Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը՝ վարակի օջախի մասին. «Չեմ կարող պնդել, որ բոլոր անձինք բացահայտված են եւ ամեն ինչ վերահսկվում է»

Մարտ 26,2020 15:56

Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերը, որոնք կարելի է համարել վարակի օջախներ, ինչպես օրերս հայտարարվեց՝ Երեւանում Էրեբունի համայնքի ու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի արտադրամասերն են:

Այսօր Aravot.am-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե այս արտադրամասերի հետ կապ ունեցող քանի անձ է մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել, արդյոք այս օջախներից վարակի շղթան, այսպես ասած, բացվե՞լ է, եւ վերահսկողությունից դուրս եկել, նախարարը կարո՞ղ է պնդել, որ այս եւ այլ օջախների հետ կապ ունեցող բոլոր անձինք բացահայտված են եւ վերահսկվում են:

«Չեմ կարող պնդել, որ բոլոր անձինք բացահայտված են եւ ամեն ինչ վերահսկվում է, բայց կարող եմ ասել, որ այդ երկու արտադրամասի հետ շփումներ ունեցած մի քանի հարյուր անձ է մեկուսացվել»,-ասաց Թորոսյանը:

Նա վստահեցրեց՝ ստույգ թիվ հնարավոր չէ ասել, թիվն անընդհատ է փոփոխվում. «Երեկ 140 անձ մեկուսացվել է էրեբունի արտադրամասի թե՛ աշխատակից, թե՛ կոնտակավոր, այսօր եւս շարունակվում է այդ գործընթացը: Եվս 2, թե 3 հարյուր հոգի մեկուսացվել էր նախորդ արտադրամասից: Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ շատ երկար է տեւում եւ մենք չենք դադարեցնում այն, քանի դեռ ունենք կասկած, որ չի ավարտվել եւ քանի դեռ ունենք ռեսուրս այդ մարդկանց գտնելու եւ պահելու: Որովհետեւ գալու է մի պահ, որը մենք անընդհատ պետք է հետաձգենք, հույս ունենալով, որ այն չի գա, վստահ չեմ, որ կգա, բայց հնարավոր է, որ կգա, եւ որ այդ վերջնական հիվանդին չենք կարողանալու գտնել, պարզապես փորձելու ենք գտնել բոլոր ախտանիշ ունեցողներին»:

Թորոսյանն ասաց, որ թեստը դնում են բժշկական ցուցումով եւ համաճարակաբանական ցուցումով. «Բայց գուցե կգա մի պահ՝ մենք համաճարակաբանական ցուցումը կդնենք մի կողմ ու միան բժշկական ցուցումով կդնենք՝ երբ հիվանդացության աշխարհագրությունն ու դեպքերի թիվը մեծանա: Մեր խնդիրն է՝ որքան հնարավոր է հետաձգենք եւ օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա բեռը վերցնել: Այս խնդիրը դրված է բոլոր պետությունների եւ առողջապահական համակարգերի առաջ»:

Թե վարակի տարածվածության պիկը երբ կլինի եւ երբ այն կթուլանա, նախարարն ասաց՝ նման կանխատեսում չկա. «Հույս ունենք՝ եթե նույնիսկ աճի տեմպը պահպանվի՝ բարենպաստ տեմպ է, որովհետեւ տոկոսային հարաբերակցությամբ՝ նախորդ գումարային դեպքերի վրա հարաբերելով՝ շատ ավելի փոքր տոկոսով է աճում: Նույնիսկ բացարձակ թվերով է փոքր տոկոսով աճում՝ մենք ունեինք վերջին օրերին՝ երկուշաբթի՝ 40, երեքշաբթի՝ 30, չորեքշաբթի՝ 25, եթե այս տրամաբանությամբ գնանք, ինչը արդյունք է նաեւ մեծաթիվ մեկուսացումների ու հետաքննության: Հույս ունենք տեղաշարժի այս 7 օրերի սահամանփակումն էլ կազդի (երաշխիք չկա, որ 7 օրը չի շարունակվի) ու արտակարգ ռեժիմն էլ նպաստելու են, որ թվերի աճի զսպում ունենանք: Այլ գործոններ էլ կան, չենք մոռանում եղանակի մասին, որը կարծես մեզ մի քիչ «քաշում է», ուշ է տաքանում, մի քիչ շուտ տաքանար՝ լավ կլիներ, որովհետեւ ազատ, տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում»:

Թորոսյանը վստահեցրեց՝ փորձելու են այնպես անել, որպեսզի այդպիսի պիկ չունենանք. «Որովհետեւ եթե այնպիսի պիկ ունենանք, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար, թե՛ առողջապահական, թե՛ հումանիտար առումով: Բոլորի պարտքն է պիկը թույլ չտալը, դա մեր քաղաքացիների, կառավարության, բոլորի պատասխանատվությունն է»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Donnerstag, 26. März 2020

Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակի, այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսով հաստատված 290 դեպք կա, 25-ը՝ նոր դեպքեր են, բուժված՝ 18, 0 մահ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031