Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա՝ եւ պատերազմում պարտվածը, եւ սպորտում»

Նոյեմբեր 26,2020 12:30

Կարծում է կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը

Պատերազմական օրերին չէի կարողանում հարցազրույց անցկացնել կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանի հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր է: Վերջապես Արթուրի հետ զրուցեցի, զգացի այն ամենն, ինչ իր ներսում է պահում, ցույց չի տալիս, բայց մեկ է՝ զգում ես այն ցավը, որը կա, իսկապես կա… Պատերազմի մասնակից չեմպիոնն անկեղծանում է, որ ցավալի իրականության հետ ենք ապրում, իսկ ինքն ինչքան ցանկանում է համակերպվել՝ չի ստացվում:

– Արթուր, բազում հաղթանակներ բերեցիր Արցախի ու Հայաստանի համար, իսկ այսօր փոխզիջումների արդյունքում կորցրել ենք Արցախի մեծ մասը։ Ըստ քեզ` պարտվե՞ց, դավաճանե՞ց ռազմաքաղաքական ղեկավարությունը։

– Այո, պարտվեց ու դավաճանեց ռազմաքաղաքական իշխանությունը: Ու ես անպայմանորեն ցանկանում եմ մեջբերել Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հենց այս խոսքերը. «Եթե Արցախը կործանվի, ապա միայն խաղերի պատճառով է կործանվելու»: Այդպես էլ եղավ:

– Պատրաստվում ես կրկին Արցախո՞ւմ բնակվել։

– Արցախում ապրելու ցանկություն ունեմ, ինչպես մինչեւ հիմա ապրում եմ: Սակայն չեմ կարող զարթնել, նայել դեպի Շուշի ու նորից հիշեմ, որ ազերիներին Շուշին սկուտեղի վրա մատուցեցին, այո, պարզապես նվիրեցին: Չեմ համակերպվում այդ մտքի հետ:

– Այս օրերին նախագահ Հարությունյանը հայտարարեց, որ կոմունալ եւ կապի ծառայություններն Արցախում մեկ տարի անվճար կլինեն` սահմանված կարգով, սահմանափակումներով։ Քո կարծիքով` սա հերթական «կո՞ւտն» է ժողովրդին։

– Կոմունալների եւ հեռախոսակապի ու ինտերնետի՝ մեկ տարով անվճար լինելու հետ կապված էլ ասեմ, որ դա ամենաքիչն է, որ կարող են անել այն ժողովրդի համար, որը միանշանակ մի կարծիք ունի մինչեւ հիմա, որ սա վաճառած պատերազմ էր: Հակառակ դեպքում մեկ տոկոսն էլ չեն վերադառնա մեր երբեմնի սիրուն եւ հպարտ Արցախ, որտեղ երազանքներն ու նպատակներն ուրիշ երանգ ունեն, որտեղ զգում ես կյանքի գինը, որտեղ ապրում ես ու երբեք հանձնվելու մասին չես մտածում: Արցախ աշխարհում հայ մարդը ավելի է հզորանում, քանզի հողը ուժ է տալիս: Ահա այդպիսին է Արցախը, բայց…

– ՀՀ վարչապետը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց։ Նրա մեկ ստորագրությամբ կորցրել ենք ամեն ինչ, բայց ոչ պայքարելու ոգի ու կամք։ Ի՞նչ ես կարծում, վարչապետի նման վարքագիծն ինչ շարունակություն կարող է ունենալ։

– Այդ քայլերը տանում են հայ ազգի պառակտմանը: Լեգենդար Մոնթեի խոսքերն էլ են այսօր արդիական. «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Նաեւ, ասել է թե՝ կռվելու ենք մինչեւ վերջին հայը… Ես որպես մենապայքարային մարզաձեւի ներկայացուցիչ՝ սովորել եմ պայքարել մինչեւ վերջ ու պարտվել միայն լրիվ կռված իրավիճակում, իսկ մենք ունենք մարդկային ռեզերվ: Իսկ պարտված ղեկավարը միանշանակ պետք է հրաժարական տա՝ եւ պատերազմում պարտվածը, եւ սպորտում:

Զրույցը՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30