Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հնչի փողոց ելնելու շեփորը

Ապրիլ 04,2020 15:00

Բարդ համակարգերը թեեւ առավել հարմարավետություն են ապահովում, բայց ավելի խոցելի են: Նյու Յորքում կարճատեւ հոսանքազրկման պատճառով եղան վթարներ, լուրջ կորուստներ: Պերմի արդիական ժամանցավայրերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 156 մարդ զոհվեց: Առաջին դեպքում խափանվել էր բաշխիչ ցանցի գերժամանակակից թվային ուղեղը, իսկ երկրորդում՝ դարձյալ արդիական հակահրդեհային համակարգը: Այդպիսի բան հնարավոր չէ, ասենք, Բարձրավան գյուղում, ուր ոչ մի լուսաֆոր չկա, ուստի դրանով պայմանավորված վթարներ ու զոհեր չեն կարող լինել. ոչ էլ հրդեհից այդքան մարդ կզոհվի, թեեւ չկան հակահրդեհային համակարգեր: Կյանքերն այն գինն են, որ հանրույթը վճարում է հարմարավետության աստծուն: Բայց դա է առաջընթացի ճանապարհներից մեկը:

1988թ. երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում զոհերի տոկոսային հարաբերությունն ավելի փոքր էր, քան Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում: Քաղաքներում մենք կառուցել էինք բազմահարկեր՝ մեր ազգային ներքին ավանդութացված մշակույթին համապատասխան՝ ցեմենտը լափելով, ինչպես բնորոշեցին հետո: Նալբանդի զոհերի մեծագույն մասն էլ հենց նորակառույց դպրոցում ու կարի արտադրամասում էր: Եվ այդ երկրաշարժը պատռեց մեր Տաճարի վարագույրը: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի անց Կալիֆոռնիայում տեղի ունեցած առավել ուժգին երկրաշարժը մեր 25 հազար զոհի փոխարեն խլեց ընդամենը 67 կյանք, իսկ Ճապոնիայում տարեկան մի քանի անգամ տեղի ունեցող առավել ուժգին երկրաշարժերի ժամանակ ընդամենը պատահական անցորդներ են զոհվում փողոցում, բայց ոչ երկնաքերների փլատակների տակ: Երկնաքերներն այնտեղ չեն փլվում, ինչպես որ չի փլվում «միհարկանի Ամերիկան»:

Մինչեւ Արցախյան շարժումը Երեւանի՝ «ամեն հայի հույսի տան» առնվազն կենտրոնում երեքից երկուսը միմյանց հետ ոչ հայերեն՝ ռուսերեն էին խոսում, մինչդեռ հեռավոր Վերին Սասնաշենում ծաղկում էր հայերենը՝ ամեն հայի իրավամբ հույսի Տունը:

Սառը պատերազմի տարիներին, գուցե նաեւ հիմա, զանգվածային ոչնչացման զենքերի թիրախ էին դիտարկվում, ասենք, Կովկասում՝ Երեւանը, Բաքուն, Թիֆլիսը, բայց ոչ Կոթի գյուղը, Քոբուլեթի ավանը կամ Շամախի քաղաքը:

Բայց արդյո՞ք սա նշանակում է, թե «Բաղնիքդ անուշ» ֆիլմի երգի օրինակով՝ դատապարտված ենք մտածելու, որ «Եթե տուն չունես, ապա հրդեհը տան համար սարսափելի չի լինի»: Տան հրդեհից խուսափելու համար տուն չունենալը լավագույն ելքը չէ: Առանց Տան՝ պետականության, մենք ապրեցինք 600 տարի, բայց Առաջին համաշխարհայինի հրդեհը հենց մեզ իր ճարակը դարձրեց: Մենք ամենեւին չենք կարողանա ողջամիտ պատասխան գտնել այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի կրկնակի տարածքն ու նույնքան բնակչություն ունեցող Լիտվայի դասական եվրոպական մայրաքաղաք Վիլնյուսի բնակչությունը 600 հազար էլ չկա՝ այդ երկրի բնակչության ընդամենը 20 տոկոսը. ինչո՞ւ Հայաստանի կրկնակի տարածքն ու նույնքան բնակչություն ունեցող Լատվիայի դասական եվրոպական մայրաքաղաք Ռիգայի բնակչությունը դարձյալ գրեթե նույնքան է՝ երկրի բնակչության 30 տոկոսը. ինչո՞ւ Հայաստանի մեկուկես տարածքն ու գրեթե մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Էստոնիայի դասական եվրոպական մայրաքաղաք Տալլինը կես միլիոն բնակչություն էլ չունի, իսկ մենք հպարտանում ենք, որ հինավուրց պատմությամբ մեր ազգի լուսավորիչ Աբովյանը եվրոպական բարձրագույն կրթություն է ստացել հենց Էստոնիայի՝ նույնիսկ այսօր 100 հազար բնակչություն չունեցող Տարտու քաղաքում: Ուրեմն միլիոնանոց մայրաքաղաքում պատասխանն այլ հատույթում գուցե փնտրենք, որքանով էլ որ ցավալի լինի այն: Փնտրենք մեր կարծրացած պատկերացումների, գոսնացած մտքի ու գլխիվայր շրջված արժեքային քաոսի մեջ: Երեւի եվրոպական մերձբալթիկացիք, ի տարբերություն մեր «Մեկ ազգ՝ մեկ հայրենիքի», որսացել են քվանտային իրականության հրամայականը, իրենց այնքան թանկ հավկիթները տարբեր զամբյուղներում տեղավորելու պարզ թվաբանությունը, մինչդեռ այսօր մենք ժամկետանց գաղափարների նորանոր ձեւակերպումներ ենք որոճում՝ հայացքներս հառած Չինաստանի տասնյակ միլիոնանոց մեգապոլիսներին՝ առանց պատրաստ լինելու չինական բռնությամբ կուլտուրական հեղափոխությունների եւ կորոնավիրուսի դեմ տարած նրանց բրտությունների: Մի քիչ հղի չեն լինում, էգուորձ չեն լինում:

Խնդիրն ամենեւին էլ ընտրություն կատարելուց հրաժարվելու եւ բարդ համակարգերից խուսափելու ու աշխարհից աննկատ մի տեղում ծվարելու մասին չէ, մանավանդ որ այդպիսի տեղեր չե՛ն մնալու արագություններով փոքրացած աշխարհում, այլ այդ բարդ-ը սահմանելու եւ վերասահմանելու, 21-րդ դարի մարտահրավերներին ներդաշնեցնելու ունակության մեջ է: Արագորեն խթանվող թվայնացված մոլորակի վաղվա օրվա մեջ մենք մեզ՝ որպես ազգ եւ պետություն որեւէ դեր վերապահո՞ւմ ենք: Եթե այո, ապա ո՞րն է դա: Դարերի մեջ չաշխատեց Հնդկական ու Ատլանտյան օվկիանոսներն ակոսող հնդկահայ առեւտրային մեր հուժկու կապիտալը, չաշխատեցին որպես աղ մոլորակի վրա շաղ տրված հայազգի ուղեղները, որ իրենց ակներեւ դերակատարումն ունեցան արդյունաբերական երկրորդ ու երրորդ հեղափոխություններում: Մենք «Ջերմուկից» մինչեւ այծի պանիր ու ծիծակ՝ փորձեցինք ներկայացնել որպես մրցունակ արժեքներ, բայց օրինաչափորեն չէր կարող աշխատել սահեցնելու մեր գավառական այդ հավատամքը կամ, որ ավելի վատ է, խորամանկությունը, քանի որ մեր խորամանկելու դեմ դրված էին եւ են հաշվարկված ու հզոր համակարգեր՝ իրենց պահանջն ու ակնկալիքը մոլեկուլյար ճշգրտությամբ գիտակցող:

Հիմա որպես ծառի տակ ինքնամեկուսացած մի Բուդդա տներում են փակվել աշխարհի բոլոր՝ քիչ թե շատ շանսեր ունեցող ազգերը: Եվ մեզնից ու միայն մեզնից է կախված, թե կհասկանա՞նք արդյոք, որ կոմունիստական գիգանտոմանիայով՝ միլիոնանոց մայրաքաղաքով, արդի թվայնացումը միայն համակարգիչների քանակով ու ազատ-վարձու ծրագրավորողների բանակով, հայրենասիրությունը պոռոտախոս երգերի ծեքծեքումներով, իրենց դարն ապրած եւ կեղծավորաբար ազգային հորջորջված կարծրատիպերով, Գյումրի-Երեւան մարաթոնյան ճեմքով ունակություններ չափելով այլեւս անմրցունակ ենք լինելու, հավերժորեն դատապարտվելու ենք Մհերի դռնից դուրս չելնելու:

Այս գուցեեւ կարճատեւ ընթացքը մարդկությանը, այդ թվում՝ մեզ, տրված է խոկալու եւ ինքնակենտրոնանալու համար: Եվ որպես Բուդդա պայծառակերպվելու ու փակված տներից նո՛ր փողոցներ, նո՛ր աշխարհ ելնելու շանսը կունենան միայն նրանք, որոնք ոչ թե ֆիզիկական փրկության խնդիրը հաջողությամբ լուծած կլինեն, այլ գտած կլինեն իրենց դերակատարությունը, առաքելությունը նոր աշխարհում՝ նոր աշխարհի համար հասկանալի ու պահանջարկված: Ի՞նչ ենք գրելու մեր դրոշին, երբ փողոց ելնելու շեփորը հնչի, ի՞նչ հասկանալի լեզվով ենք գրելու – միայն պետք չէ կապկելով թոթվել թե՝ բոլոնիերեն, պասկալ, ջավա… Օրինակ՝ ռուսներն իրենց նոր սահմանադրության մեջ Աստված բառն էին որոշել գրել: Արդյունաբերական երրորդ՝ թվային հեղափոխությունը չմարսած մարդկության դուռը թակում է չորրորդը: Երրորդն արագ մարսելու՝ չորրորդին պատրաստ լինելու համար է մարդկության այս ինքնամեկուսացման դաժան ու օրինաչափ պահը:

Ոչ թե չմեռնելու՝ ֆիզիկապես ողջ մնալու, այլ ապրելու՝ որպես տեսակ կենսունակությունն ապացուցելու, միայն քեզ ինքնահատուկ գյուտն անելու, տեղավորվելու, ինքնառաջադրվելու, պայծառակերպվելու, խաչելությամբ հարություն առնելու, Հոգու եւ Մտքի լվացման համար է այս ինքնակենտրոնացումի ընձեռումը, ինչպես որ նորածնին են լողացնում նո՛ր աշխարհ ընդունելիս եւ հանգուցյալին են լողացնում՝ նո՛ր աշխարհ ճամփելիս: Եվ հիմա թափուր են նախորդ՝ իտալական Վերածննդի փողոցներն ու թանգարանները. հիմա նո՛ր Վերածննդի երկունքի պահն է, իսկ ծնունդները միշտ ցավով ու արյամբ են ուղեկցվում՝ մինչեւ կա՛մ Վահագնի, կա՛մ «Ո՞ւր էիր Աստված»-ի մի վերջին տարբերակի ծնունդ:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
03
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930