Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի առջև կինը մարզպետ Գարիկ Սարգսյանին մեղադրեց. «Նրա մորաքրոջ հարսը դպրոցում աշխատանքի է անցել»

Մարտ 16,2019 18:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց կատարեց Արարատի մարզի Ռանչպար գյուղ՝ ծանոթանալու բնակիչների խնդիրներին: Նախ մթերային խանութ մտավ: «Ո՞նց են գործերը»,- հարցրեց նա աշխատակցին, նա էլ պատասխանեց՝ «փառք Աստծո, չենք դժգոհում»: Փաշինյանն այնուհետեւ ծանոթացավ գյուղացիներից մեկի փոքրիկ տնտեսությանը: Այգու սեփականատեր-պապիկը Երեւանից տեղափոխվել էր գյուղ՝ հող մշակելու եւ բերք ստանալու: «Տեսե՞ք՝ Երեւանից եկել է գյուղ»,-գովեց նրան Նիկոլ Փաշինյանը: Այգեպանի կինը խնդրեց գյուղի գազաֆիկացման հարցը լուծել: Բնակիչները Փաշինյանին տեղեկացրին, որ չեն կարողանում «գազը քաշել» մինչեւ գյուղ:

Բնակիչները դժգոհեցին նաեւ ոռոգման ջրի սակավությունից, գյուղապետն էլ շտապեց տեղեկացնել՝ պատրաստվում են գյուղում գործող ձկնաբուծարանից «ջուր քաշել» դեպի հողատարածքներ. «Պոմպերը միայն տեղադրված չեն»: Ապա Նիկոլ Փաշինյանը եղավ Ավշար գյուղում: «Ավշարի դպրոցում հինգ օր է՝ դասապրոցես չկա»,-նրան տեղեկացրեց բնակիչներից մի կին: Պարզվեց՝ վարչապետը տեղյակ չէր դասադուլից: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բացատրեց. «Նոր տնօրեն է ընտրվել՝ յոթ «կողմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով: Առաջին օրը ուսմասվարի աշխատելու հետ կապված խոսակցություն՝ ներքին խնդիր է եղել: Ծնողները եւ աշխատակազմն ասում են, որ այդ տնօրենը չպետք է աշխատի»:

Կինը շտապեց ուղղել մարզպետին. «Չկա նման բան պարոն վարչապետ: Խնդիրն այն է, որ նորանշանակ տնօրենն ուղղորդված կերպով եկել է մեր դպրոց, իրեն ընտրողներից երկուսը եւս ուղղորդված են եղել: Նա իր հետ դպրոց է բերել նոր ուսմասվարի, որը մեր հարգելի-սիրելի մարզպետի բարեկամն է: Որքան գիտեմ՝ մորաքրոջ հարսն է: Քառասուն տարվա ստաժով ուսմասվարին, որի փոխարեն եկել է, կոպիտ կերպով ասել են հեռանա դպրոցից, քանի որ տնօրենին իր վստահված անձն է պետք»:

Գարիկ Սարգսյանը բարկացավ. «Դե վերջացրեք, էլի…արդեն 10-րդ մորաքրոջս հարսն է»: Կինը, սակայն, պնդեց. «Մորաքրոջ հարսն է, անունն էլ՝ Աստղիկ»: Ապա Գարիկ Սարգսյանն ասաց. «Ում անունը տալիս են, իսկապես իմ մորաքրոջ հարսն է, բայց ոչ մի նշանակում չի եղել»:

Արարատի մարզ, գյուղ Ռանչպար:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 16. März 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031