Լրահոս
Օրվա լրահոսը

Աժ-ում գողականների անուններն են թվարկում. «Oրենքով գողերի, քրեական հեղինակությունների դարաշրջանը ավարտվել է». Ռուստամ Բադասյան

Նոյեմբեր 07,2019 19:30

«Նորատուսցի Ալիկ, Չարբախցի Գեղամ, Ղռերի Ավո, Ալավերդցի Վահագ, Ալավերդցի Զորիկ, ոմն Պզո…»  ահա այսպես այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի համար թվարկեց քրեական հեղինակությունների՝ օրենքով գողերի ու գողականների անունները: Պետրոսյանն ասաց, որ բոլորին էլ ճանաչում է, գիտի: Իսկ հանձնաժողովում քննարկվում է կառավարության նախագիծը, որով առաջարկվում է  քրեական ենթամշակույթ կրող անձանց, խմբավորումներին քրեական պատժի ենթարկել:

Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս նախագիծն օգնելու է պայքարել Հայաստանում վաղուց քաղցկեղ դարձած գողականի դեմ, գողական ենթամշակույթի դեմ. «Կար ժամանակ, երբ երեխային հարցնում էիր, ասում էիր՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր՝ գող»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան էլ հավելեց. «Հեղափոխության օրերին, երբ ցույցեր էին կազմակերպվում, որ ասում ենք՝ անորոշ է, անորոշ է, պարզ չի՞ թե ովքեր էին լոմերով, քարերով լարվել խաղաղ ցուցարարի հետեւից, պարզ չի՞ Բժշկականի խաչմերուկում ովքեր էին մեքենայից իջնում ու հարձակվում խաղաղ ցուցարարի, ուսանողների վրա, ովքեր իրենց իրավունքներն էին իրացնում: Պարզ չի՞ օրենքով գողին դիմել ինչ է նշանակում, ո՞ւմ համար պարզ չի: Քանի՞ անգամ ենք պրակտիկայում նմանատիպ դեպքերի հետ առնչվել: Պարզ չի՞ ինչի համար են դիմում, ինչ գործիքակազմ ենք այդ խմբերը կիրառում պարզ չի՞ էն մարդկանց հոգեբանական ու հոգեկան վիճակը, երբ ստիպված երկիր են թողնում գնում, որովհետեւ հետապնդվում են նման տարրերի կողմից: Պարզ չի՞, որ Հայաստանում ամոթ է ուղղակի 2019-ին խոսել, որ կարող է  մարդ լինել,որը չներկայացնի պետությունը, ժողովրդի կողմից օրինական ձեւավորված իշխանություն, չլինի ոստիկանություն, չլինի դատախազություն ու հարկադրանքի, պարտադրանքի լեզվով խոսել քաղաքացիների հետ ու մենք հանդուրժե՞նք դա: Չի՛ լինելու նման բան, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Էս օրենքը մշակվել է այն մարդկանց մասնակցությամբ, որոնք շատ մոտիկից տեսել են հեղինակությունների, մասնակցել են այս օրենքի մշակմանը, լավ պատկերացնում են ում հետ գործ ունեն: Մենք սրանով կարեւոր քաղաքական հաղորդագրություն ենք հղում՝ օրենքով գողերի, քրեական հեղինակությունների դարաշրջանը ավարտվել է: Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժել նման անձանց առկայությունը»:

Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930