Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին անտառներում, որովհետեւ իրենց տուն էին մտել». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 03,2020 21:33

Հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսն ապակենտրոնացված իր գործունեությամբ ռազմական դրության պայմաններում բազմաթիվ հարցեր լուծեց: Այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա մասնակցեց «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկմանը, որը ուղիղ հեռարձակմամբ կազմակերպել էր  «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, ցանցային կառավարումն ավելի արդյունավետ է, քան՝  կենտրոնացված գործելը: Եվ քանի որ մեր բանակն ավելի է մեծացել, կենտրոնացվածի դեպքում սկսում է խնդիրների լուծումը որոշ չափով դանդաղել: Նա բացատրեց բանակի սնունդը մասնավորին հանձնելու օրինակով՝ նշելով, որ նախքան իրագործելը նախագիծը քննադատությունների էր արժանացել, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ ճիշտ որոշում էր: Ըստ նրա, այսօր՝ ռազմական դրության պայմաններում սննդի մասով որեւէ գլոբալ խնդիր չի առաջացել եւ ամեն ինչ ժամանակին մատակարարվել է, որտեղ էլ մի քանի ժամ ուշացում է եղել, ոչ թե մատակարարի, այլ լոգիստիկ խնդիրներով է պայմանավորված եղել:

Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ բանակին առնչվող այլ գործառույթներ էլ պետք է հանձնվեն մասնավորին, որպեսզի արդյունավետությունը բարձրանա. «Մասնավորին փոխանցված համակարգն ավելի արդյունավետ է աշխատում: Այլ ոլորտներում համեմատաբար, խնդիրներ կան: ՊՆ-ում նախկինում պարբերաբար քննարկումներ են եղել եւ շարունակվում են, մտածում ենք է՞լ ինչը կարել է տալ մասնավորին, միգուցե՝ բուժսպասարկումը կամ միգուցե վառելիքաքսուքային նյութերն էլ կարելի է տալ: Հաղթանակից հետո այս խնդիրը շատ սուր դրվելու է բանակի հրամանատարության առջեւ եւ, կարծում եմ, գնալու ենք ավելի շատ աութսորսինգի»:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ հիմնադրամների հավաքագրվող գումարներին, որոնց առյուծի բաժինն ընկած է ՀՀ քաղաքացիների, բիզնեսի ուսերին, բանակը ահռելի ծախս է պահանջում եւ այդ ամենը հսկայական ծախսեր է տնտեսության համար: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր զորքն ամենաշատը ծխախոտ է ուզում. «Ասում են՝ սնունդը լավ է, հագուստը ոչինչ, կդիմանանք մի քանի օր էլ, բայց ծխախոտ ուղարկեք: Տնտեսությունը, բիզնեսը չափազանց մեծ դերակատարություն ունի եւ ուղիղ համեմատական է  տնտեսական չափորոշիչները բանակի մարտունակության հետ: Իհարկե, կազմակերպչական, ռազմագիտական առանձին ուղղություններով ազդում են բանակի մարտունակության վրա: Տարիներ շարունակ ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայողին բաժին հասնող ծախսային մասը, զարգացող պետությունների ցուցանիշներով նայենք, բավականին փոքր թիվ է կազմել, դրա համեմատ ապահովել են բարձր մարտունակություն՝ շնորհիվ նվիրվածության, կրթության: Բայց, եթե դու դա երկու անգամ բարձրացնես, կնշանակի երկու անգամ ավելի շատ արկ կկրակի խաղաղ ժամանակ, երկու անգամ ավելի արդյունավետ մարտունակություն կունենա: Եթե դու նոր զինատեսակներ ունես, ավելի լավ կկռվի, եթե դու գիշերային տեսանելիության ավելի լավ սարքավորումներ բերես, գիշերն ավելի արդյունավետ կկռվի, այս բոլորը ֆինանսական հիմքով է գնում»:

Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, ռազմական արդյունաբերության մեջ էլ պետք է մասնավորի ներգրավվածությունը մեծացնել՝ ինչպես մի շարք զարգացած երկրներում է, այդ թվում եւ Թուրքիայում, որը հայտնի է իր «Բայրաքթար» անօդաչու սարքերով: Նրա խոսքով, ռազմարդյունաբերությունը հաջողված է, եթե այն մասնավորն է անում: «Պետական դոտացիան շատ կարեւոր է այդպիսի նախաձեռնությունների դեպքում, թեկուզ մի քանի տարի անհատույց գումար տալ: Պետք է ներգրավել խոշոր գործարարների, ռազմարդյունաբերությունը վերածել ստարտափերի: Նույն «Բայրաքթարը» մասնավորինն է, հասկանում ենք Էրդողանի փեսա, դոտացիա եւ այլն, բայց այսօր լուրջ ընկերություն է»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, բիզնեսը կարող է զբաղվել թռչող սարքերի, մարտական ինքնաթիռների, արտադրությամբ, որոնք բացի պատերազմում պետք լինելուց նաեւ տուրիզմում կարող են ներգրաված լինել: Ըստ նրա, նույնը կարելի է ասել զրահամեքենաների համար, որոնք կարող են վերասարքավորվել հայտնի բրենդերի հիմքի վրա. «Մենք լեռնային պետություն ենք, մեր տեղանքը լավ կիմանանք, տուրիզմին առողջ ապրելակերպին կնպաստի եւ դրա հետ մեկտեղ էլ ռազմավարական ռեսուրս կձեւավորվի: Այսօր այս կամ այն ճանապարհը ռմբակոծվում է, ո՞վ կարող է շրջանցել, դրանք, այն մարդիկ, որոնք տեղանքին լավ ծանոթ են եւ այդպիսի մեքենաներ կարող են վարել: Արագ պիտի վերանայենք, սա շատ արդիական է, անտառային զանգվածի մարտերը զրահամեքենայի մարտեր են, ծանր զրահատեխնիկան չի կարողանում անցնել այդ վայրերով եւ մեծ կվադրոցիկլների ու զրահամեքենաների կարիք կա, որոնց վրա գնդացիր է դրվում եւ այլն»: Այս ուղղությունն, ըստ պարոն Հովհաննիսյանի,  հեռանկարային բիզնես է եւ գործարարները կարող են քայլեր ձեռնարկել ու բանակին առաջարկել իրենց արտադրանքը: ՊՆ ներկայացուցիչը մեկ այլ ուղղություն էլ բիզնեսի առաջարկեց, որը կարող է ե՛ւ բիզնես աշխատել ե՛ւ երկրի համար ռազմական ռեսուրս ապահովել: Խոսքը վճարովի հրաձգարանների մասին է. Բացի այն, որ տուրիզմ է, դրանց շնորհիվ կպատրաստվեն բազմաթիվ քաղաքացիներ: Իսկ ավելի ընդլայնվելու դեպքում այդ հրաձգարանները ռազմական արդյունաբերություն կձեւավորեն իրենց շուրջը:  Նա, որպես օրինակ, նշեց Մեղրիի անտառներում վերջերս տեղի ունեցած օպերացիան, որոնք հաջողությամբ իրականացրել էին որսորդները. «Որսորդները 17  հոգի դիվերսանտ փռեցին անտառներում, որովհետեւ իրենց տուն էին մտել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30