտեսական բումի» երկիր եւ խորհրդարանական հապճեպ ընտրությունների կազմակերպումը պայմանավորում էին դրանով, որ ներդրողներ կան, որոնք սպասում են: 40 օր անցել է ԱԺ ընտրություններից՝ կառավարությունը գլոբալ առումով դեռ մատը մատին չի տվել»:

Նկատեցինք, որ մի շատ կարեւոր փոփոխություն կա, որն ինքը շրջանցեց՝ իշխանափոխությունից հետո վերացել է անպատժելիությունը եւ համակարգային այն կոռուպցիան, որը բնորոշ էր համարվում նախկին իշխանությանը: «Որտե՞ղ է այս 9 ամսվա ընթացքում ախտորոշում տրվել, որ եղել է համակարգային կոռուպցիա,- ի պատասխան հարցրեց Արմեն Աշոտյանը:- Իհարկե, կոռուպցիոն դրսեւորումներ եղել են եւ այսօր էլ կան»: Հիշատակեցինք Human Rights Watch-ի տարեկան զեկույցում առկա գնահատականը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ: Արմեն Աշոտյանը պնդեց. «Համակարգային կոռուպցիայի մասին դիտարկումները հռետորաբանություն են, կոռուպցիայի մասին քննադատությունը՝ տեղին է, ինչպես նաեւ այսօր է այդ քննադատությունը տեղին»:

ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Մարդկանց զայրացնում ու զարմացնում է մի հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր շրջապատի հագուկապը, պահվածքը, կյանքի որակը իշխանափոխությունից հետո փոխվել է տեսանելի ու կտրուկ»: Հակափաստարկին, թե մարդիկ այժմ հույս ունեն, որ իրենց կյանքի որակը փոխվելու է՝ նա այսպես արձագանքեց. «Հույսն արդեն մարում է: Հույսը հայտնվել էր ապրիլի 23-ին, այո»:  Արմեն Աշոտյանի գնահատականով. «Հերիք չէ, որ Հայաստանում չկա սոցիալ-տնտեսական զարգացման շարժ՝ կա լճացման միտում, երբ դանդաղում են տնտեսական աճի բոլոր տեմպերը»:

Գնահատական տվեց նաեւ նոր խորհրդարանի գործունեությանը. «Ես նայեցի 5 օրվա նիստերը ու վստահ եմ, որ հայ ժողովուրդը թանկ է վճարելու այս ԱԺ-ի համար: Ոչ միայն բառացի՝ պետբյուջեից 27-ից ավելի պատգամավորի, 2 հավելյալ մշտական հանձնաժողովի, 27 լրացուցիչ օգնականի, այլ նաեւ քաղաքական իմաստով»: Պատգամավորների հավելյալ թվաքանակի առնչությամբ նկատեցինք, որ «Իմ քայլը» զբաղեցրել է այնքան տեղ, որքան ստացել է ընտրության շնորհիվ, որն իրավական առումով չի վիճարկել որեւէ մասնակից ուժ՝ այդ թվում ՀՀԿ-ն: Ի պատասխան պրն Աշոտյանը վստահեցրեց, թե «մարգարեական կդառնա» ոչ միայն  «պետությունը թանկ է վճարելու այս ԱԺ-ի համար» իր պնդումը, այլ նաեւ այս մեկը. «Հայաստանում հերթական իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու բազմաթիվ պատմություններ, թե ինչպես են իրականացվել այս ընտրությունները եւ կպայթի այն փուչիկը, թե դրանք աննախադեպ էին, ամենալավն էին, աշխարհի ամենապուպուշ ընտրություններն էին»:

Ենթադրելով, թե խոսելով նոր խորհրդարանի համար թանկ վճարելու մասին՝ մեր զրուցակիցը նկատի ունի նորընտիրների մի զգալի մասի անփորձությունը՝ մեջբերեցինք ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախկին օգնական, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հակափաստարկն այս առնչությամբ. «Չկա կոռուպցիոն մեխանիզմներով ԱԺ-ում հայտնվելու փորձ, 900 հազար մարդու աղքատացնելու փորձ, 374 հազարին արտագաղթի դրդելու փորձ, 30 տոկոս սոցիալապես ակտիվ մարդկանց գործազրկության հասցնելու փորձ։ Այսինքն, փորձը միշտ չէ, որ դրական է»:  Արմեն Աշոտյանն ի պատասխան մասնավորապես ասաց. «Գործող իշխանության քարոզիչներն անգամ իրենց նեղություն չեն տալիս ինտելեկտուալ «կռուտիտներ» մտածել ու բացառապես պրիմիտիվ քարոզչական կլիշեների շրջանակում են»:  Նաեւ նկատեց. «Անփորձությունը մեծ մեղք չէ: Բոլորս էլ ինչ որ փուլում եղել ենք անփորձ: Ավելի մեծ խնդիր է, երբ մարդիկ չեն ուզում սովորել, քանի որ մեծամիտ են»:

Արմեն Աշոտյանն առարկեց այն դիտարկմանը, թե Հայաստանում առաջին անգամ հայտնվել է մի իշխանավոր, որին գերակշիռ մասը սիրում է, որի պատկերով շապիկներ են հագնում, որի հետ հանդիպումներին պարտադրաբար չէ, որ տանում են. «Համաձայն չեմ: Ես հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին 1989-91 թվականներին սիրում էին շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ: Գուցե այդ ժամանակ ֆեյսբուք չկար, սելֆի անելու կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերով շապիկների հնարավորություն, բայց սիրելու եւ երկրպագելու նախադեպը դա էր… Բայց այն, ինչ եղավ հետո՝ ողբերգական էր եւ քաղաքական մշակույթի, եւ մեր երկրի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կերպի համար: Սա ցավով եմ ասում: Որպես հարավային եվրոպական ժողովուրդ, իհարկե, մենք պետք է մնանք զգացմունքային, անմիջական: Բայց պետք է նաեւ հասկանանք, որ պետությունը չի կառուցվելու էմոցիաների վրա: Պետությունը չունի ապագայի տեսլական, եթե ապրում է միայն սրտով եւ ոչ թե ուղեղով: Եվ հետեւաբար՝ այն գործիչը, որի գրառումներն ավելի շատ են կիսում, ավելի շատ հավանում կամ նրա պատկերով «շապիկ» հագնում՝ առավել «աստղ» է, քան քաղաքական առաջնորդ»:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Արմեն Աշոտյանը Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից հրապարակավ պատասխան էր պահանջել բանակցային գործընթացի որոշ մանրամասների վերաբերյալ: Այս առնչությամբ նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հանդիպումից հետո ուղիղ եթերում պատմում է, թե ինչ են քննարկել; Մինչդեռ անցած տարիներին խիստ նեղ էր շրջանակը անձանց, որոնք տիրապետում էին բանակցային գործընթացին: Հարցին՝ ինչո՞ւ այն ժամանակ հանդես չէր գալիս նման պահանջներով՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Լսում էի հարցը ու մտածում՝ ինչքան է դեռ խորը նստած «բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում» կլիշեն: Մենք խնդիր չունենք՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ենք խոսել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ առավել եւս»: Սակայն հավելեց. «Առաջին աքսիոմ. բանակցային գործընթացը ռեալիթի շոու չի՝ այն չպետք է հեռարձակվի բենզալցակայանի 7/24 ռեժիմով… Եվ եթե երկրի ղեկավարը դրան վերաբերվում է իբրեւ հերթական ուղիղ եթերի օրակարգի՝ արդեն վատ է: Երկրորդ աքսիոմ՝ իհարկե, հասարակությունը պետք է տեղեկացված լինի, բայց թե ինչ ռեժիմով, ինչ ձեւաչափով՝ ամբողջությամբ այլ հարց է: Աքսիոմ երրորդ՝ անգամ այդ անդրադարձերի մեջ, որոնք հիշատակեցիք որպես թափանցիկության ապացույց՝ մանիպուլյացիաներ են արվում ու ճշմարտությունը չի պատմվել»:

Արմեն Աշոտյանին հետ զրուցել ենք նաեւ այն մասին, թե ինչու է ՀՀԿ-ն զբաղվում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փաստաբանությամբ, երբ նախկինում շատ դեպքերում հենց իրենք էին քննադատությամբ հանդես գալիս նրա հասցեին: Հիշեցրինք նաեւ 2018-ի նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի հայտարարությունը, որում առաջիկա անելիքների մեջ մասնավորապես կար՝ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցկացնել կուսակցության համագումար:

Արմեն Աշոտյանի պատասխաններն այս եւ բազմաթիվ այլ հարցերի՝ դիտեք ամբողջական հարցազրույցում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Թորոսյան says:

    Ցավոք և շատ ափսոս, որոշ գնահատականների կամ փաստերի հետ չենք կարող չհամաձայնվել, սակայն, մեղմ ասած, հիվանդ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հիշել, դեռ մի բան էլ փորձել ներկա օրինական իշխանությանը համեմատել նախկին իբր իշխանությունների հետ:
    Իհարկե, Փաշինյանն, իմ կարծիքով, մեծագույն սխալ գործեց, որ չդատապարտեց տարիներով գործող և մեր երկիրը քարուքանդ անող համակարգային կոռուպցիան, այն է՝ իշխանության յուրացումը ավազակաիշխանության կողմից, ինչը վերջինիս որոշ կրողների լա՜վ էլ ոգևորել է…Սակայն, հույս փայփայենք, որ այդ դատապարտումը տեղի կունենա; Ավելին, այն ծայրաստիճան անհրաժեշտություն է, որի վառ հիմնավորումն է, անգամ, այս հարցազրույցը:
    Ռուբեն Թորոսյան
    «ՄԻ-96»

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031