Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտագործումից հետո ի՞նչ են լինում մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները, ձեռնոցները, խալաթները եւ ներարկիչները

Ապրիլ 16,2020 16:31

«Կորոնավիրուսը արդի թեմա է դարձել, ու դա հասկանալի է: Այն տեղեկատվությունը, որ մենք համաճարակի ու համավարակի հենց սկզբից ստանում ենք տարբեր երկրներից, որոշակի հարցեր են առաջացնում հանրության եւ ընդհանրապես մարդկության համար, թե իրենից ի՞նչ է ներկայացնում այս հիվանդությունը, ինչպիսի՞ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա եւ ինչպիսի՞ խնդիրներ կարող են ծագել»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Մեկ առողջություն կոալիցիայի» համահիմնադիր Սիլվա Ադամյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ շրջակա միջավայրի խնդիրներին:

«Շատերն են դիմում մեզ՝ մեկնաբանելու, թե ինչպես կարող է այս արտակարգ իրավիճակը դրական ազդել շրջակա միջավայրի վրա: ԶԼՄ-ները տարածում են, թե կորոնավիրուսը օգնել է՝ լուծելու շրջակա միջավայրի խնդիրները: Դա մասամբ բացատրելի իրավիճակ է զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար: Պարզ է, որ այդպիսի երկրներում եթե գործարանները, մեքենաների բազմությունը, որ լուրջ արտանետումներ են ունենում, որոշ ժամանակով կանգնեցվել են՝ բարենպաստ կարող է լինել շրջակա միջավայրի համար:

Բայց կոնկրետ անդրադառնանք Հայաստանի իրավիճակին: Տեսանելի փոփոխություններ շրջակա միջավայրի հետ կապված, մենք այսօր դեռ չունենք: Մի քանի մարդ, որոնք առնչություն ունեն թռչունների հետ, ինձ գրել են, թե այսինչ տարածքում այսինչ տեսակի թռչուններ են հայտնաբերվել, որոնք մինչեւ հիմա չկային: Դա հասկանալի պրոցես է: Եթե մարդկանց բազմությունը մի տեղ քչանում է եւ չի խանգարում վայրի կենդանիների ու թռչունների ելումուտին, պարզ է, որ որոշ տեսակներ կարող են իրենց ավելի լավ զգալ:

Բայց իրականում շրջակա միջավայրի հետ կապված մենք Հայաստանում ունենք բավականին լուրջ այլ խնդիրներ: Դրանք կապված չեն միայն կորոնավիրուսի հետ, շատ ավելի լուրջ են ու ազդում են թե կենդանական աշխարհի, թե մարդու առողջության վրա: Օրինակ, թափոնները: Դրանք են՝ բժշկական ձեռնոցները, դիմակները, ներարկիչները: Դրանք կտեսնեք ամենուր՝ թե փողոցներում, թե այգիներում, թե այն վայրերում, որտեղ աղբի կուտակում կա: Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին մի քանի անգամ ինքս եմ խոսել, խոսել է նաեւ մեր կոալիցիան:

Ինձ համար մութ է, թե մեկանգամյա օգտագործման ձեռնոցները, դիմակները, խալաթները, ներարկիչները, որ հիմա մեծ քանակությամբ մտնում են Հայաստան, օգտագործումից հետո առողջապահության նախարարությունն ի՞նչ է անում: Այս մասով ոչ մի տեղեկություն չկա: Սա ուղիղ կապ ունի շրջակա միջավայրի եւ աղբավայրերի հետ: Ես իմ ելույթներում դիմել եմ ԱՆ-ին եւ քաղաքապետարանին, թե  ներարկիչների,  ձեռնոցների, դիմակների այս քանակությունը, որ գնում է աղբավայր, մտածե՞լ են, թե հետագայում դրանից ինչ է ստացվելու: Միայն կորոնավիրուսը նկատի չունեմ: Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ձեռնոցների, դիմակների, ներարկիչների միջոցով կարող են հանրության համար շատ լուրջ խնդիր դառնալ: Հիմա էլ հարցնում եմ ԱՆ-ին եւ քաղաքապետարանին, թե մարդկանց էպիդեմիայի հետ կապված սթրեսի մեջ գցելուց բացի, այս առումով ի՞նչ են մտածում:

Թափոնների հարցով պետք է շատ լուրջ զբաղվել, ինչը շատ երկրներում դարձել է լուրջ կենսաբանական խնդիր»,-ահազանգում է Սիլվա Ադամյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930