Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասագետ. «Նազենի Ղարիբյանը Կոմիտասից հեռու է այնքան լուսնատարի, ինչքան ամենահեռու աստղը` Երկրից»

Փետրվար 06,2019 16:05

«Ստեղծված հանձնաժողովի միջոցով պետությունը նշում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Ես հանձնաժողովում էի, բայց նիստին հրաժարվեցի, որովհետեւ տեսա, որ հիմնականում նույն մարդիկ են ընդգրկված հանձնաժողովում, ինչ նախկինում: Ինչ առաջարկեին, պիտի քվեարկեին, անցկացնեին: Այդ առաջարկները խեղճ ու կրակ բաներ էին, օրինակ, ասում էին` CD անենք, սա ո՞ր թիվն է, այսօր ո՞վ է CD անում, երբ համացանցում ամեն ինչ դրված է, ասում են` մի հատ գիրք տպենք, հոդված տպենք…Մի մասն էլ կապված է իրենց` եվրոպաներում ման գալու հետ:

Ժողովուրդը Հայաստանում թաղված է արեւելյան կլկլոցների մեջ, իրենք այնպիսի ծրագրեր են անում Կոմիտասի «պատվին», որ գնան Եվրոպայում զեկուցումներ կարդան: Վերջերս ինձ լուր հասավ, որ մշակույթի փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն էլ է ցուցակում գրվել, որ Կոմիտասի մասին զեկուցում կարդա…Ինքը Կոմիտասից հեռու է այնքան լուսնատարի, ինչքան ամենահեռու աստղը Երկիր մոլորակից: Դա ման գալու առիթ է, աշխատել են մեծերի անունների տակ անձնական հարցեր լուծել: Ես երկու հոդված գրեցի այդ մասին ու ասացի, որ կշարունակեմ քննադատել»,- փետրվարի 6-ին «Տեսակետ» ակումբում ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Մանրամասները` տեսանյութում

«Հանձնաժողովի նիստին լսեցի բոլորին, տեսա այդ մանկապարտեզի առաջարկները, ման գալը, դասախոսություն կարդալը… Մակունցին ասացի, որ սա նախկին հանձնաժողովն է, դուք էլ իրենց հետ…Տեսա, որ գործ անելու ցանկություն չկա: Ընկերացել են մարդկանց հետ, որոնք ոչնչից չեն հասկանում, լսում ես, որ պետության հաշվին ոմանք գնացել են Սորբոն դասախոսություն կարդալու, հեքիաթ են պատմում, թե հիմա էլ մարդ պիտի ուղարկեն Բեռլին` Կոմիտասի ձեռագրերը գտնելու: Երբ մենք գտել էինք, ասում էինք հովանավորեք` գնենք, ասում էին փող չունենք, վերջում Ջանիբեկյան Արթուրը գնեց ու փրկեց կորստից այդ ձեռագրերը: Պարզվում է` մեկն էլ գաղտնի դիսերտացիա է պաշտպանել Կոմիտաս թեմայով, ու պատահաբար ենք իմանում, որ գիտության թեկնածու է, դա կրիմինալ է»,-շեշտեց բանախոսը:

Կոմպոզիտորը նշում է. «Հարյուրամյակների ընթացքում մեր ազգը` ենթարկված լինելով Արեւելքի տիրապետությանը, իր դիմագծի վրա մեծ ազդեցություն է թողել Արեւելքի աղավաղված մշակույթը` երաժշտության մեջ, քայլելու, նայելու, բարեւելու, խոսելու, ժարգոնի, ընտանիքում կնոջը վերաբերվելու: Հայ կինը երբեք արեւելյան կին չի եղել, միշտ թագուհի է եղել ընտանիքում եւ դրսում: Արեւելքից են գալիս այն բաները, որ չպետք է խոսի, այսպես լինի, այնպես լինի: Իրենք էլ երեւի մտածեցին, որ Նազենի Ղարիբյանը կին է, ուրեմն պետք է գնա Եվրոպա ման գա, դասախոսություն կարդա՞…Իսկ եթե տղամարդ է, պետք է իր անձնական հարցերը լուծի…Նույն բանն է կատարվում, ինչպես` տարիներ շարունակ: Ստացվում է, որ հիմա Պանթեոնում ամենաավելորդ մարդը հենց Կոմիտասն է»:

Մանրամասները` տեսանյութում:

Նա համոզված է, որ ցանկացած ծրագիր պետք է ժողովրդի հետ կապված լինի, մեծերի, փոքրերի, գյուղերի հետ, մինչդեռ թանգարան- ինստիտուտ են ստեղծում, գրքեր են հրատարակվում, ֆիլմեր նկարվում, սակայն ոչինչ չի փոխվում ժողովրդի մեջ, այն կլկլոցների տեռորի տակ է: «Նստում է տրանսպորտ, կլկլոց է, ուզում է հանդիպել արվեստի վաստակավոր գործչին, նա էլ է կլկլացնում, ուզում է հեռուստացույց միացնել, էլի կլկլոց է, աղավաղվում է մեր երաժշտությունն ու լեզուն: Ու այս ամբողջի ֆոնին ուզում են գնան Եվրոպա իրենց ցույց տան, մինչդեռ Կոմիտասն ասում էր` դուք ձեր տան մեջ երգեք, օտարը աչք ունի` կտեսնի, ականջ ունի` կլսի»,-ասում է Արթուր Շահնազարյանը ու հայտարարում, որ ամենուր պետք է քարոզել կոմիտասյան երգ-երաժշտությունը, սկսած մանկապարտեզներից:

«Դա ամեն օրվա հացի նման մի բան է, քանի որ Կոմիտասը մեր Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի հազարամյակների մշակույթն է»,-հավելում է նա:

Պարոն Շահնազարյանի ձեւակերպմամբ, այսօր ռուսական ֆիլմերի խայտառակ երաժշտության տակ մանկապարտեզներում հանդեսներ են կազմակերպում, երեխաների հոգիներն աղավաղում անառողջ ելեւէջներով, իսկ Կոմիտասի հոբելյանի հանձնաժողովը մտածում է, ասենք՝ օպերայում շքեղ հանդիսություն անելու մասին:

«Այս վիճակում օպերայի մասին խոսելն էլ է ծիծաղելի…Գոնե 2-3 երգ պետք է ամբողջ հայությունը երգի, որովհետեւ հին երգը բնական բջիջի նման բան է, ժողովուրդը գիտի այդ երգերը, ո՞վ չգիտի «Սոնա յարը», «Հոյ Նազանը», «Զընգը Զընգը»,- ասում է կոմպոզիտորը: Նա նաեւ շեշտում է, որ Կոմիտասն ասում էր, թե փոքրիկներին պետք է ուրախ երգեր սովորեցնել, որպեսզի չհիվանդանան ու կարողանան թուր բռնել, դրանցից մեկն էլ հենց «Զընգը Զընգը» երգն է:

Մանրամասները` տեսանյութում:

Արթուր Շահնազարյանը տեղեկացրեց, որ մարզերն ընդգրկող ծրագիր են սկսել: Ամեն մարզում խմբավարը որոշակի վարձատրությամբ կսովորեցնի կոմիտասյան եւ ազգային երգերը: Առաջին փորձն արել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, որտեղ խմբավար Հարություն Թոփիկյանը ստեղծել է ուսուցիչների երգչախումբ: Այդ երգչախումբը ՀՀ շրջաններով շրջում եւ երգում, եւ սովորեցնում է:

Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաեւ Արթուր Ջանիբեկյանի հետ միասին իրականացրած www.armenianmusic.am նախագծին, այնտեղ ընդգրկված 550 ձայնագրված երգերին:

Նա փաստեց, որ այլ հայ մեծահարուստներ ափսոսում են գումար ծախսել ազգային երգը հանրայնացնելու համար, սակայն արեւելյան կլկլոցով մեկ երգի համար վճարում են 7000 դոլար, կոմպոզիտորը, սակայն, անուններ չտվեց, ասաց, որ բոլորը գիտեն, թե ով ով է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կոմիտասը Մեծություն է ․․․ Նա տնկեց հայ պրոֆեսիոնալ երաժշտության ծառը, իսկ ծառը արժեքավոր է իր պտուղներով … Պետք չէ, որ հոբելյանը նշելով, սահմանակվել միայն Կոմիտասի գործերով։ Անհրաժեշտ է ցույց տալ, թե այդ ծառը, այսօր, ի՞նչ պտուղներ է տվել ․․․ Կոմիտասի գործերի կողքին կատարելով, նաև, այլ կոմպոզիտորների, այլ ժանրերի (այդ թվում` մեծակտավ) գործեր, որոնք բխում են Կոմիտասից: Դրանով ավելի կարժեքավորվի Մեծ Կոմիտասը ․․․ Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728