Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցի Արամի պահապան խաչը․ մարտական ընկերները պայմանավորվեցին մկրտվել

Օգոստոս 15,2021 18:37

44-օրյա պատերազմի մասնակից քաջարանցի Արամ Գրիգորյանը անօդաչու թռչող սարքի հարվածից Աստծո կամոք փրկվեց։

Մատաղ է խոստացել, ու  հարազատ գյուղի Բարձրավանի Բղենո Նորավանքի եկեղեցում խոստումն է կատարում։ Աստծուց երկրի համար խաղաղություն եւ բոլորի համար առողջություն է խնդրում։  Որդու՝ Ալեքսի հետ է եկել։ Կանանց չեն բերել։ Գենդերային խնդիր չկա, որոշել են ուղղակի տղերքով հավաքվել, գիշերել վրաններում:

Մարտական ընկերները, բարեկամներն են մասնակցում  մատաղի արարողությանը։ «Բարեկամներս, կարելի է ասել, մարտական ընկերներս են, բոլորս պատերազմում էինք»,–ասում է Արամը։ Հիշում է՝ մի գիշեր, կամուրջներից մեկի տակ երբ պատսպարվել էին, գազայրիչ խնդրողի  ձայնից ճանաչեց բարեկամին։

Առավոտ վաղ Բղենո Նորավանքում մատաղի արարողակարգը բացատրում է Արթուր Թադեւոսյանը։ Արամի բարեկամն է, գյուղում է բնակվում, ծանոթ է ծիսակարգին։ Արթուրն էլ է արցախյան վերջին պատերազմին մասնակցել։ «Եթե ոչ, էլ ով պիտի կանգնի ախպորս ու մարտական ընկերոջս կողքին»,–ասում է նա։

Կամաց–կամաց  Արամի մարտական ընկերներն են հավաքվում։ Արթուրը հիշեցնում է ՝ մինչեւ 7 ընտանիքի մատաղ չբաժանվի, սեղան չեն նստում։ Մինչեւ ինքը գյուղում է մատաղն է բաժանում, տղաները սեղանն են բացում։ Առաջին բաժակն էլ բարձրացնում են զոհվածների համար։

Մինչեւ պատերազմը, Արամի ընկերը խաչ է նվիրում նրան՝ ասելով մեքենայից կախի։ Խաչը եկեղեցի է տանում եւ օրհնում։ Հենց այդ բեռնատար մեքենայով Արցախ էր գնացել։ ԱԹՍ-ն  հարվածեց մեքենային, խաչը մասնատվեց կտորների:  «Մեկ առ մեկ կտորները  գտա, բերեցի տուն, կինս նորից հավաքեց,  կապեց այդ խաչը, իմ փրկությունն էր, իմ պահապան խաչը»,–ասում է Արամը։

44-օրյա պատերազմի կամավորները հիշում են անցած դժնդակ օրերը։ Ճիշտ կամ սխալ չկար։ Վերլուծում են ռազմական օպերացիաները, մարտական առաջադրանքները։ Վրդովվում են՝ պատերազմին չմասնակցածները սոցցանցերում «իրենցից դուրս լուրջ առաջարկներ» էին անում։ «Պատերազմից հետո տեսա, թե ոմանք ինչ գրառումներ են արել, ֆեյսբուքս փակեցի»,–ասում է Մհերը։

Կամավորներին խնդրեցի այնտեղի՝ ռազմաճակատի առօրյայից մի քանի լուսանկար տրամադրեն։  Իրար նայեցին։ «Չէինք գնացել նկարվելու։ Հեռախոս գործածել արգելված էր։ Իսկ եթե հրաման է՝ պիտի կատարես։ Նկարվելու իրավունք չունես, ժամանակ էլ չկար»,–ասում է կամավորներից մեկը։  Արամը ընդհատում է ընկերներին։ Հիշում է՝ որ մի օր լրագրող եկավ, իրեն էլ նկարեց։

Արամ Գրիգորյանը խոստովանում է՝ միշտ հավատացել է Աստծուն, բայց մինչեւ օրս չի մկրտվել։ Պարզվում է՝ նրա մարտական ընկերներից ոմանք էլ չեն մկրտվել։ Պայմանավորվեցին՝ առաջիկայում անպայման մկրտվել Բղենո Նորավանքում։ Իրար հրաժեշտ են տալիս առավոտյան։ Բարձրավանի անձրեւն ու կարկուտը չխանգարեցին նրանց պայմանավորվածությունը՝ մի գիշեր միասին անցկացնել․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031