Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Վանաձորի մանկատանը տեղի ունեցավ Արցախից եկած Հայկազի ու Ռուզաննայի հարսանիքը

Դեկտեմբեր 06,2020 21:41

Արցախյան պատերազմը սկսելուց հետո Ստեփանակերտից Վանաձոր է տեղափոխվում նաեւ ծնունդով երեւանցի Ռուզաննա Թադեւոսյանը: 55-ամյա կինը որդու հետ ապաստան է գտնում Վանաձորի մանկատանը: Սակայն գալով Վանաձոր՝ Ռուզաննան չի էլ պատկերացրել, որ այստեղ կյանքն ամբողջովին կփոխվի ու նոր ընթացք կստանա:

Նոր կյանքի պատճառը դարձավ նույն կացարանի բնակիչ 53-ամյա Հայկազ Հակոբյանը: Տղամարդը կացարան եկավ Ռուզաննայից մի քանի օր անց: Եվ նրա ուշադրության կենտրոնում անմիջապես հայտնվեց Ռուզաննան, որը, ինչպես ինքն է ներկայացնում, համեստ ու խելացի կին է, այդ իսկ պատճառով էլ սիրտը գրավեց. «Տեսա, աչք դրեցի վրեն, հետեւից ման եկա: Ես մի սենյակում էի, աչքս մյուս սենյակում՝ իրա հետ էր: Համեստությանն եմ սիրահարվել, նկատել եմ, որ ոչ մեկի հետ շփում չի ունեցել: Եվ որոշեցի ամուսնանալ իր հետ: Որոշեցի ու Ռուզաննայի տղայի հետ էլ խոսեցի, ասեց, եթե մայրս համաձայն է, ես համաձայն եմ: Ոչինչ, որ պապիկ եմ, կամ ծեր եմ, ես կարող եմ իմ լեզվով բոլոր կանանց սիրտն էլ գրավել: Այստեղ խոսում է խելքը»,- ասում է Հայկազը:

Հարսի շորով ու սպիտակ քողով այսօր Ռուզաննան դարձավ Հայկազի կինը: Ասում է՝ այս տարիքում կրկին ամուսնանալիս այլ զգացողություններ ես ունենում. «Երբ որ 18 տարեկանում ես ամուսնանում, խելքդ մածուն է, լրիվ ուրիշ տեսակ ես նայում, թեթեւ: Իսկ հիմա պատասխանատվությունն ավելի մեծ է, ամեն ինչ ուրիշ տեսակ ես գնահատում»:

Զույգը ապագայի հետ կապված ծրագրեր դեռեւս չունի: Ասում են՝ ամեն ինչ Աստծո ձեռքին է. «Հեռանկար չունենք, իրար հետ կմտածենք, կխորհրդակցենք, կորոշենք: Տարիքով եմ արդեն, եւ եկել եմ այն եզրակացության, որ կյանքը ցույց է տալիս, որ որոշումներ կայացնելն ու պլանավորելը սխալ է: Բոլորս Աստծո տակ ենք ման գալիս, վերեւից Աստված անսպասելի ձեւով ուղարկում է»,-ասում է Ռուզաննան:

Լոռու մարզի ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Աբրահամյանը նշեց, որ իրենց կառույցում այս պահին շատ կան Արցախից եկած միայնակ մարդիկ, որոնք չունեն իրենց զույգը. «Յուրաքանչյուր մարդ, որ մտել է այստեղ, առաջին միտքս եղել է այն, որ գտնեն իրենց կեսին: Որովհետեւ շատ դժվար է տնից ու տեղից կտրված լինել այլ վայրում եւ այն էլ՝ մենակ: Ուրախ եմ, որ Ռուզաննան ու Հայկազն իրար գտան՝ թեկուզ հեռվում ու իրենց տներից կտրված: Բայց մենք այդ տաքուկ անկյունն իրենց տրամադրել ենք եւ թող ունենան իրենց տաքուկ ընտանիքը»:

Հայկազը 12 տարի է, ինչ բնակվում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Ծնունդով Երեւանից է, աշխատանքի բերումով գնացել ու բնակություն է հաստատել Արցախում: Երեք ամիս առաջ է փլատակներից տուն կառուցել ու սկսել ապրել: Այնինչ պատերազմը նորակառույցը կրկին փլատակ է սարքել՝ այն թողնելով թուրքին:

Հիմա Արցախ վերադառնալու հույսեր կրկին ունի, իսկ մինչ այդ կապրեն կացարանում. «Չեմ կարող ասել, թե ոնց կլինի: Կարող է հենց վաղն էլ Ղարաբաղում տուն տան, գնանք, տեղավորվենք, ապրենք: Կարող է դեռ մի 2 տարի էլ այստեղ մնանք: Այսօր այն թիվն է, որ չես կարող ինքդ քեզ ինչ-որ մի բան ստեղծել, հատկապես այս տարիքում»:

Զույգի հարսանիքի իրականացմանը մասնակցել են վանաձորցիներ եւ ով ինչով որ կարողացել ու աջակցել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031