Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեմ շվեդական պայքար. բոլորը գնում են գործի, դպրոց, մանկապարտեզ, նույնիսկ՝ ռեստորան

Ապրիլ 08,2020 14:00

Կորոնավիրուսի համավարակի դեմ երկրները տարբեր ձեւով են պայքարում:

Մեծ մասը նույն ձեւով են պայքարում՝ արտակարգ դրություն, փակ սահմաններ, մարդկանց տեղաշարժի սահմանափակում եւ այլ խիստ մեթոդներ, ուսումնական փակ հաստատություններ, փակ ռեստորաններ եւ սրճարաններ:

Սկանդինավյան երկրներից Շվեդիան կորոնավիրուսի դեմ խիստ պայքար չի տանում: 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող այս երկիրը սահմանները չի փակել, դպրոց ու մանկապարտեզ՝ նույնպես, համալսարաններն ու գիմնազիաներն են փակ, սրանք՝ առցանց դասընթացների են անցել: Մարդիկ գնում են աշխատանքի, խանութ, նույնիսկ՝ ռեստորան:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բնակվող հայազգի ամուսինները Լուսինեն եւ Հայկը «Առավոտին» պատմում են, թե ինչպիսին է կյանքը Շվեդիայում կորոնավիրուսի ժամանակ:

Լուսինեն աշխատում է մանկապարտեզում, Հայկը՝ դպրոցում: Նրանք աշխատանքային բոլոր օրերին գնում են գործի:

«Շվեդիայում արտակարգ դրություն հայտարարված չէ, բայց օրինակ մետրոն կիսադատարկ է, խանութների ներսում թույլ չեն տալիս 10-ից ավելի մարդ լինի:

Սահմանները փակ չեն, բայց խորհուրդ չեն տալիս այլ քաղաք կամ երկիր մեկնել: Կառավարությունը հայտարարել է՝ եթե առողջ եք՝ հանգիստ գնացեք աշխատանքի, բայց նույն փակ տարածքում 50 հոգուց ավելի մի հավաքվեք, երեխաներին ուղարկեք մանկապարտեզ, դպրոց»,-պատմում է Հայկը:

Շվեդիայում փակ են բոլոր կինոթատրոնները, թատրոններում, համերգասրահներում միջոցառումները չեղարկվել են վաղուց:

Լուսինեն ասում է՝ փողոցները մարդաշատ չեն, նույնիսկ՝ դատարկ, շվեդներն ինքնակամ են ինքնամեկուսացել, եւ այնպես չէ, որ մարդիկ շատ հանգիստ են, դատարկ փողոցներն ապացույց են այն բանի, որ, այնումենայնիվ, մարդիկ վախենում են կորոնավիրուսից:

«Առաջին օրերին, երբ հայտարարվեց դեպքերի մասին, մարդիկ սկսեցին, ինչպես այլ երկրներում, խանութները դատարկել, հետո՝ ավելի քիչ: Սկզբում մարզասրահները փակել էին, հիմա բացել են: Ռեստորանները զեղչեր են անում, եթե տեղում չնստես, ուտես, այլ պատվերը հետդ վերցնես տանես: Առաքումների ծավալները մեծացել են: Մենք փորձեցինք մի անգամ խանութից մի պատվեր կատարել, մեզ ասացին՝ պետք է սպասեք մեկ շաբաթ: Ոչ պարենային ապրանքների խանութներն էլ են աշխատում, ուղղակի աշխատանքային ժամերն են կճատել»,-պատմում է Լուսինեն: Նա ասում է, դեռ հունվարի վերջին, փետրվարի սկզբին Շվեդիայի կառավարությունը հանրությանը վստահեցնում էր՝ վտանգ չկա, վախենալու կարիք չկա, Շվեդիային ոչինչ չի սպառնում. «Փետրվարի վերջից սկսվեցին դեպքերը, մարդիկ ձմեռային արձակուրդից էին վերադարձել, նրանք հիմնականում տաք երկրներ էին մեկնել՝ Իտալիա, Իսպանիա, ու երբ վերադառնում էին, կառավարությունն ասում էր՝ եթե ախտանշաններ չկան, վատ չեք զգում, գնացեք աշխատանքի: Ու տարածվեց վարակը: Բայց հիմա խորհուրդ են տալիս նույնիսկ թեթեւ վատ զգալու դեպքում տանից դուրս չգալ, հանրային վայրեր չայցելել, ընդ որում, ավելի բարելավել են հիվանդության դեպքում տրվող փոխհատուցումները, հիմա ամեն ինչ անում են, որ մարդիկ հիվանդ գործի չգնան ու չմտածեն ֆինանսական միջոցների մասին»:

Հայկն ասում է՝ շատերը խուսափում են երեխաներին դպրոց ուղարկել, օրինակ՝ իր աշակերտների թիվը զգալի կրճատվել է, 45-ի փոխարեն՝ 10-12-ն դպրոց գնում:

Սա ճիշտ է, թե՝ սխալ, ժամանակը ցույցը կտա. այսպես արձագանքել է Շվեդիայի իշխանությունն ի պատասխան Նորվեգիայի՝ այս երկրին կշտամբող հայտարարությանը, եւ ինչպես Հայկն է մեզ համար թարգմանում, իշխանությունը պատասխանել է՝ ոչ ոք չգիտի, թե որ երկիրն է ճիշտ վարվում, ժամանակը ցույց կտա, այսպես, թե՝ այնպես, բոլորը վարակվելու են, իսկ խիստ սահմանափակումներով կյանքն ու տնտեսությունը խաթարվում է:

Ապրիլի 6-ի դրությամբ, ըստ Շվեդիայի հանրային առողջության պետական գործակալության, երկրում գրանցվել է կորոնավիրուսի՝ COVID-19-ի 7206 դեպք, որոնցից 205-ն ապաքինվել են, 477-ը՝ մահացել, 590-ն՝ ինտենսիվ բուժում ստացող են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
07.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930