Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն». Թորոսյան

Մայիս 22,2020 13:38

«Նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները հնարավոր է, որ ինչ-որ մի պահի չհերիքեն»,-այսօր Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքներում դեռ ազատ մահճակալներ կան, սակայն դրանց զբաղվելը եւ ազատվելը հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում. «Դրանք շատ արագ զբաղվում են, բայց կազատվեն շատ դանդաղ, որովհետեւ այն քաղաքացիները, որոնք մնում են վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կամ մնում է կայուն ծանր կամ թեկուզ դանդաղ, բայց բարելավումը մոտ 20 օր տեւում է: Եվ միայն այն քաղաքացիները, որոնց վիճակը կտրուկ վատանում է, կարճ են մնում, քանի որ նրանց կյանքը չենք կարողանում փրկել»:

Նախարարն ասաց, որ վատագույն սցենարի դեպքում էլ ունեն մարտավարություն, բայց դա ամենաանցանկալի բանն է, որը կուզեին, որ տեղի ունենար: Նման դեպքում առողջապահական ամբողջ համակարգը պետք է ներգրավի գործընթացում՝ բոլոր հիվանդանոցները, վերակենդանացման բոլոր բաժանմունքները եւ ամբողջ բուժանձնակազմը: Թորոսյանի խոսքով, դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե շարունակաբար, ունենանք նման բարձր թվեր: Նման պարագայում նախարարն անխուսափելի է համարում բուժաշխատողների վարակվածության թվի ավելացումը:

Նրա տվյալներով, մինչ օրս մոտ 350 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Թորոսյանի խոսքով, մի վատ բան էլ տեղի կունենա. «Հիվանդանոցներում այլ քրոնիկ հիվանդություններով բուժվող քաղաքացիներն էլ ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն եւ նրանց՝ առանց այդ էկ վատ առողջական վիճակը կվատթարանա»:

Արսեն Թորոսյանի խոսքով, իրենց գերնպատակն է դա թույլ չտալ եւ վարկը կառավարելի պահել: Ինչ վերաբերում է մեկուսացումից ինքնամեկուսացման անցումը, ապա, Թորոսյանի խոսքով, այդ գործընթացը ուժերի գերլարում է պահանջելու. «Գումար, մարդկային ռեսուրսներ ծախսելով մարդկանց պահում էինք հյուրանոցներում, դա շատ էական հակահամաճարակային միջոցառում էր, որովհետեւ միայն հիվանդանոցներում եղած քաղաքացիներից մենք ունեցել ենք հազար դեպք, այսինքն՝ հազար հոգի կարող էինք բաց թողնել մեր տեսադաշտից եւ նրանք կլինեին պոտենցիալ վարակակիրներ եւ վարակել այլ քաղաքացիների, բայց մենք կարողացել ենք դա զսպել: Ինքնամեկուսացումը լինելու է հիմնական գործիքը, դրա համար կան տարբեր տեխնիկական, դաշտային միջոցներ»:

Ըստ նրա, հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու. «Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն: Այնքան երկար, քանի դեռ բոլորը չեն վարակվել եւ լավացել, իհարկե, անխուսափելի է մահերը: Այս պահին չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, նույնիսկ հորիզոնում չի երեւում, որը, վստահաբար բոլոր դեպքերը կբուժի կամ՝ պատվաստանյութ, որը կլինի փրկություն այս ամենից, բայց հույսեր, որ մեկ-երկու տարում պատվաստանյութը կլինի, շատ փոքր են: Շատ երկար ժամանակ է պետք, որ փորձարկվեն, արտադրվեն: Իրականում մի քանի ամսից ամեն ինչ շատ լավ չի լինելու, կարող է լավ լինել հարաբերական, կարող է ամեն ինչ վատանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031