Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լռում ենք, չի նշանակում,  որ չգիտենք ճշմարտությունը»

Հոկտեմբեր 29,2020 14:00

«Բոլոր այդ հարցերի պատասխանները, որոնք օբյեկտիվորեն հնչում են հանրության կողմից, այո, մենք փորձելու էինք եւ շարունակելու ենք փորձել ստանալ Անվտանգության խորհրդի փակ նիստում». «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, նախօրեին ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները դիմել են ՀՀ վարչապետին՝ հրատապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու դիմում-պահանջով: Ո՞րն է խնդիրը նման հրատապ նիստ հրավիրելու եւ ի՞նչ արձագանք գտավ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիմումը:

– Մեր՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու դիմումի մեջ, կարծում եմ, ամեն ինչ հստակ ասված էր: Բոլորիս համար էլ պարզ է, որ պատերազմում իրավիճակը խիստ ծանր է եւ եթե մենք հիմա չենք խոսում շատ բաց, դա չի նշանակում, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Պարզապես, մենք հարգում ենք պատերազմի խաղի կանոնները: Եվ, բնականաբար, տիրապետելով իրավիճակին, ունենալով հստակ տեղեկատվություն, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ի՞նչ է տեղի ունեցել, մենք կարծում ենք, որ, այո, Անվտանգության խորհրդի նիստում հստակ տեղեկատվություն պիտի տրամադրվի քաղաքական ուժերին՝ այս պահին իրավիճակի վերաբերյալ, քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները եւ իրենց առաջարկները: Այն մոտեցումներն ու առաջարկները, որոնք, հարգելով պատերազմի խաղի կանոնները, մենք չենք կարող եւ երբեւէ չենք հնչեցնի: Նաեւ՝ մեր մտահոգությունները բաց եւ հրապարակային չենք հնչեցնի: ԲՀԿ-ն ասել է, հիմա էլ կրկնում եմ՝ մեզ համար կա պատերազմի խաղի կանոն, իսկ դա նշանակում է, որ ներքաղաքական որեւէ խնդիր այսօր չպետք է բերվի օրակարգ: Իսկ դա նշանակում է, որ այսօր ամեն ինչ պետք է արվի Արցախի, պատերազմի եւ զինվորի համար: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը, մտահոգությունները, խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, առնվազն Անվտանգության խորհրդի փակ նիստի ձեւաչափով, չպետք է քննարկվեն:

Կրկնում եմ՝ եթե լռում ենք, չի նշանակում, որ չգիտենք ճշմարտությունը: Դա պարզապես նշանակում է, որ հարգում ենք խաղի կանոնը:
Ինչ վերաբերվում է արձագանքին, ապա այս պահին որեւէ առարկայական արձագանք վարչապետի կողմից չի եղել՝ չհաշված իր մամուլի խոսնակի գրառումը, որից, անկեղծ ասած, ես առանձնապես բան չհասկացա:

– Դուք երկար տարիներ եղել եք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ղեկավարել եք ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը. ի՞նչ կասեք մեկ ամիս շարունակվող պատերազմին՝ միջազգային կառույցների արձագանքի մասին: Կա՞ անհրաժեշտություն, այս ամենի ավարտից հետո, վերանայվեն մեր հարաբերությունները շատ միջազգային կառույցների հետ եւ ի՞նչ կերպ պետք է վերանայել դրանք:

– Ես միջազգային կառույցների անհաղորդ պահվածքի մասին խոսում եմ պատերազմի առաջին օրվանից: Այո, ես տասը տարի գլխավորել եմ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, 13 տարի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ եմ, նաեւ երկար տարիներ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական խումբն եմ ղեկավարել: Անկեղծորեն պետք է ասեմ՝ երբեւէ, որեւէ անգամ միջազգային հանրությունն այսքան անհաղորդ չի եղել: Ավելին, երբ ԵՄ-ի անունից տարածվում է հայտարարություն՝ Գյանջայի ռմբակոծման մասին եւ ԵՄ-ն աչք է փակում թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի՝ Արցախում կատարած վայրագությունների վրա՝ քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակավայրերի ռմբակոծում, Շուշիի, Ստեփանակերտի, Մարտակերտի ամենօրյա ռմբակոծում ամենածանր զինտեխնիկայով, այդ թվում միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված կասետային զինատեսակներով, եւ միջազգային հանրությունը դա չի տեսնում, ես կարծում եմ եւ իմ տեսակետն անպայման պնդելու եմ պատերազմից հետո, որ, այսպես կոչված՝ միջազգային հանրություն կոչեցյալի հետ, բազմաթիվ եվրոպական կառույցների հետ մենք առնվազն պետք է վերանայենք մեր հարաբերությունների որակը:

Երբ 1999 թվականին, հայր Ալիեւը Բաքու-Ջեյհան նավթամուղի բացման ժամանակ հայտարարում էր, որ այս նավթամուղով հոսելու է ոչ թե նավթ, այլ քաղաքականություն, այսօր մենք դա տեսնում ենք՝ ի դեմս միջազգային հանրության անհաղորդ կեցվածքի: Այո, այդ նավթամուղով հոսում են բրիտանական շահեր, այդ նավթամուղով հոսում են եվրոպական բազմաթիվ տերությունների քաղաքական շահեր, իսկ այդ քաղաքական շահերը թքած ունեն ազերիների կողմից նվաստացված հայ ռազմագերու վրա, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից խոշտանգված հայ զինվորի վրա, Արցախում հրետակոծությունից սպանված հայ մանուկի իրավունքի վրա:

– Տիկին Զոհրաբյան, օրերս վարչապետը խոսեց «ցավոտ փոխզիջումների»՝ մեր՝հայկական կողմի պատրաստակամության մասին, ինչը բուռն քննարկում-քննադատությունների առիթ դարձավ: Հետո, հաջորդ օրվա ուղիղ եթերով վարչապետը փորձեց սրբագրել իր հայտարարությունները: Ի՞նչ է Ձեր գնահատմամբ, տեղի ունենում Արցախի հարցի բանակցային գործընթացում:

– Ես չեմ ցանկանում անդրադառնալ վարչապետի ոչ առաջին, ոչ էլ հաջորդ օրվա լայվին: Դրանց վերաբերյալ ես իմ հստակ մոտեցումն եւ գնահատականն ունեմ, որը չեմ հրապարակի՝ կրկին հարգելով պատերազմի խաղի կանոնները: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք խոսելու պատերազմից հետո: Բոլոր այդ հարցերի պատասխանները, որոնք օբյեկտիվորեն հնչում են հանրության կողմից, այո, մենք փորձելու էինք եւ շարունակելու ենք փորձել ստանալ Անվտանգության խորհրդի փակ նիստում:

– Պատերազմի առաջին օրերից ռմբակոծվում են նաեւ ՀՀ խաղաղ բնակավայրերը, սակայն, հայկական կողմը ՀԱՊԿ-ին չի դիմում միջամտության համար: Երեկ իշխող ուժը ներկայացնող ԱԺ փոխնախագահն այդ առիթով պարզաբանել էր, որ պետք է վստահ լինենք, որ ՀԱՊԿ-ը կաջակցի՝ հետո նոր դիմենք: Ստացվում է, որ այն ռազմաքաղաքական կառույցում, որի անդամ է ՀՀ-ն, մենք նույնպես լիակատար աջակցություն չունենք կամ կասկածներ ունենք այդ աջակցության մասո՞վ:

– Բնականաբար, Ալեն Սիմոնյանի կարծիքն ինձ համար առ ոչինչ է: Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններին, ես ասել եմ եւ պնդում եմ իմ տեսակետը՝ բոլոր գրանտալափ կազմակերպությունները, որոնք հատկապես վերջին տարիներին ակտիվորեն ֆինանսավորվում էին հակառուսական տրամադրություններ, հակառուսական քաղաքականություն վարելու համար, պատերազմից հետո, պետք է քննարկվի նաեւ այդ կազմակերպությունների հարցը:

Եթե դեռեւս կան քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր շարունակում են չհասկանալ իրավիճակի լրջությունը, ՌԴ-ի՝ մեր ռազմավարական գործընկերոջ դերը եւ նշանակությունն այս պատերազմում, որը ցավոք սրտի հնարավոր է շատ ավելի լայն տարածաշրջանային ընդգրկում ունենա, եթե չկասեցվի, ապա ես այստեղ տեսնում եմ ոչ թե ինֆանտիլ անմեղսունակություն, այլ տեսնում եմ իսկապես, տարրատեսակ ուժային կենտրոնների շահերը սպասարկելու ինքնամատույց մղում:

Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031