Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Արվեստն ու երաժշտությունը կյանքի որակ են փոխում»

Հոկտեմբեր 05,2019 14:51

«Աշխարհում այսօր շատ են խոսում խնդիրներից, արվեստից, գաղափարներից, նոր մտքերից, եւ կան ինչ-որ բաներ, երբ միավորվում են, արդյունք է ստացվում: Հայաստանում կարեւորում ենք դասական երաժշտությունը եւ արվեստը, որը մեր գենում կա, արվեստով ենք ներկայանում աշխարհին»,- հոկտեմբերի 5-ին The LOFT-ում կայացած «ԴասA. տեխնոլոգիաները և երաժշտությունը» խորագրով հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը ղեկավարելու է WCIT համաշխարհային նվագախումբը։

Մաեստրոն պատմեց, թե  ինչու է WCIT համաժողովը մեկնարկելու դասական երաժշտության համերգով եւ ինչու է  ստեղծվել WCIT համաշխարհային նվագախումբը:

«Ամենաքննարկվող թեման արհեստական բանականությունն է, բոլոր նորարարական մտքերը, ստարտափերը  անդրադառնում են դրան: Երեսուն տարի առաջ ինտելեկտուալ մարդ էին համարում նրանց, որոնք ունեին գիտելիքներ… Օրինակ երբ է ծնվել Բախը, Մոցարտը կամ Շեքսպիրը, կամ երբ է գրվել այս գիրքը… Այսինքն ավելի տեղեկատվական  դաշտն անվանում էինք ինտելեկտ։ Ապա ստեղծվեց համացանց ու գուգլը, եւ այժմ որեւէ մեկը նման մարդկանց կարիք չի զգա, քանի որ յուրաքանչյուրդ ունեք ձեր գործիքը, որ սմարթֆոնն է կամ բջջային հեռախոսը, որով կարող եք համացանցով համապատասխան տեղեկատվություն ստանալ, ինտելեկտի պաշարի խնդիր չեք զգում: Ինտելեկտուալ մարդ հասկացությունը վերաբերում է նրան, թե մարդն ինչպես կարող է սինթեզել այն տեղեկատվությունը, որ ունի»,-ասաց Սմբատյանը:

Նա ներկայացրեց, թե ինչպես կարելի է ստանալ երաժշտություն արհեստական բանականության շնորհիվ: «Նույնիսկ արհեստական բանականության զարգանալուն պես մարդիկ կարող են տեսնել, որ կատարողական արվեստը կարող է շատ ավելի առաջ գնալ ու փոխել բովանդակությունը»,-նշեց դիրիժորը: Սերգեյ Սմբատյանի խոսքերով, «Արհեստական բանականությունը կարող է հասկանալ ցանկացած կոմպոզիտորի սիմֆոնիաները, եւ այդ ֆորմուլայի մեջ ստեղծել եւս մեկ սիմֆոնիա: Շատ կարեւոր է, որ այսօր այդ քայլն արվում է Հայաստանում, դա մեզ համար մեծագույն ձեռքերում է»:

Նրա խոսքերով, երաժշտությունը մարդու ուղեղի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան արվեստի ցանկացած այլ տեսակ: «Օրինակ՝ Բոտիչելիի նկարը տեսնելու պարագայում փշաքաղվելու էֆեկտն ավելի քիչ է, քան երաժշտություն լսելու դեպքում»,-օրինակ բերեց մաեստրոն:

Ապա հավելեց. «Երաժշտությունը ենթագիտակցության վրա մեծ ուժ ունի, արվեստը, դասական երաժշտությունը կարող են կյանքի որակ փոխել… Մոցարտը, Ռիմսկի Կորսակովը ուժ է, էներգետիկ պաշար է, որ մտնում է ձեր մեջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031