Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ հարդը ցորենից բաժանվի

Մարտ 28,2020 15:30

1990-ականների սկզբին ամենից սիրվածը հայ կամավորականն էր, որին պաշտամունքի աստիճանի էին հասցնում նույնիսկ ծառայությունից խուսափելու համար ռուսաստաններ ճողոպրածները, ամեն խնջույքի նրա կենացը հոտնկայս խմողները: Բնական է. մարդիկ ուզում էին անվտանգ ապրել, խուսափել մահվանից, ազատվել մահվան վախից, բայց դա իրենց փոխարեն աներ ուրիշը՝ կամավորականը, ինչպես միայնակ Մսրա Մելիքի դեմ կռիվ գնացող Սասունցի Դավթին էին ճանապարհում ոչ միայն «Սասմա մերերն ու քուրերը», այլեւ զինապարտության տարիքի «Սասմա ախպեր տղերքը»: «Սիրում» էին վախից, եթե միայն դա սեր կարելի է կոչել:

Երբ տարիներ առաջ երեւանյան ռեստորաններից մեկում սպանվեց Հայկական բանակի մի սպա, եղան ցույցեր, քայլերթեր, գրվեցին տասնյակ ցասումնալից հոդվածներ, թե՝ ինչպե՞ս կարելի է սպանել հայ զինվորին: Այսինքն՝ ինչ-որ տեղ թերեւս կարելի՞ էր վարորդի, բժշկի, ոսկերչի սպանել, բայց փրկության միակ աղբյուրի՝ զինվորականի սպանությունը իբր դուրս էր բոլոր պատկերացումներից, դա աններելի էր: Իհարկե, այստեղ կրկնակի փարիսեցիություն կար, քանի որ հետպատերազմյան Հայաստանում չի եղել գոնե կարճատեւ մի շրջան, երբ բանակում հայ զինվորներ չսպանվեին հայ ծառայակիցների կողմից, բայց այնուամենայնիվ այդ մոտեցումը խորքում ուներ չգիտակցված մի անկեղծություն՝ պայմանավորված նույն վախով: Մեր ազգային վախն այդ պահին առաջին հերթին կենտրոնացած էր դեպի թուրքը, իսկ թուրքին կանխողը՝ միջին վիճակագրական հային անվտանգության զգացողություն ներշնչողը, տվյալ պահին զինվորն էր: Նրան բարձր գնահատում էին, բայց ոչ արժեւորում:

Մինչեւ մի նոր վախի աղբյուրի՝ կորոնավիրուսի ի հայտ գալը, ամենուր հնչում էին երգի այս տողերը.

«Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք,

Մենք ձեզի մեռնինք,

Դուք եք փրկիչ մեր հայ ազգի,

Ձեր հույսով կապրինք»:

Այստեղ բանալի բառերը «փրկիչն» ու «հույսն» են: 2000 տարի շարունակ համաշխարհային կրոններից մեկի՝ քրիստոնեության հետեւորդները որպես աքսիոմա կրկնել են, թե միակ փրկիչը Հիսուսն է, որ հենց այդպես էլ թարգմանվում է հրեերենից: Փրկչի կարիքը զգացվում է, երբ ֆիզիկայի օրենքներով անհնար է, եւ միակ հույսը մնացել է հրաշքը՝ զինվորի կամ մեկ այլ տեսքով, նայած թե ո՛ր կողմից է այդ պահի վախն ավելի զորեղ: Մարդկային բնույթն էլ ստիպում է առարկայացնել, շոշափելի դարձնել հրաշագործին՝ փրկչին – լինի կուռքի, սրբապատկերի, թալիսմանի տեսքով:

Շատերը կհիշեն համաշխարհային ԶԼՄ-ներով անընդհատ հեռարձակված այն կադրը, թե ինչպես էր մահացու հիվանդ, մահախուճապ Յասեր Արաֆաթը՝ պաղեստինյան ռազմական սարսափազդու առաջնորդը, Ֆրանսիայում օդանավից պատգարակով իջեցվելիս համբուրում իրեն բուժելու տանողների ձեռքերը: Նրա համար արդեն հրաշագործը ոչ թե իր զենքն ու զինվորներն էին, այլ այդ նրբավարք բժիշկները: Այսինքն՝ ամենամեծ անորոշության՝ մահվան հանդեպ վախի հարուցիչն ու սահմանային վիճակում հայտնվածի հոգեբանությամբ որեւէ մեկի մեջ փրկիչ որոնելը ազգային պատկանելություն չեն ճանաչում: Փսիխոզը, ավելին՝ զանգվածայի՛ն փսիխոզը հատուկ է բոլոր հանրույթներին՝ անկախ նրանց մշակութային զարգացածության, տնտեսական բարեկեցության աստիճանից ու աշխարհագրական տեղակայումից: Մարդ ամեն տեղ է մարդ՝ թույլ, վատուժ, հրաշքների սպասող. կամ ինչպես Չարենցի վիպակի՝ խանձված ու գորշ բլուրներին նայելող կալանավոր հերոսը կասեր՝ «Բնությունն ամեն տեղ է բնություն»:

Մենք ֆիդայուն կամ զինվորին, նախագահի թեկնածուին կամ բժշկին… առաջին պլան ենք մղում ելնելով նրանից, թե որտեղից է մեր այդ պահի վախը:

Այս օրերին Չինաստանից մինչեւ Իտալիա, Վրաստանից մինչեւ Հայաստան պատշգամբային սիրազեղ ցույցեր են արվում՝ ի շնորհակալություն բժիշկների: Բոլորն էլ գիտեն, որ դեռեւս գտնված չէ COVID-19-ի բուժամիջոցը, եւ բժիշկը լավագույն դեպքում կարող է միայն ախտորոշել եւ արհեստական շնչառություն միացնել, բայց միեւնույն է՝ վախի ազդեցության տակ որպես փրկիչ է գիտակցվում հենց բժիշկը: Եվ դա այն բժիշկն է, որին երեկ, երբ մի փոքր ուշանում էր շտապօգնության կանչի ժամանակ, չէին զլանում ծեծել, իսկ երբ իրենց պատկերացրածից ավելի դրամ էր պահանջում, չէին զլանում տիեզերական անեծքներ հղել: Ավելին՝ բոլորն էլ հասկանում են, որ բժիշկները չէ, որ գտնելու են իրենց վախի աղբյուրի՝ COVID-19-ի բուժամիջոցը, այլ այն քիմիկոս ու կենսաբան գիտնականները, որոնք իրենց լաբորատորիաներում են ու երբեւէ չեն շփվել իրենց հետ:

Մարդկային, բայց առավելապես մե՛ր ազգային գիտակցման մեջ կա զինվոր, բժիշկ, օլիգարխ/ձեռնարկատեր, հողագործ, հացթուխ, երաժիշտ… բայց չկա Մարդը – բոլորը հավասար չեն մեր ընկալումներում: Մեր աշխարհզգացողությունը մարդակենտրոն չէ: Այդ անհավասար մոտեցումը կանգնեցնում է համակարգի, լինի կենտրոնաձիգ, թե ապակենտրոն, գործունեությունը: Այս համավարակը գուցե մեզ տանի մի նոր մակարդակի նախավերածննդի՝ հումանիզմի դարաշրջան, ուր պահի առաջնահերթությունները չբացառելով հանդերձ՝ արժեւորվի Մարդը՝ դադարելով սպառող ու պոպուլիստների համար պարարտ հող՝ ընտրազանգված ընկալվելուց: «Ընտրասերված այդ ստոր միջինի», ինչպես Լոուրենս Արաբիացին կասեր, համար է, որ ընթացել է պայքարն ու համատարած խաղացվում է տարբեր «լեվլների» Տիգրան Կարապետիչի դեր: Պոպուլիզմն այն փոքրիկ օղակն է, որ կոչված է կապելու հին ու նոր աշխարհները, հին ու նոր Մարդուն:

Իսկ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ պատշգամբներից միաբերան «Bella ciao» երգող մեկուսացված իտալացուց մինչեւ փողոցներում դեռեւս համբուրվող հայը հաղթահարեն այս ու այն մասնագիտության կրողի մեջ հրաշք որոնողի վախը, որի մասին շատ դիպուկ դեռեւս տասնամյակներ առաջ իր մի հարցազրույցում, որպես աստվածաշնչյան բաց թողնված պատվիրան, ասել էր Ռուբեն Հախվերդյանը՝ «Մի՛ վախեցիր»: Ի՞նչ է լինելու, երբ հաղթահարողներ լինեն այս համաշխարհային սթրես-թեստը (ցնցմամբ ստուգումը): Արդեն հիմա, թեեւ ոմանք դեռ շարունակում են չափել մարքսյան ժամանակների տնտեսությամբ, բայց շատերն արդեն պատշգամբներ են ելնում ոչ թե իրենց արժեզրկված զարդերով, այլ երգերով: Մարդիկ սկսում են հասկանալ, որ պատերազմներից անդին մեկ ուրիշ՝ ավելի ազդեցիկ ու իրական պատերազմ կա, եւ ՄԱԿ-ի մակարդակով դադարեցման արգելանք են դնում բոլոր հակամարտությունների վրա, որոնք մինչ այժմ որպես կյանքի իմաստ են ընկալվել:

Գները կաթվածահար են լինում միջազգային սակարաններում, մարդիկ ինքնավտանգվելով փոխօգնության ձեռքեր են կարկառում միմյանց: Ռազմաճակատի հստակ գիծ չունեցող այս պատերազմում մեռնում է Նիցշեի վերջին մարդը՝ մեղկ ու վախկոտ, հաշվարկող ու արհեստականացված բանականությամբ: Բայց դեռ, ինչպես Քամյուն էր ասում, «Տիեզերքի հսկա կալում անողոք սանդաթակը խփելու է մարդկային հատիկին, մինչեւ որ հարդը ցորենից բաժանվի», մինչեւ որ քանդվի Pink Floyd-ի Պատը: Եվ կապրի ու «կտա բազում հասկեր» միայն նա, որ հարդ չէ: Խնդիրն այն է, թե մենք, որ հազարամյակների մեջ մեր հարդի հետ միասին խարույկին ենք տվել նաեւ մեր հատիկը, կարողանալո՞ւ ենք առաջնայինը երկրորդականից տարբերել, ընկալել նոր կենսոլորտի չափումները, որպես Նոյ՝ կարողանալո՞ւ ենք տապանի մեջ առնել հենց հատիկը եւ ո՛չ հարդը, թե՞ մեր նկուղներն ու ավտոտնակներն ենք առնելու «տուշոնկաներ», ոսկի, ավտոմեքենաներ… Մենք փորձառությունը, կարծես թե, ունենք. Թումանյանը, Անդրանիկը, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը… Մեծ եղեռնի ընթացքում ոսկով հայ մանուկներ էին քրդից փրկագնում, ոչ թե հանքավայրեր կամ արժեթղթեր:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031