Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանալ՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը այն ժամանակ ինչո՞ւ խնդիր չէր, հիմա խնդիր է». Բաբկեն Թունյան

Ապրիլ 07,2021 22:40

«Այնքան մանիպուլյացիոն բաներ կան Հրանտ Բագրատյանի ասածների մեջ: Օրինակ, հունվար-փետրվար ժամանակահատվածը, երբ իրենց պետք է, համեմատում է անցած ամբողջ տարվա հետ: Երբ պետք է՝ Վիճակագրական կոմիտեն ստում է, երբ պետք չի՝ այդ թվերը արժանահավատ են»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խոսելով «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունների մասին:

Հարցին՝ իշխանությունները հետեւողականորեն գնում են Թուրքիայի հետ սահմանների բացմանը եւ այստեղ տնտեսական ռիսկեր են տեսնում, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը կարող է Աջարիա դառնալ, դուք այստեղ ռիսկեր տեսնո՞ւմ եք՝ Թունյանը պատասխանեց. «Մեր իշխանությունները հետեւողականորեն չեն գնում ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների բացմանը: Մեր իշխանությունները ուղղակի խոսում են Թուրքիայի հետ հնարավոր երկխոսություն սկսելու մասին, ինչի մասին միշտ խոսվել է: Մենք միշտ ասել ենք, ես ինչքան հիշում եմ, այդ թվում՝ լրագրող եղած ժամանակ, հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը եւ հարաբերություններ սահմանել: Այն մարդիկ, ովքեր ասում են, որ դա խնդիր է, պետք է գոնե հասկանալ, թե որտեղ կարելի է համագործակցել ու պետք է հասկանալ՝ այն ժամանակ ինչո՞ւ խնդիր չէր, հիմա խնդիր է: Մենք Թուրքիայի հետ, ուզելով , թե չուզելով, տնտեսական առումով հարաբերություններ ունենք, որովհետեւ մի քանի հազար տնտեսվարողներ այնտեղից ապրանքներ են ներմուծում, այստեղ վաճառում: Չնայած արգելվեց անցյալ տարվանից, բայց հումքի մասով չի արգելվել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, եթե սահմանները բացվեն, ռիսկեր չե՞ք տեսնում՝ Թունյանը պատասխանեց, որ հիմա դրա մասին չի մտածում, քանի դեռ ունենք գերիների խնդիր, փոխադարձ վստահության հետ կապված խնդիրներ. «Բայց եթե հարցը գնա պրագմատիկ տնտեսական շահերից ելնելով՝ արժե՞ բացվի, թե՞ չէ, պետք է հստակ վերլուծություն արվի, որ հասկանանք՝ մենք ինչքան ենք շահում, ինչ ենք կորցնում եւ այլն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930