Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձանց նկատմամբ սկսված քրեական հետապնդումներն էլ նոր իշխանությունները հանրության աչքը փակելու համար են անում. Վահան Բադասյան

Հունվար 22,2019 22:15

«Կա մի անձ, որ Արցախից զինված մարդիկ է տարել Երևան։ Ընդ որում` զինվորական համազգեստ է հագցրել փողոցային խաժամուժին, հարբեցողներին և այլն։ Այդ անձը հիմա էլ պետական պաշտոնյա է և աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Փաշինյանն էլ գերազանց գիտի այդ մասին։ Եթե մեկը դատվում է, մյուսը չի դատվում, կամ մեկը չարած բաների համար դատվում է, մեղադրանք է առաջադրվում, իսկ մյուսը ոչ, ես սա դիտում եմ որպես ոչ օբյեկտիվ քննություն և անձնավորում։ Այս պայմաններում ի՞նչ արդարադատության մասին է խոսքը»,- նման կարծիքի է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Մեր հարցին՝ ում նկատի ունի, Վահան Բադասյանը չցանկացավ պաշտոնյայի անունը նշել.  «Չեմ վախենում անուններ տալուց, այն վախենալու ժամանակներին էլ չէի վախենում, գիտեք, բայց բավական է՝ ինչքան անուններ եմ տվել: Եթե դատախազությանը հետաքրքրում է, թող ինձ հրավիրեն, ես ասեմ անունները»:

Մեր հարցին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր մատնանշած պաշտոնյաների մեջ մտնում է, թե՝ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բանակի գեներալների մասին է խոսքս, ոչ թե Ոստիկանության կամ անվտանգության: Հունան Պողոսյանի նմանները օգտագործել են կաշառք, այլ հանցագործություններ են արել, նրանք պաշտպանել են իշխող վերնախավին՝ Սահմանադրության հակառակ»:

Մեր հարցին, թե նախկին իշխանությունը հանցագործ  գեներալներին պահում էր որպես հենասյուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչի՞ համար է պահում, Վահան Բադասյանը  պատասխանեց. «Իշխանությունները նրանց պահելու որեւէ խնդիր չունեն, պարզապես  կա աչք փակելու երեւույթ, եթե նրանք աչք չփակեն, իրական գնահատական տան, կպարզվի, որ միայն իրենք մեղավորը չեն, այլ նաեւ նրանք, որոնք իրենց բաց են թողել ու բացահայտումները  շատ արագ տանելու են դեպի նախկին գլխավոր հրամանատար՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան:

Իսկ նոր իշխանությունը երեւում է, որ չի ուզում գնահատական տա Հայաստանի հիմնական հանցագործներին՝ երեք նախագահներին: Կապ չունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, նա ընդամենը մի փոքր հանցագործության համար է կալանավորված, ավելի մեծ հանցագործություններ ունի կատարած, երբ հովանավորչություններ է արել, որ Մանվել Գրիգորյանը սպանություններ անի, հովանավորել է, որ մյուս գեներալները անօրեն հարստանան՝ Բաղմանյանը, Մովսես Հակոբյանը ու մյուսները: Այ, տեսնում եք, արդեն անուններ եմ տալիս»:

Վահան Բադասյանի տպավորությամբ, նախկինում  բարձր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձանց նկատմամբ սկսված քրեական հետապնդումներն էլ նոր իշխանությունները հանրության աչքը փակելու համար են անում.  «Այդ տպավորությունն ունեմ, որովհետեւ եթե համալիր ձեւով բոլորը պատասխանատվության ենթարկվեն, շատ բան կպարզվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031