Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը 4-ին զանգ եմ ստանում, մեկը բարկացած հարցնում է՝ երբ պիտի գնանք պատերազմ, պարզվում է՝ 12 տարեկան է»․Ժորա Աբգարյան

Սեպտեմբեր 28,2020 18:45

Aravot.am-ն ապրիլյան պատերազմին նահատակված գյումրեցի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբորից՝ Ժորա Աբգարյանից, որը «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի ղեկավարն է, հարցրեց, թե իր կանխատեսմամբ որքա՞ն կտևի պատերազմը։

«Գլխավոր հրամանատարների ասածով մի բան եմ հասկացել, որ սա կենաց-մահու կռիվ է ու մինչև վերջ ենք գնալու՝ կամ մենք, կամ իրենք։ Դժվար հեշտությամբ դադարի, հիմա արդեն ցանկացող էլ չկա, որ դադարի, բոլորն ուզում են, որ շարունակվի, հասել է վրեժի պահը»,-ասաց հերոսի եղբայրը։

Նա նաև պատմեց, որ մարտական ակումբը գիշերը մինչև ժամը 4-ը կամավորների է հերթագրել, իրենց զանգահարողների մեջ եղել են նաև 12-13 տարեկան անչափահասներ։

«Գիշերը զանգ ստացա, մի տղա իր անուն-ազգանունն է տալիս ու բարկացած հարցնում՝ ե՞րբ պիտի գնանք ռազմաճակատ, պարզվում է՝ անչափահաս է։ Ասում է՝ զինկոմը չի տանում ինձ պատերազմ, ուզում եմ գրանցվեմ, գնամ։ Ասում եմ ծննդականով պատերազմ ես գնո՞ւմ, դու կռվել չգիտես, ասում է ՝ ես զենք բռնել գիտեմ, պապաս էլ գիտի, որ պատերազմ եմ ուզում գնալ, համաձայն է․․․ Կարևորն այն է, որ ոգին տեղն է։

Սահմանի համար անվադողեր էինք հավաքում, մի անգամ հինգ տարեկան մի երեխա իր խաղալիք մեքենայի անվադողն էր բերել , Գուգարք գյուղի երեխաներից է, ոստիկանապետն էլ մեզ տվեց, թե թող ձեր մոտ մնա, վրան էլ՝ գրված էր անուն-ազգանունը։ Անգամ հինգ տարեկան երեխան գիտակցում է՝ ինչի է համար է ապրում։ Այսօր ամբողջ հայ ազգը հասկանում է , որ մի առաքելություն ունի՝ իր գոյությունը պահելու համար շատ մեծ ճանապարհ պիտի անցնի, որով ոչ մի ազգ չի անցնում։ Մենք այնքան մեծ մոտիվացիա պիտի տանք բոլորին, որ այս երեխաները դառնան Անդրանիկներ, Նժդեհներ, Մոնթեներ, Տիգրաններ ու այսպես մեր ազգն անպարտելի կդառնա մի քանի տարուց, չնայած արդեն անպարտելի ենք, որովհետև կին, տղամարդ, երեխա, ծեր պատրաստ են պատերազմ գնալու։

74 տարեկան պապիկ է եկել, գրանցվել, երեկվանից մեր դռան մոտից չի գնում, եկել, ասում է՝ պիտի գնամ պատերազմ ու վերջ»։

Ժորա Աբգարյանը նաև տեղեկացրեց, որ որպես կամավորներ՝ ռազմաճակատ են մեկնել նաև 18-19 տարեկան ուսանող-աղջիկներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930