Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորքեր կգան, տանկեր կգան՝ Ամուլսարը չի շահագործվելու». Ջերմուկցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը

Սեպտեմբեր 09,2019 22:40

«Անկախ նրանից զորքեր կգան, տանկեր կգան՝ միեւնույն է, թույլ չենք տալու, որ Ամուլսարի հանքը շահագործեն»,-այսօր այս մասին Ջերմուկում վարչապետի այսօրվա հայտարարության շուրջ քննարկման ժամանակ ասաց ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Այսօրվա հավաք-քննարկմանը մասնակցում են ոչ միայն ջերմուկցիներ, այլեւ Երեւանից ու այլ քաղաքներից Ջերմուկ ժամանած քաղաքացիներ:

Հավաքի մասնակիցներից մեկն ասաց՝ բոլորը պայքարում են սերունդների առողջ ապագայի համար, հանքը չի շահագործվելու, որովհետեւ մենք կյանք ենք դրել այս պայքարում:

Բունիաթյանը հարց ուղղեց դահլիճին՝ մենք ունե՞նք ետդարձի ճանապարհ՝ հանքի ճանապարհները բացելու ճանապարհով: «Ո՛չ, ո՛չ»,-արձագանքեցին դահլիճից:

Շիրակ Բունիաթյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը վաղուց դուրս է եկել Ջերմուկ համայնքի սահմաններից, եւ Ամուլսարի հանքավայրի բացմանը դեմ են շատերը:

«Այսօրվա հանդիպման արդյունքներով մենք պետք է հասարակությանը տեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։ Մենք պետք է որոշենք՝ շարունակելո՞ւ ենք արդյոք ճանապարհների արգելափակումը»,-ասաց Բունիաթյանը։

Նա ասաց, որ բոլոր օրինական եւ խաղաղ պայքարի մեթոդներին են դիմելու: Նախ առաջարկեց գործադուլ անել, կամ եթե կառավարությունն ընդդեմ ջերմուկցիների կամքի քայլ անի, դասադուլ կանեն: Դահլիճից մեկն արձագանքեց՝ «պետք լինի՝ հացադուլ էլ կանենք»: «Չէ, չէ, հացադուլ պետք չէ»,-պատասխանեց Բունիաթյանը:

Դահլիճը ծափահարություններով ողջունեց ու հաստատեց Բունիաթյանի՝ գործադուլի առաջարկը: Բայց առայժմ կառավարությանը 10 օր ժամանակ են տալիս: Բունիաթյանը քաղաքացիներին նաեւ զգուշացրեց՝ կարող են նաեւ լինել ոստիկանների հետ բախումներ, պատրա՞ստ են արդյոք Ամուլսարի պաշտպանները դրան: Դատելով դահլիճից դրական արձագանքներից, այո, նրանք հասկանում են, որ հնարավոր է ոստիկանների հետ բախումներ լինեն:

«Հեղափոխության ճանապարհով իշխանության եկածները չեն կարող հակաժողովրդական որոշումներ կայացնեն»,-ասաց Բունիաթյանը, նկատելով՝ որքան հանդիպել է իշխանության ներկայացուցիչների հետ, տնտեսական շահի տեսանկյունից են դիտարկել խնդիրը. «Հիմա ուզում են Ամուլսարը նվիրեն, որ տնտեսական շահը լավ լինի՞, էդպեսի բան չի լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30