Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումներով ամենախոշոր ներկայացուցչական ծախսերը կատարել է Պաշտպանության նախարարությունը

Հունիս 06,2019 16:02

Չորս պետական կառույցներից այս տարվա առաջին եռամսյակում ներկայացուցչական ամենախոշոր ծախսերը կատարել է Պաշտպանության նախարարությունը: ՊՆ-ի ներկայացուցչական ծախսերը հիմնականում ուղղված են եղել միջոցառումների կազմակերպմանը:

Այսօր այս մասին հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը: Կազմակերպությունն ուսումնասիրել է պետական գնումների միտումները 2018-2019 թթ. առաջին եռամսյակներում:

ՊՆ-ի ծախսած գումարը կազմել է 184,4 միլիոն դրամ: Ըստ Արմենուհի Բուռնազյանի, ընդամենը 8 պայմանագիր է կնքել ՊՆ-ն, բայց այս կառույցը վերահսկել է ներկայացուցչական ծախսերի 80 տոկոսը:

Առհասարակ՝ հանրային գնումների 11 տոկոսը ՊՆ-ն է կատարել: Ամենաշատ գումարներն ուղղվել են սննդամթերքի ձեռքբերմանը:

Արմենուհի Բուռնազյանը ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց «Մեդիա կենտրոնում»:

Ըստ տիկին Բուռնազյանի, ուսումնասիրությունը պարզել է, որ գոյություն ունի պատվիրատուների մեծ կենտրոնացվածություն, այսինքն՝ 5 խոշոր պատվիրատուներից ե՜ւ 2018 ե՜ւ 2019 թվականներին, այսպես ասած, վերահսկում են գնումների 88-85 տոկոսը: Այսինքն, ըստ նրա, այս 5 խոշոր պատվիրատուները ունեն ամենաբարձրարժեք պայմանագրերը. «2019-ի առաջին եռամսյակում կնքվել է 2 հազար 555 պայմանագիր եւ գեներացվել է շուրջ 92 միլիարդ դրամի պարտավորություն: 2018 թվականին նույն ժամանակահատվածում կատարվել են 2 հազար 506 ոչ մրցակցային գնումներ՝ 71,2 միլիարդ դրամի պարտավորություն»:

Մյուս պետական մարմինը, որը կատարել է խոշոր գնումներ, Ազգային ժողովն է, երրորդը՝ Երեւանի քաղաքապետարանը: Չորրորդ տեղում Արտաքին գործերի նախարարությունն է: Այս գերատեսչությունները եւս խոշոր մատակարարների հետ են կնքել պայմանագրերը:

Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ «Կա այլընտրանք, նրանք կարող էին մրցույթ հայտարարել կամ գնանշման հարցման գործընթացը կիրառել, սակայն ընտրել են «մեկ անձից» գնումները կամ՝«հրատապ մեկ անձի» ընթացակարգը»:

Խոշոր պատվիրատուներից է նաեւ ՀՀ ոստիկանությունը, որտեղ, ըստ Արմենուհի Բուռնազյանի, ոչ մրցակցային գնումներն իրականացվել են ոչ օբյեկտիվ հիմքով. «Ոստիկանությունը 18 պայմանագիր է կնքել, գեներացվել է 385,3 միլիոն դրամի պարտավորություն, որը կարելի է ասել, կատարվել է ոչ օբյեկտիվ հիմքով»:

Կազմակերպությունը պարզել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես, շատ խոշոր ոչ օբյեկտիվ հիմքով կնքված պայմանագրեր ունի. «Չնայած այդ պայմանագրերը 5-ն են, բայց կազմում են տվյալ կառույցի ամբողջ, ոչ մրցակցային գնումների մեծ մասը՝ 90 տոկոսը»:

Դատական դեպարտամենտը, Արդարադատության նախարարությունն իրենց ոչ մրցակցային գնումները կատարել են օբյեկտիվ հիմքով:

«Մշակույթի նախարարությունը ընդամենը երկու պայմանագիր է կնքել, բայց այդ երկուսը կազմում են ոչ մրցակցային գնումների մեծ մասը: 182,6 միլիոնից 180 միլիոնը ոչ օբյեկտիվ հիմքով է»,-ասաց կազմակերպության տնօրենը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ ընդամենը 3 խոշոր պայմանագիր է կնքել, որոնց մեծ մասը իրականացվել է ոչ օբյեկտիվ հիմքով:

Ի դեպ, այս տարի գնումներում տեղի ունեցած բողոքարկումների արդյունքում 4 անգամ ավելացել են «սեւ ցուցակում» հայտնված ընկերությունների թիվը: եթե նախորդ տարի առաջին եռամսյակում ընդամենը 21 որոշում է կայացվել՝ մասնակիցներին սեւ ցուցակում ներառելու համար, իսկ, ահա 2019-ի առաջին եռամսյակում 89 որոշում: Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «սեւ ցուցակում» հայտնված ընկերությունները հարկային պարտավորությունների խնդիր են ունեցել: Ընդ որում` նրանց մեծ մասը չի կատարել զինվորների հիմնադրամների վճարները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930