Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ուսանողները հայ երիտասարդին ցած են նետել պատուհանից. մանրամասներ

Հունիս 18,2019 12:29

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանին ծեծի են ենթարկել և պատուհանից ցած նետել: Երիտասարդը հրաշքով ողջ է մնացել և այժմ գտնվում է հիվանդանոցում: Արթուրի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը times.kharkiv.ua պորտալին մանրամասներ է պատմել կատարվածից:

Նրա խոսքով՝ իր որդին զբաղվում է ըմբշամարտով և ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է: 18 տարեկանում սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի մեդալակիր, ինչպես նաև պատրաստվում էր մասնակցել աշխարհի առաջնությանը:

Արթուրի հանրակացարանի հարևանը եղել է ադրբեջանցի, որի հետ նրանք արագ ընկերացել են: Հայրը պատմում է, որ Արթուրն անգամ նրան հրավիրում էր իրենց տուն: Այդ օրը հարևանն Արթուրին հրավիրել է խորոված ուտելու իր ընկերների հետ, որոնց թվում եղել են տարբեր բուհերից ադրբեջանցի ուսանողներ: Պիկնիկի ժամանակ Արթուրն իրեն վատ է զգացել, հոր կարծիքով՝ նրա բաժակի մեջ ինչ-որ բան են լցրել: Արթուրը գնացել է իր սենյակ՝ ուշքի գալու:

Շուտով սենյակ են մտել ուսանողները՝ իբր նրա ինքնազգացողությունն իմանալու: Նրանք սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ դասավորել: Արթուրը հասկացել է, որ հաշվեհարդար է սպասվում, և ենթադրել է, որ թմրանյութ են ուզում գցել իր մոտ: Բայց ձևացրել է, որ ոչինչ չի հասկացել:

Հենց որ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Թերևս դա տեսնելով՝ երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և նրան ծեծի ենթարկել: Արթուրը կարողացել է հասնել կիսաբաց պատուհանին և օգնություն կանչել. այդ ժամանակ նրան պատուհանից ցած են նետել:

Երիտասարդը հրաշքով ոչ միայն ողջ է մնացել, այլև գիտակցությունը չի կորցրել: Հասկանալով, որ տղաները կարող են ներքև իջնել, նա սողացել է դեպի մոտակա կայանատեղին, կարողացել է անցնել ցանկապատը և թաքնվել բեռնատարի հետևում: Երիտասարդները իսկապես շուտով իջել են ներքև և սկսել փնտրել նրան: Նրանք փորձել են մտնել կայանատեղի, բայց շները նրանց ներս չեն թողել, և աղմուկի վրա եկել է անվտանգության աշխատակիցը: Հենց նա էլ հայտնաբերել է Արթուրին և ոստիկանություն կանչել:

Ոստիկանությունն արագ ժամանել է, և Սերգոյի խոսքով, միանգամից հայտարարել են, որ տղան ինքնասպանություն է գործել և գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք տղային ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ ոչինչ չի հիշում, չնայած Արթուրը հայտարարել էր, որ իրենդ դուրս են գցել պատուհանից, և ինքը թմրանյութ չի օգտագործում. դա ապացուցում է հենց միայն այն հանգամանքը, որ միջազգային մրցումներին մասնակցելիս նա դոպինգ-թեստ է անցնում:

Հետո եկել է շտապ օգնությունը և նրան տեղափոխել նախ հիվանդանոց, հետո հոգեբուժարան, իսկ հետո դարձյալ հիվանդանոց, որտեղ էլ հիմա բուժում է ստանում: Հոր խոսքով՝ Արթուրի մոտ հայտնաբերվել է կոնքազդրային ոսկրի կոտրվածք և կոնքոսկրի տեղաշարժ, իսկ մարզական կարիերայի մասին այժմ խոսք անգամ չի կարող լինել: «Շնորհակալ եմ Աստծուն, որ նա ողջ է. 6-րդ հարկից, ավելի քան 20 մետր բարձրությունից..»,- ասել է հայրը:

Սերգո Մարտիրոսյանը որդու վրա հարձակման որևէ շարժառիթ չի գտնում: Առավել հավանական վարկած է, ըստ նրա, գումար շորթելը. նրա կարծիքով՝ Արթուրի ընկերը, հնարավոր է, նրանց պատմել է, որ նա ունևոր ընտանիքից է:

Ոստիկանությունից որևէ կերպ չեն մեկնաբանել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ տուժածը դեռ որևէ ցուցմունք չի տվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930