Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ-ում բացվեց պատերազմում զոհված ուսանողների լսարան

Հուլիս 08,2021 15:43

Տնտեսագիտական մայր բուհում հուլիսի 7-ին հիշատակի և մեծարման ցերեկույթ էր. ֆինանսական ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը։

Մեր քաջ տղաներից յուրաքանչյուրը մի հերոսապատում կերտած մարտիկ է, նրանք այսուհետ այս լսարանից հայրենասիրության ու խիզախումի կենդանի դասեր պիտի ավանդեն սերունդներին:

Լսարանի բացման հյուրերն էին հերոսների ծնողները, հարազատները և կուրսընկերները։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի…

«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգևել։ Մեր խոնարհումը ձեզ և իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,-ասաց Դիանա Գալոյանը։

Հիշատակի ու մեծարման խոսքեր հնչեցրին նաև ՀՊՏՀ ուսանողները, դասախոսները, ելույթ ունեցան հերոսների ծնողները, հարազատները։

Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը, ում սրտացավ ջանքերով կյանքի կոչվեց բուհի ղեկավարության նախաձեռնությունը՝ բուհում ստեղծել հերոսներին նվիրված լսարան, վստահեցնում է. «Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, և լսարանի բացման նախաձեռնությունը ևս դրան է միտված: Այն, վստահաբար, երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա»։

ՀՊՏՀ հերոս Գոռ Անդրեասյանի մայրը՝ Նորա Հարությունյանն ասաց, որ հատուկ մեծարման ցերեկույթին ներկա գտնվելու համար է Կապանից եկել Երևան։ «Վիշտը  խորն է,  մխիթարություն չունի, սակայն տեսնելը, որ մեր զավակներին հիշում են, փոքր-ինչ թեթևացնում է ցավը»,-ասաց նա:

Հերոս Արման Մալխասյանի եղբայր, ՀՊՏՀ ուսանող, պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի խոսքով՝ պետք է նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։

«Այնտեղ, որտեղ կա իմ հերոս եղբայրը, մեծ արժեք կա։ Այս լսարանն էլ այդ վայրերից մեկը կդառնա։ Եվ, իհարկե, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, ուրախություններն էլ պետք է տոնել, սակայն որպես պատերազմի մասնակից և հերոսի եղբայր՝ հորդորում եմ մեր ժողովրդին՝ երբեք չմոռանալ, որ տղաները հանուն մեզ զոհվեցին, միշտ վառ պահել նրանց հիշատակը»։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031