Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիները Փաշինյանին աջակցում են զուսպ եւ զգուշորեն

Մարտ 18,2020 12:00

Անցյալ շաբաթվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Այս այցը շատերը կապեցին Հայաստանում ծրագրված հանրաքվեի անցկացման առիթով եվրոպացի պաշտոնյաների աջակցությունը ստանալու մտադրության հետ:

Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներում հնչել են նաեւ ուղերձներ, որոնք արտացոլում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Եվրոպացիները այս փուլում կարեւորում են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը: Շառլ Միշելը ողջունել է Փաշինյանի այցը եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Փաշինյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը եւ վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մամլո հաղորդագրությունում նաեւ ասվում էր, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարեւորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը եւ հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել եւ աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար: Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Նույն օրը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում Փաշինյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Դոնալդ Տուսկն ասել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլեւ Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության եւ քաղաքական գործիչների շրջանում՝ «ՀՀ նոր իշխանությունների եւ անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարեւորագույն կապիտալ է»:

Փաշինյանն ու Տուսկը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարեւորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների եւ ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջեւ սերտ ու ակտիվ համագործակցությունը: Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին: Նրանք քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող գործընթացները: «ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը», ասվում էր մամլո հաղորդագրությունում:

Բրյուսելում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Նրանք կարեւորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը եւ քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր:

«Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական եւ այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ ՀՀ կառավարության հաստատակամ ու հետեւողական քայլերն այդ ուղղությամբ: Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր բաղադրիչ ՀՀ վարչապետը եւ Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը»:

Նշվում էր նաեւ, որ Փաշինյանն ու Բորելը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին, ինչպես նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Փաշինյանի այցի հիմքում ի՞նչ արդյունք կա ԵՄ-Ադրբեջան ապագա փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ ոչ հավասարակշռված ձեւակերպում թույլ չտալու առումով, կամ՝ առհասարակ քննարկվե՞լ է այս թեման, հայտնի չէ:

Եվրոպացի գործընկերները վերջերս գերադասում են առանձնապես չծավալվել նաեւ վիզաների ազատականացման թեմայով, կամ՝ հանդես գալ անորոշ ձեւակերպումներով:

Անցյալ ամսվա վերջին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ նկատելով, որ վիզայի ռեժիմի ազատականացումը նախատեսված է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով եւ որը հնարավորություն կտա երկխոսություն սկսել այս թեմայի շուրջ, նշեց, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովն առաջընթաց էր տեսել վիզաների ազատականացման համաձայնագրի իրականացման գործում:

Սակայն միեւնույն ժամանակ դեսպանը հավելել էր. «Հայաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում այդ համաձայնությունը ձեռք կբերվի եւ որ երկխոսությունը շուտով կսկսվի: Փաստացի, սա նշանակում է, որ մենք պետք է նստենք եւ մշակենք ճանապարհային քարտեզ, որը, ի վերջո, կհանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրին»:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամ որոշ երկրներ կտրուկ դեմ են Հայաստանին հիմա նման հնարավորություն ընձեռել՝ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մեծ հոսքի վտանգ տեսնելով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031