Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղաշինությամբ պիտի նաեւ կանայք զբաղվեն․ Լուսինե Քոսակյան

Սեպտեմբեր 13,2021 22:44

Տավուշեցի Լուսինե Քոսակյանի մեջ խաղաղաշինության գաղափարը ծնվեց, երբ 20 տարեկանում մասնակցեց «Սեւազգեստ կանանց շարժման» հայաստանյան նախաձեռնությանը։ Նախաձեռնությունը սկիզբ է առել իսրայելա-պաղեստինյան պատերազմից հետո, որդիներ կորցրած մայրերը, ամուսին ու եղբայր կորցրած կանայք կանգնում էին քաղաքի կենտրոնում՝լուռ, պահանջելով խաղաղություն։ «Շարժմանը միանալուց հետո հասկացա, որ հայ կանայք, մանավանդ սահմանամերձ մարզերում ապրողները, իրենք էլ պիտի ներգրավվեն խաղաղաշինության գործում»,-ասում է Լուսինեն։ Նրա խոսքով, պատերազմի ավարտից հետո էլ միանգամից խաղաղություն չի հաստատվում, այլ պայմանավորվում են հրադադարի մասին, որի ընթացքում էլ պիտի այնպես անել, որ խաղաղությունը լիակատար դառնա։

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» («Frontline Youth Network») հասարակական կազմակերպությունը հիմնադրեց, սկսեցին Բերդ համայնքից, հետո տարածաշրջանի գյուղերում եղան, արդեն գրասենյակ ունեն Բերդի մշակույթի կենտրոնում։

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգին վերաբերող առաջին բանաձեւն ընդունել է 2000թ-ի հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձեւն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներում, խիստ կարեւորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության եւ խաղաղության հաստատման կարեւորագույն երաշխիք: Լուսինեի խոսքով, «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» կազմակերպությունը ոչ մի ֆինանսավորում չունի ՄԱԿ-ից, բայց քանի որ բանաձեւի չափորոշիչները համահունչ են իրենց նպատակներին, հենց այդ բանաձեւն էլ՝ իրենց օրակարգում է։

Կանանց փորձառությունը հակամարտությունների ժամանակ տարբերվում է տղամարդկանց փորձառությունից։ Բանակցություններում, դիվանագիտական հարաբերություններում, ըստ Լուսինե Քոսակյանի, չգիտես ինչու՝ միշտ տղամարդիկ են առաջնային գծում, եւ կանայք հիմնականում տնտեսությամբ, տան գործերով են զբաղվում։ Հատկապես սահմանամերձ մարզերում, երբ տղամարդիկ կամ արտագնա աշխատանքի են, կամ էլ՝ որպես պայմանագրային զինծառայող սահմանին են։

«Կանայք ղեկավարում են ընտանիքները, զբաղվում են կենցաղավարությամբ, երեխաների դաստիարակությամբ։ Ուստի կարեւոր է, որ կանանց ձայնը լսելի լինեի խաղաղության հաստատման, անվտանգությունն ապահովելու համար»,–ասում է Լուսինեն։ Վերջինս նաեւ զարմանում է, որ կանանց իրավունքների, կանանց նրանց վերաբերող օրենքները մշակում են տղամարդիկ։

«Անձը, որ չունի նույն զգացողությունը, չի կարող պատկերացում ունենալ, ապրումակցել ու մշակել կանանց իրավունքների մասին դրույթներ։ Ուստի անհրաժեշտ եմ համարում, որ կանայք իրենք մշակեն իրենց հետաքրքրող ոլորտների գործիքակազմը»,–ասում է մեր զրուցակիցը։ Լուսինեի խոսքով՝ փորձառություն չեն ունեցել Տավուշի մարզի կանանց ուղղիղ ներգրավելու խաղաղաշինության գործում, բայց փորձել են հզորացնել նրանց։

Տավուշի սահմանամերձ 16 գյուղերում՝ քայլարշավներ են իրականացնել՝ կարիքները գնահատելու համար։ 2020թ–ի նոյեմբերին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից կնքված եռակողմ հուշագիրը Հայաստանում տարակարծությունների առիթ տվեց, թե խաղաղության պայմանագիրը ինչքանով խաղաղություն ստեղծեց։

«Չնայած մարդկային բազմաթիվ կորուստներին, կանայք ուրախ են, որ կա մի փաստաթուղթ, որով կրակոցներ չեն հնչի։ Հարաբերական խաղաղությունը ազդել է կյանքի վրա, մարդկանց մոտ դրական հույզեր են, եթե անվտանգությունը լիովին ապահովված լինի սահմաններին, ապա տավուշեցի կանայք իրենց ապագան կպատկերացնեն իրենց համայնքներում»,–ասում է մեր զրուցակիցը։

2020 թվականի հուլիսյան 4-օրյա պատերազմը, որ ստացավ տավուշյան անունը, տեղացիների մոտ մեծ սթրես էր առաջացրել։ «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» կազմակերպությունը փորձեց իրավիճակը հաղթահարել արտ-թերապիոայով, յոգայով։

«Խիստ աղջկական զրույցներ» թեմայով արշավներ կազմակերպվեցին 4 գյուղերում, որտեղ հիմնականում շեշտը դրվել էր վերարտադրողական առողջության ու կանանց իրավունքների վրա։ «Պատերազմը մարդկանց առողջությանն է անդրադառնում, վնասում նրանց։ Ու ի տարբերություն տղամարդկանց, կանանց վերարտադրողական առողջությունը եւ իրավունքը տարբերվում է եւ հատուկ ուշադրություն է պետք դարձնել։ Առողջ կինը, առողջ մայրը պիտի առողջ սերունդ ունենա։ Սա նույնպես, կարծում եմ, երկրի անվտանգությանը վերաբերող հարց է»,–ասում է Լուսինե Քոսակյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ խաղաղության մասին անընդհատ խոսել է պետք։ 2017թ-ից չորս անգամ տարբեր շեշտադրումներով ֆոտո-ցուցահանդես են կազմակերպել։ Երիտասարդների ընկալումները խաղաղության մասին տարբեր են՝ բնության հետ են ասոցացնում, ուրախ մանուկներ են պատկերում։ Հենց նման հանդիպումների ժամանակ էլ են անդրադառնում խաղաղությանը։ «Վստահ եմ որ մեր սերունդը, հատկապես աղջիկներն ու կանայք, կկարողանան լուծումներ գտնել, հակամարտությունները՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,–ասում է նա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930