Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորականներ կամ «70 հազար ասորի»

Մայիս 23,2020 14:00

Թե՛ նախկինում, թե՛ հիմա մարդկությունը յուրովի փորձել ու փորձում է մի կողմից՝ համավարակների առաջն առնել, մյուս կողմից՝ ծառայեցնել: Ամեն հանրույթ փորձում է հավաքել, կենտրոնացնել իր հոգեւոր, մտավոր եւ գործնական ու կազմակերպչական հնարավորությունները. մեծ հաշվով՝ հայտ է ներկայացնում ապագայում իր պիտանելության համար: Ներկա համավարակի պարագայում տարբեր հանրույթների համար ընդհանուրը թերեւս միայն թվային միջավայրին հնարավորինս ներդաշնակ համապատասխանեցվելն է:

Ռուսաստանն, օրինակ, քարոզչամիջոցներով փորձում է կարեւորել «տրակտորի գործարանը տանկերի գործարանի արագ վերափոխելու» իր վաղեմի կարողությունը՝ արդիական բուժսարքավորումների արտադրություն կազմակերպելով, իհարկե, չմոռանալով եկատերինյան ավանների հանգույն՝ ռմբահարել ուղղաձիգ պետական համակարգի հեռավար խորհրդակցությունների անվերջանալի շարանով: ԱՄՆ-ն եւս մեկ անգամ փորձում է իր անփոխարինելիությունն ապացուցել՝ նոր աշխարհում նո՛ր ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նո՛ր Առողջապահության կառույցի, նոր հարաբերությունների սեփական մոդելը ներկայացնելով: Եվրոպան փորձում է ցույց տալ, որ ինքը դեռեւս ունակ է համաեվրոպական ընդհանուր գիտակցում ունենալու: Չինաստանը հանդարտ սպասում է, թե գետը երբ է հոսելու, որ ինքն անցնի:

Մեզանում էլ, կարծես, նման բաներ եղան, որոնցից մեկ-երկուսը նույնիսկ պետական մակարդակով: Հիշատակելին, թերեւս, Մեծ եղեռնի հուշահամալիրի գունային-լուսային լուծումն էր՝ իհարկե, փոքր-ինչ մթագնված քարահունջեցի ծերուկի եւ, մանավանդ, սեփական անուններն իբրեւ քայլողներ հուշարձանի վրա արձանագրման գավառական մանիպուլյացիաներով: Հուսանք, եթե, Աստված մի արասցե, զորակոչի անհրաժեշտություն զգացվի, մենք չենք բավարարվի զինկոմիսարիատում մեր սոսկ անուններն արձանագրելու իմիտացիայով:

Դեռեւս Լոուրենս Արաբիացին էր նկատել հայերիս խնայասիրությունը: Կարծես, մենք հիմա, երբ առավել անհրաժեշտ է այդ հատկանիշը, հակառակ ենք գնում. սոցցանցերը լցված են հիմնականում կերակուրներով, ու անկախ սեռային պատկանելությունից՝ բոլորը խոհարար-տնտեսուհիներ են դարձել: Իշխանություններն ու հեղափոխական դեկրետով գործարարներ հռչակվածները զբաղված են «բարեգործություն» վաճառելով… Վարչապետը փորձեց հրաշալի գաղափար շրջանառել, բայց ենթարկվեց ամենահորինովի մեղադրանքների: Ի տարբերություն 1990-ականների պատերազմական շրջանի փոխօգնության արժեքի ամրակայման շատ կարեւոր առաջարկի, որ ժամանակին արեց Հիմնադիր-նախագահը, այժմ ասվեց բոլորովին մի նոր բան՝ կամավորականության մասին, որ ոչ թե պետք է պարտք խնդրել, այլ ունեցողն ի՛նքը թող չունեցողի համար ինքնակա՛մ, առանց պարտադրանքի՝ վճարի, ձեռք մեկնի: Մեզ՝ վատուժներիս դա ձեռնտու չէր, ուստի կամավորականության արժեքի մասին ասվածը նենգափոխեցինք ավելի վայրի ձեւով, քան նենգափոխել էինք 1990-ականներին ասված փոխօգնության արժեքը: Եվ քանի որ մենք շատ մերձ ենք ձախողված պետականության մատույցներին, գաղափարի սերմանման համար չաշխատեցին ո՛չ պետական կառույցները, ո՛չ «մտավորականի» փետուրե ամպերին բազմած ինքնահավան անհատները. նրանց եւս շոյիչ էր՝ տրվել ընդհանուր տրամադրություններին ու կա՛մ լռել, կա՛մ նենգափոխել:

Փառք Աստծո, բազում են այն երիտասարդները, ովքեր օգնության են հասնում հասարակության խոցելի խմբերին: Սա՝ կամավորականությունը, թերեւս մեր այն եզակի հաղթաթղթերից է, որ գուցե կօգնի համաշխարհային ներկա քննությունը պատվով բռնելու: Կամավորականության մի այդպիսի քննություն 1990-ականների առաջին կեսին Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց. հենց կամավորականությունը, որպես արժեք,  դարձավ այն գրավականներից կարեւորագույնը, որ արցախյան պատերազմը սառեցվեց մեզ համար շահեկան վիճակում: Մեր հիմնական առավելությունն այդ պատերազմում հենց կամավորականության արժեքն էր, որը չնկատվել, չգնահատվել, չարժեւորվել եւ չհատուցվել չէ՛ր կարող:

Այդ ջիղի հետ հաշվի են նստելու նաեւ վաղը, թեեւ մենք սովոր ենք պատերազմում հաղթել եւ տանուլ տալ խաղաղությունը, երբ կամավորականությունը դեգրադացվում է մինչեւ դաշտային գեներալի նկուղային պահեստարան: 100 տարի առաջվա կամավորականի մասին երգեր հյուսվեցին՝ հաճախ կուսակցականացնելով («Կեցցե դաշնակ կամավորը. գինի լից, ընկեր ջան, գինի լից»): Երեկվա կամավորականները՝ Թաթուլ Կրպեյանից մինչեւ Սասուն Միքայելյան, ապահովեցին Արցախի ներկա վիճակը: Այսօրվա ճակատը պահողն էլ կամավորականներն են, որոնք բանակ դառնալու պարտավորություն ունեն, եթե իշխանությունն աննկատ դա չի փորձում անել: Կամավորականն այսօր բժիշկն է ու սեփական անձը չտարփողող երիտասարդը՝ ունեզուրկին սնունդ ու դիմակ հասցնողը, այն ունեւորն է, որը չնենգափոխելով վարչապետի ասածը՝ ի՛նքն է վճարում կարիքավորի վարձերը՝ առանց պարտադրանքի, առանց հատուցման ակնկալիքի…

Կամավորականության, փոխօգնության, խնայասիրության քննություն է այսօր: Կհաղթենք այդ եւ ոչ շոշափելի, ոչ նյութական պահանջվող այլ արժեքների դաշտում, ուրեմն բռնած կլինենք քվանտային աշխարհի քննությունը: Չենք կարողանա այդ արժեքները կրել մեր մեջ եւ սահմանային այս վիճակում վերածել  կենսակերպի, ուրեմն Վիլյամ Սարոյանի «70 հազար ասորու» պես մեկ ուրիշն էլ մեր մասին կգրի նույնը:

Ի տարբերություն Հայաստանի՝ հիմա աշխարհում աստիճանաբար վերաբացվում են փակված կրթօջախները, քանի որ հասկացվել է, թե այնտեղից է ծագում լույսը, եւ ազգերի մայրամուտն էլ սկսվում է, երբ այդ լույսն է մարում, իմիտացվում: Երկարաշունչ ԿԳՄՍ անվամբ նախարարության առկայության պարագայում, որ ձախողեց հանրակրթությունն ու բուհական հեռավար կրթությունը, դարձյալ առանձին անհատներն ու կազմակերպություններն են, որ մեզ պարզերես են անում համաշխարհային այս քննության ժամանակ: Թանգարանի աշխատակից մի կին շարունակաբար ու, մանավանդ, համակարգված երաժշտական դաստիարակություն է տալիս, մեկ ուրիշը, նույնպես համակարգված, գեղեցիկ ընթերցանությամբ հեքիաթներ է մատուցում: Պետության առաքելությունը պիտի լիներ դա անտեսանելիորեն խրախուսելը, ուղղորդելն ու կառավարելը (ոչ ղեկավարելը): Իսկ ինչո՞ւ չի արվում –  որովհետեւ պրեզիդենտ-«ակադեմիկոսը» երկրին է «քրջոտ» ասում, «բժիշկ»-նախարարը երկրին է «չմո» ասում: Ինչպես հաջորդ վայրկյանին պաշտոնանկ չարվեց պրեզիդենտը, այնպես էլ պաշտոնանկ չի արվի նախարարը: Ուրեմն դեռ ապացուցել է պետք, որ էութենական որեւէ բան է փոխվել, ներեցեք՝ հեղափոխվել, միկրոհեղափոխվել, աննախադեպվել:

Այս ընթացքում միանգամայն հնարավոր էր ազգային թվային հանրագիտարաններ ունենալը, մինչդեռ մեր գրադարանի հենց թվային բազան է այրվում: Փոխանակ ճապաղ դասախոսություններ լսելու կամ թվային հարթակներ հորջորջված պարզունակ էջերում՝ նոր կյանքով արդեն խոտանված ծրագրերն իրականացնելու՝ առաջադրանքներից մինչեւ ոչինչ նոր չտվող ավարտաճառեր արտագրելու, միանգամայն հնարավոր է կրթությունը գիտությանը կապելը, իսկ դրանք էլ՝ կիրառական ասպարեզ մտցնելը: Ու այլեւս պետք չի լինի որդեգրել չերնիշեւսկիական կացնային անդամահատումը՝ Ակադեմիա վերացնել, ինստիտուտներ փակել: Այդպես ժամանակին մի «լուսաճաճանչ» նախարար էլ օպտիմալացրեց դպրոցներ, ուսանողական հանրակացարաններ… Եվ խնդիրն այն չէ, որ փորձ չկա, տարիքները չի ներում. խնդիրն այն է, որ կամավորականությունը կամ, ինչպես Տերյանն էր ասում, նվիրումն ու ջանքը չկան, արժեւորված չեն մեր գիտակցություններում, մինչդեռ աստվածընծա հնարավորություն կա առաջին անգամ մեր կամավորականներին տեսնել ոչ թե Մուշ ու Երզնկա հասած որպես ռուսական բանակի առաջապահ մատաղացուներ, այլ սեփական երկրի ու ապագայի կերտիչներ:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
22.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031