Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսին «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը կրկին կհամախմբի երաժիշտներին և երաժշտասերներին

Ապրիլ 04,2019 18:06

Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը:

«Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում: 2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: 2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում: Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օր, և լճափն ու Սևան քաղաքը վայելեցին երաժշտական այն հրավառությունը, որ պարգևեցին հանրապետության և արտերկրի տարբեր խմբեր:

Փառատոնի նպատակն է` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում ապրող և ստեղծագործող երիտասարդներին, մեր երկրի սահմաններից դուրս ապրող հայ և օտարերկրացի երաժիշտներին, նրանց տրամադրել բեմ, դուրս գալ ստանդարտներից, մատուցել բարձրաճաշակ երաժշտություն, հանդիսատեսի համար ապահովել լավագույն ժամանց:

Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, փետրվար ամսից ընդունվում են այս տարվա փառատոնի հայտերը: Արդեն երեք տասնյակ խմբեր հանրապետությունից, Արցախից և արտերկրից ներկայացրել են իրենց հայտերը: «Հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև մայիսի 5-ը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք ներկայանալու են ռոքնռոլ և էթնո ժանրերում»,- ասում է Գոհարը:

Փառատոնը հավատարիմ է իր կարգախոսին` «Շնորհակալություն ասենք Սևանին», որը Սևանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ է, որն օգնում է ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով բարձրաձայնել մի շարք խնդիրներ:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը լավագույն միջոցներից է տարածաշրջանի ներկայացման, նոր գաղափարների կյանքի կոչման համար:

«Սա տնտեսական և բիզնես մտածողության գործիքներից է, և այս խառնուրդում կարելի է լուծել հարակից մի շարք հարցեր: Հիմքում ունենալով այս միտումը` այս տարի էլ փառատոնի 2-րդ օրը կանցկացվի Սևան քաղաքում, որը զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և ակտիվացնելու, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, նոր ծրագրերի սկիզբն է ազդարարելու»,- նշում է Գոհար Մնացականյանը:

Ինչպես ցույց տվեց նախորդ տարվա փորձը, երկօրյա փառատոնը համախմբման հիանալի հնարավորություն է ընձեռում, միմյանց են հանդիպում Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվում են նոր գաղափարներ, հենց տեղում ծնվում են երաժշտական նոր ձևաչափեր ու կատարումներ:

Ինչպես յուրաքանչյուր փառատոն, սևանյանն էլ պահանջում էր բազմակողմանի և մեծածավալ աշխատանք` սկսած բեմի տեղադրումից մինչև ընդունելություն և գիշերակացի կազմակերպում: Փառատոնի կազմակերպիչներն օգնության են հրավիրում և փնտրում են կամավորների, ովքեր այս իրադարձային միջոցառումը կդարձնեն ավելի քան ներկայանալի:

Փառատոնը կյանքի է կոչվում համագործակցային աշխատանքի շնորհիվ և համախմբման հիանալի հարթակ է` սկսած Սևանի համայնքապետարանից` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, մինչև Գեղարքունիքի մարզպետարան, տարբեր ասոցիացիաներից մինչև գործընկեր Գրենոբլի քաղաքապետարան:

Աջակիցների բանակն ու քանակը հետզհետե ավելանում է:

«Սևան» միջազգային երաժշտական փառատոնը, որը այս տարի տեղի է ունենալու օգոստոսի 3-ին և 4-ին, հավակնում է դառնալ ոչ միայն երաժշտական ինքնատիպ իրադարձություն, այլ նաև Սևանը բազմակողմանի ներկայացնելու լավագույն միջոց:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930