Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Բուռնաշը սուտ մատնություն է արել»

Դեկտեմբեր 16,2019 22:44

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։ Տվյալ պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության։

«Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ ինքը պատահաբար է տեղեկացել նշյալ հոդվածների մասին. «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, որեւէ մեկը ոչ իմ, ոչ իմ աշխատակիցների հետ որեւէ բան չի խոսել, ուղղակի խուզարկության օրը փաստաբաններից ենք իմացել, թե ինչի մասին է խոսքը…Ես էլ ասում եմ՝ միգուցե անփութորեն ինչ-որ բաներ եղել են, բայց միտումնավոր չի եղել, ես չեմ համարում, որ տասնյակ միլիոններ ներդրած մարդը կարող է մեկ միլիոն դոլար չարաշահել»: Նաեւ հավելեց, որ իրեն դեռեւս չեն հարցաքննել:

Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, եւ իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Ըստ նույն, աղբյուրի, իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է:

«Պետբյուջեի՞ց»,-հաղորդման ժամանակ զարմացավ Ռուբեն Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը եւ շեշտեց, որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում:

Հրապարակայնորեն ասում եմ՝ ՈՒԵՖԱ-ն ծրագրային որեւէ կոպեկ, որեւէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի Հրազդան մարզադաշտի վրա ծախսվի: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի խաղից առաջ լինի նորմալ վիճակ մարզադաշտում, քանի որ երկրպագուների թիվը կարող է մեծ լինել: Փորձել եմ հանդիպել Աղաբաբյան Աշոտին՝ Բուռնաշին եւ առաջարկել եմ այսպիսի բան՝ մենք ներդրումներ ենք անում, իրենք քսան տարի տրամադրում են մարզադաշտը անհատույց՝ հավաքականի խաղերին: Դրանք ոչ ՈՒԵՖԱ-ի գումարներ են եղել, ոչ իմ անձնական, ոչ էլ ինչ-որ մեկի, ֆեդերացիայի սեփական գումարներով վերանորոգել, կարգի եմ բերել մարզադաշտը»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Խոսելով յուրացման մեջ իրեն մեղադրելու մասին՝ ասաց. «Ոստիկանությունը միշտ շտապում է, չկա մի մասնագետ, որը կարող է զուտ մասնագիտական շինարարական վերլուծություն անել եւ ասել՝ յուրացվել են գումարները, թե ոչ: Հիմա, երբ որ գործը հանձնվել է քննչական մարմիններին, քննչական մարմինները հստակ քննություն եւ ստուգումներ կիրականացնեն, եւ եթե կտեսնեն, որ յուրացումներ եղել են, խնդիր չկա, ես կվերականգնեմ դա: Սա հերթական մանիպուլյացիան է, ոստիկանության ոճը, մի հատ էլ պատգամավոր ատեսակի մարդ կա, կարծեմ Արեն էր անունը (նկատի ունի Արեն Մկրտչյանին-Գ.Հ.), դա էլ հայտարարեց, որ ես իբր հափշտակումներ եմ կատարել, ինքն էլ միանգամից դատավոր դարձավ ու մեղադրանք առաջադրեց, այն դեպքում, երբ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031