Լրահոս
Օրվա լրահոսը

98-ի քարոզչական հիսթերիայի դասերը

Դեկտեմբեր 12,2019 10:00

«Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»: Եթե նման բան ասեր որեւէ հումանիստ՝ ասենք, Լեւ Տոլստոյը, Մահաթմա Գանդին կամ Ալբերտ Շվեյցերը, ապա ես դա անվիճելի ճշմարտություն կհամարեի: Իսկապես, կալանքով կամ ընդհանրապես մարդու կրած ցավով, տառապանքով ուրախանալը ապակառուցողական էմոցիա է՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Ուրիշ բան, որ քաղաքացին կարող բավարարվածության զգացում ունենալ, որ իր պետության օրենքները գործում են, եւ իր այն համաքաղաքացիները, որոնք խախտել են այդ օրենքները, կանգնել են դատարանի առաջ ու որոշ ժամանակով մեկուսացվել են հասարակությունից: Բավարարվածության զգացում՝ այո, ուրախություն՝ ոչ:

Բայց երբ այս պնդումն անում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մի մարդ, որն իր ղեկավարության տասը տարիների ընթացքում զբաղված էր նրանով, որ բորբոքում էր այդ նույն դեստրուկտիվ հույզերը, դա վերին աստիճանի տարակուսելի է: «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ», – ասել է Քոչարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում: Չեմ կարծում, որ 65 տարեկան քաղաքական գործիչը կարող է մոռանալ, թե ինչ էր կատարվում 98 թվականին, երբ առաջին նախագահին ուղղված «Ղարաբաղը ծախելու» կեղծ մեղադրանքով նա եկավ իշխանության: Այո, հասարակական կարծիքը խիստ բացասաբար էր տրամադրված Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի հանդեպ: Բայց այն պնդումը, թե ինքը՝ Քոչարյանը որոշել էր ապագա կառուցել, ոչ թե պայքարել անցյալի դեմ, ամենեւին չի համապատասխանում իրականությանը:

1998-ի գարնանից սկսած քոչարյանական քարոզչությունը՝ «Հայլուրի» գլխավորությամբ եւ դաշնակցական մամուլի մասնակցությամբ հիստերիա էր բորբոքում «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ՝ թիրախավորելով Տեր-Պետրոսյանին, Սիրադեղյանին, Շահնազարյանին եւ նախկին այլ ղեկավարների: «ՀՀՇ-ականն» այն ժամանակ հայհոյանք էր եւ հավասարազոր էր «թալանչի» որակմանը: Հորինվել էր «ցրտի-մթի տարիներ» քարոզչական պիտակը, որը կոչված էր ստվերել արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակը: Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար էր նշանակվել Դավիթ Վարդանյանը, որը «մուռ ուներ» նախկին զինակիցների հանդեպ եւ «կոմպրոմատներ» էր պեղում նրանց դեմ (առանձնապես բան չգտավ): Հեռու եմ այն մտքից, որ 1991-98 թվականներին հանցագործություններ չեն կատարվել, բայց դրանցով պետք է զբաղվել առանց ամբոխի ստորին բնազդները բորբոքելու: Այնպես որ, Քոչարյանը շատ ագրեսիվ ձեւով պայքարում էր անցյալի դեմ: Ինչ ցանել է, դա էլ հնձում է:

Ինչի համար եմ այս ամենը հիշեցնում: Երկրորդ նախագահին ճշմարտությունը բացարձակապես պետք չէ՝ նա զբաղված է իր «պաշտպանական մարտավարությունն» իրագործելով: Բայց գուցե դա պետք է այսօրվա իշխանությանը, գուցե այն դասեր քաղի 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից եւ դրանց հետեւանքներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդար չէ վերեւ գրուածը, եւ յստակօրէն կողմնակալ է: «Պայքարիլ անցյալի դեմ»ը մի բան է, այժմու կացութիւնը՝ էապէս այլ բան: Այս քաւութեան նոխազը բաւարար պիտի չլինի, ու այս վարչակարգը – եւ հետեւաբար լրիւ երկիրը – պիտի վճարեն գինը տեղի ունեցող այս ծայրագոյն անիրաւութեան: Իսկ Քոչարյանի բանտարկութիւնն ալ թող լինի իր ազգային զոհաբերման այժմու հանգրուանը, իրեն հանդէպ միայն յաւելեալ յարգանք աւելացնելով իր համակիրներուն մօտ: Մարդը հրեշտակ մը չէ, սակայն այն հրէշն ալ չէ որ ներկայացւում է այժմ: Իսկ խորապէս անարդար է որ միայն իրեն ուղղուի անցեալից «դասեր քաղելու» պատգամը:

  2. Հ.Շ. says:

    Revisionismի ջանքերը տկար են, եւ ի զուր են: 2008-ին պետական յեղաշրջման փորձ տեղի ունեցաւ Երեւանի մէջ, 22% քուէներ ստացած Լեւոն Տէր-Պետրոսյանի ղեկավարութեամբ – որ փաստօրէն մինչ այդ ազատօրէն գործում էր -, եւ որուն յատկապէս կատաղած աջակիցն էր Նիկոլ Փաշինյանը: Օրուայ նախագահը ստանձնեց իր պետական պատասխանատւութիւնը, եւ օրինական ուժի համաչափ կիրառումով, համեմատաբար նուազագոյն քանակի զոհերով, վերջ դրաւ ծայրագոյն անկարգութեան: Անհամար բաղդատականներ կան նորմալ աշխարհի մէջ, բայց միայն այժմ տակաւին ֆրանսայում տեղի ունեցող «ժիլէ ժօներու» շարժումին ընթացքին, ցարդ, 1Օ անձեր իրենց կեանքերը կորսնցուցած են: Սակայն ոմանք ուզում են որ Հայաստանը լինի Disneyland. Մինչդեռ բանտեր չկան այդտեղ… ոչ ալ mob lynching…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031