Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդիկ մի պահ մտածե՞լ են, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր և ունենայինք էլի հարյուրավոր զոհեր. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր

Նոյեմբեր 12,2020 09:00

Արցախի շուրջ բանակցությունների խնդիրը սկիզբ է առնում 90-ականներից ու հիմա ցավոք այս քարտեզի ձևով եկավ պայթեց ներկա վարչապետի ու մեր գլխին: Տեղին է մատնանշել, որ բանակցությունների առարկայական հիմքը սխալ է դրվել` առաջնահերթ հանձնել 7 շրջանները:

Այս ճանապարհ ոլոր-մոլոր քայլելուց հետո եկանք հանգրվանեցինք այնտեղ` ինչը պետք է տեղի ունենար: Կամ հանձնել տարածքները, կամ էլ պատերազմ: Բնականաբար պատերազմն անխուսափելի էր ու եղավ այն, ինչ եղավ: Հարցի մասին հետո դեռ շատ վերլուծություններ կարվեն:

Ցավալին կրակի մեջից շագանակներ հանողներն են: Մեղավորներ փնտրողներն իրենց աստղային ժամին էին սպասում: Սրանց չես կարող համոզել, որ աթոռին նստելու պայքարի ժամանակը չէ, գույք ջարդելու, փողոցում դավաճան գոռալու փոխարեն, պետք է հիմա ատամները պինդ սեղմել ու կենտրոնանալ թուրքի քթի տակ բարեկեցիկ երկիր կառուցելուն, որ գոնե սրանով սփոփենք մեր մորմոք ցավը:

Այս պատերազմը մենք նոր` Նիկոլի ժամանակ չենք տանուլ տվել, այլ այն ժամանակ, երբ նստեցինք բանակցությունների, երբ սպանում էինք մեր տեսակին` Վարդգես Պետրոսյանին, Մոնթեին, Գեղազնիկին, հաց բերող Արթուրին, Արթուր Մկրտչյանին, կամ պրիվետ Ռոբ ասողին: Այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ Մոնումենտի բարձրունքներում միլիոնների հասնող, նաև ազգային ժողովի շենքի մակետով դղյակ էինք կառուցում , այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ ժողովրդական պատգամավորների փոխարեն թաղային հեղինակություններին էինք մանդատ տալիս, երբ կեղծվում էր ընտրություններն ու այդպես շարունակ…

Այժմ դավաճան բղավողների մասին: Նրանք մտածե՞լ են իրենց մասին: Արդյո՞ք դավաճան չեն, որ երեկ զինվորի կողքին չեն եղել ու այսօր դուրս են եկել փողոց ու պառակտում են ժողովրդին: Մտածե՞լ են , որ իրենց իշխանատենչ ցանկություններով անարգում են զոհվածների հիշատակը, որ վիրավորում են դեռ բարձրունքներում գտնվող տղաներին, որ իրենց արարքով խախտում են երկրի օրենքն ու օրինականությունը:

Գիտակցո՞ւմ են, որ վերջին տարիների ընթացքում իրենց կողմից դավաճան անվանվողի շնորհիվ է սփյուռքը վերածնվել, վերականգնվել է հավատքը առ երկիրն ու նրա ապագան: Այսօր սփյուռքի հազարավոր կամավորներ օգնում են Հայաստանին: Գիտակցո՞ւմ են, որ այս քայլով դավաճանում են նրանց, հարվածում սփյուռքի զարթոնքին, հայերի միասնականությանն ու հավատին:

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ`

Այսպես անողները գիտակցու՞մ են, որ մեր քաջազունները մարտնչել են` թող չափազանցություն չլինի, թուրքի տեսքով, գերժամանակակից ՆԱՏՕ-ի բանակի դեմ, նրա հանդերձներով սպառազինված ազերու ու ահաբեկիչի դեմ: Դավաճան ասողներն իրենց հարց տվե՞լ են` թե իրենք ի՞նչ են արել հաջողություն ապահովելու համար: Նրանք գիտակցու՞մ են, որ մեր բանակի հնարավորություններն էլ անսպառ չէին ու սպառազինումն ապահովելու համար արգելափակումներ են եղել: Այս մարդիկ մի պահ մտածե՞լ են, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր և ունենայինք էլի հարյուրավոր զոհեր:

Սթափվե՛ք, հիմա հրաժարական պահանջելու ժամանակը չէ, հիմա համախմբվելու ու միասնական գործելու ժամանակն է: Գոնե մի լավ գործ արած կլինեք, եթե զոհված զինվորի ընտանիքի կողքին լինեք, կամ գույքը մեքենաներ բարձող ու Հայաստան շտապող մեր արցախցի հայրենակիցներին հանգստացնեք, սփոփեք, որ պատերազմը վերջացել է ու մեր հողի տերը լինենք…

 

Ա. Կնյազյան

«Նիդերլանդական օրագրի»

Հիմնադիր, խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Կարող եմ ստորագրվել Ձեր յուրաքանչյուր բառի տակ, որովհետև ճիշտ այդպես եմ մտածում: Այս ամենի մեջ, կա մի աղետալի փաստ՝ մեր ժողովուրդը ունի ֆանտաստիկ հայրենասերներ, սակայն նրանք մեծ տոկոս չեն կազմում թվաբանական հաշվարկներ անողների համեմատ: Այսօր փողոցներում հրաժարականներ պահանջողներին կարող եմ, իրենց արժանի շատ ու շատ որակումներ տալ, սակայն ոչ երբեք հայրենասերներ: Ի շնորհիվ նրանց թվաբանական հաշվարկների և ամենից վեր ամբիցիաների հանձնում ենք հերթական հողակտորը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30