Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը Արցախի միացումն է. ռուսի օրինակը տեսել ենք՝ 2 անգամ, մեզ լքել են». Շուշիի պատմության թանգարանի տնօրենի հորդորը՝ ՀՀ կառավարությանը

Սեպտեմբեր 09,2021 19:20

«Մենք կատաղած ժողովուրդ ունենք, որ պատրաստ է նետվի Ադրբեջանի վրա: Ախպեր, լուծեք ժամանակավոր տան հարցերը, չեմ ասում՝ տունը տալու ես ու գնալու եմ պառկեմ, չէ՛: Մեր կանանց, մեր աղջիկներին իմանանք, որ այստեղ տանիք ունեն, տղամարդկանց որին էլ մատով անես, ասես՝ տղերք, գնում ենք մարտի, սաղն էլ գալու են, որովհետեւ հայ տղամարդը չի կարող հանդուրժել, որ շան վախկոտություն ունեցող թուրքը իրան հաղթի: Բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական ղեկավարությունը»,- այսօր կառավարության առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախից տեղահանված բնակիչները կառավարության առջեւ բողոքի ցույց էին անում:

Հարցին՝ դուք պահանջում եք Արցախի կարգավիճա՞կ, թե՞ միացում՝ Աշոտ Հարությունյանը պատասխանեց. «88 –ից բոլոր միտինգներում զրույցը գնացել է՝ «միացում»: Այն ժամանակ, երբ որ մենք ուզել ենք միացում, Աստված էլ է եղել մեզ հետ: Բայց երբ մենք սկսեցինք հանկարծ ինչ-որ քաղաքական խաղերի գնալով՝ գնացինք անկախության ուղով, Աստված էլ խռովեց մեզնից: Ի՞նչ ասել է անկախանալ քո ազգից, նույն ազգն էինք, ասել էինք միացում, պիտի գնայինք միացման: Ունեինք ԳԽ որոշումը Հայաստանի եւ Արցախի միացման մասին: Դրանից հետո ինչ արվեց, դա մաքուր դավաճանություն էր մեր ազգային շարժման նկատմամբ: Լուծումը նորից միացումն է, ոնց ուզում եք արեք: Բայց այսօրվա պայմաններում մենք խնդիր ունենք Արցախում զինված ինչ-որ բան կազմակերպելու, որովհետեւ այնտեղ բնակիչը ապրում է ռիսկով:

Մենակ ասել են՝ ռուսները քո գարանտն են: Ռուսը ես եմ՝ հելնում եմ ու գնում եմ: Ես ռուսի դեմ բան չունեմ, բայց ես ունեմ իր օրինակը՝ երկու անգամ իրենք մեզ լքել, թողել գնացել են: Ես սա գիտեմ ու գիտեմ նաեւ, որ ցանկացած մոմենտին իրենք կարող են նորից թողնեն գնան: Իրենք ասում են՝ չէ, իրենք եկել են այստեղ նստելու: Պարզ է, բայց ինչի՞ հաշվին պիտի ապրեն՝ մե՛ր հաշվին: Մեզ ասում են՝ եկեք Ղարաբաղ: Դա այն հարցը չի էլի, որ սրտները մեր համար նռան նման սկսել է վառվել: Չէ, պարզապես ռուսին պետք է բնակչություն ներկայացնի, ասի՝ այսքան բնակչությանը եկել եմ պաշտպանեմ, երբ որ քիչ է բնակչությունը, լրիվ ուրիշ հարթություն է տեղափոխվում: Ադրբեջանը կարող է ասել՝ դուրս եկ, ես այդ 25 հազարի հարցերը կլուծեմ: Հետագա լուծումը այս հարցի միացումն է, ուրիշ ճանապարհ գոյություն չունի: Անկախության 30 տարիները մենք ապաշնորհ ձեւով օգտագործեցինք: Արցախը տարածաշրջանային հզոր գործոն էր հանդիսանում, բայց մենք 30 տարվա մեջ ամեն ինչ զիջեցինք Ադրբեջանին: Ադրբեջանն եկավ մեզնից անցավ»:

Աշոտ Հարությունյանը հորդորեց կառավարությանը նախկիններ-ներկաներ խաղը արդեն վերացնել. «Վերջ: Այդ խաղն արդեն ոչ մեկի չի գրավում: Մենք ունենք մեկ խաղ՝ Ադրբեջանի դեմ խաղ: Ադրբեջանն այսօր բացահայտ հայտարարում է, որ ինքը քշելու է հայերին, կամ հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չեն հերիքում ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Դրա համար Հայաստանն իրավունք ունի դիմելու ԵԱՀԿ-ի մյուս անդամներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Մենք ոչ թե կոնֆլիկտ ենք անում Ռուսաստանի հետ, այլ ասում ենք՝ ախպեր, դու որտեղ ասում ես, որ այստեղ ադրբեջանական է, այդտեղ թող կանգնեն ուրիշ խաղաղապահ ուժեր, որովհետեւ ստացվում է, որ դու Ադրբեջանի հետ ես, եթե նման զրույցներ ես անում: Տվյալ դեպքում Մեղրին է, Մեղրիի հատվածում մենք միայն ռուսական զորքերի առկայություն չպիտի թույլ տանք: Այնտեղ պետք է լինեն ամերիկյան, ֆրանսիական, նաեւ պետք է դիմենք ՄԱԿ-ին, որ այդտեղ լինեն չինական խաղաղապահ ուժեր: Պարզապես պետք է լավ խաղալ: Դիվանագետները պետք է աշխատեն, ոչ թե դիվանի վրա քնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930