Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի առաջ ընտրել էինք կյանքը

Օգոստոս 04,2022 10:00

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հասցեին վիրավորանքներն ու անեծքներն ինձ համար անընդունելի են: Ցանկացած մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, որքան էլ այն մեզ համար անընդունելի լինի: Նախ` պետք է հասկանալ, թե ինչ է նա ասում, եւ երկրորդ՝ ինչու է ասում: Պատգամավորի ասածը հետեւյալն է. մենք՝ հայերս սխալվել ենք 1915 թվականին, եւ եթե ճիշտ վարքագիծ ընդունեինք, ապա Ցեղասպանություն տեղի չէր ունենա: Ինչպես նաեւ սխալվել ենք 1991 թվականին՝ պատերազմի մեջ մտնելով Ադրբեջանի հետ: «Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք»:

Օսմանյան Թուրքիայում 1878 թվականից սկսած իրադարձությունների մասին ես, ի տարբերություն պատգամավորի, ինձ իրավունք չեմ վերապահում նման կտրուկ դատողություններ անել: Ես գերադասում եմ խոսքը տալ մարդկանց, որոնք այդ խնդիրն ուսումնասիրել են: Ահա թե ինչ է ասել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995-ին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում. «Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եվրոպական երկրիների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարեփոխումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից»: Ճիշտն ասած, ինձ ծանոթ չէ, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող որեւէ հայ, թուրք կամ արեւմտյան լուրջ հետազոտող, որն այս հարցում արտահայտեր Տեր-Պետրոսյանից տարբերվող տեսակետ: Գուցե Արսեն Թորոսյանը գիտի:

30 տարի առաջ թույլ տրված «սխալի» մասին կարող եմ ավելի վստահ խոսել, որովհետեւ «սխալվողներից» մեկը ես էի՝ սկզբից որպես այն պատերազմը լուսաբանող լրագրող, իսկ այնուհետեւ որպես առաջին նախագահի մամուլի քարտուղար: Տարբերակ կա՞ր չմտնելու այդ պատերազմի մեջ: Այո, բայց այդ դեպքում Արցախում ապրող 150 հազար հայերին սպասում էր նույն ճակատագիրը, որը պատուհասել էր Սումգայիթի եւ Բաքվի հայերին՝ դաժան խոշտանգումներով մահ: Այնպես որ՝ այս հարցում կարող եմ միանշանակ պնդել, որ պարոն Թորոսյանը  սխալվում է՝ այն ժամանակ մենք ընտրել ենք կյանքը՝ արցախցի մեր հայրենակիցների կյանքը:

Ավելի կարեւոր հարց է, թե ինչու Արսեն Թորոսյանն այդ ասում: Ընդդիմադիրներն ասում են՝ ուզում է հաճոյանալ Ալիեւին եւ Էրդողանին: Համաձայն չեմ՝ մեկ պատգամավորի կարծիքը չի կարող նրանց հետաքրքրել: Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող օրենսդիրը պարզապես արտահայտում է իր ընտրազանգվածի կարծիքը: Իսկ ինչպիսի՞ն է այդ ընտրազանգվածը: Շատ չտարածվելու համար մեջբերում անեմ ռուս մեծ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու պոեմից.

Мы только мошки, мы ждем кормежки.

Закройте, время, вашу пасть!

Мы обыватели – нас обувайте вы,

и мы уже за вашу власть.

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Համաձայն եմ, ամենակարևորն այն է, թե ինչու է դա ասում: Այդ իմաստովնույնիսկ իր ճղճիմ անձը չարժե քննարկել: Չարժե նույնիսկ իր ասածը որպես անձնական կարծիք դիտարկել: Դա իրականացվող ծրագրի հավելված-բացատրությունն է, ու կարևոր չէ, թե այդ խմբից որ մի ստահակի բերանով է դա հնչում: Բուն ծրագրի երկու բաղադրիչներն այսօր արդեն հնչեցին գլխավոր ստահակի շուրթերով.
    1. «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»
    2. «…մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան: Մենք երաշխավարում ենք անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մենք դա կարող ենք ապահովել նաեւ Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում:»
    Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, որից մեջբերում եք արել, ապա այն գովերգում է նույն քայքայիչ տարրերը որ բնոլշևիկները վարում էին ռուսական բանակում: Մեջբերումն էլ, իրականում, վերաբերում է միայն բոլշևիկներին ոչ լոյալ բնակչությանը: Իմիջիայլոց, Արսեն Թորոսյանն էլ, իր ասելիքն ավելի արտահայտիչ դարձնելու համար, նույնպես կարող էր ցիտել նույն ստեղծագործությունից.
    «Кончайте войну!
    Довольно!
    Будет!
    В этом
    голодном году —
    невмоготу.
    Врали:
    «народа —
    свобода,
    вперед,
    эпоха,
    заря…» —
    и зря…
    Մեր ընտրազանգվածի համար ավելի տեղին կլինեին Չարենցի խոսքերը.
    «Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի
    Մայրամուտի փոխվեց արյունալիճ,-
    Ուր մեր Արևն է նոր սուզվում արյունալի,
    Որպես կարմիր գլուխ գլխատվածի…
    Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց
    Ծովածավալ արյան ցոլքը շռայլածին –
    Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո…»

  2. Լավատես says:

    Որպեսզի մենք իրացնենք մեր հնարավորությունները լիարժեքորեն, պետք է մտցնել ռեյտինգային բուրգային համակարգ, նույն մակարդակի կամ հարկի բնակիչներն իրար հետ առանց փողի են շփվում, եթե փող կա մեջտեղը, ուրեմն իրար հետ ինքնաբավ չեն, այսինքն՝ մի ընտանիք չեն: Բոլոր անխտիր բնակիչները ծառայում են իրենցից ցածր բոլոր հարկերի բնակիչներին, որը նշանակում է, հարկի ու բնակչի տարիքի միջեւ կա ուղիղ կախվածություն եւ տարիքի ու նրան ծառայելու արդյունքում ստացած դաստիարակության ու կրթության հետ մեկտեղ ներքեւի բնակիչը վերելակով բարձրանում է վերեւի հարկերը եւ այնտեղ բնակվում եւ ծառայում: Եթե այս համակարգը համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, ապա կունենանք դրսին ծառայող վերեւի հարկերի մարդկանց, ովքեր ներքեւներին ծառայելու տրամաբանություն չեն տեսնում: Մենք այնպիսի արդյունավետ համակարգ պետք է ստեղծենք, որ կարողանանք ոչ միայն ինքներս մեզ պաշտպանենք, այլեւ օգնենք մյուս ժողովուրդներին պաշտպանվելու: Վատ ժողովուրդներ չկան, կան դեբիլ ղեկավարներ:

  3. Ճշմարիտ եք:
    Շարունակելով Ձեր մեջբերումը` ա.թորոսյանը Վ. Գոլդինգի “Ճանճերի տեր”-ն է: Այնպես որ պետք է ճանաչել Ջեքին:

  4. Մհեր says:

    Փորձը ցույց տվեց, որ ԼՏՊ–ի ճառերի մեծ մասը փուչիկ են, ու ներկայումս դրանց հղվելը ցույց է տալիս, որ հեղինակն ինքը պատմությունից դասեր սերտելու մեծ ունակություն չունի, չնայած տպավորություն է ստեղծում, թե ծանոթ է ցեղասպանությունն ուսումնասիրած պատմաբանների մեծամասնության ասածներին, կամ կարելի է կարծել, թե պատմաբանները բոլորը բացառապես օբյեկտիվ ճշմարտության խոսնակներ են։
    Կառաջարկեմ մի հատ էլ կարդալ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», կարող է մի քիչ օգնել մի քիչ ավելի բազմակողմանի մտածել–գրելուն։

  5. Ջորդանո Գալիլյան says:

    30 տարի առաջ կյանքը ընտրել էին նրանք, ում ԼՏՊ-ն պիտակավորում էր, արգելում ու բանտարկում. իր իսկ խոսքերով՝ «այն ուժերին, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանք»: Թրքահպատակ Արսեն Թորոսյանը ըստ էության ոչ մի նոր բան չի ասել. նա ընդամենը ԼՏՊ-ի նույն գիծն է առաջ տանում, ուղղակի ավելի բացահայտ ու լկտիաբար: Զավեշտալի է, երբ ԼՏՊ-ին փորձում են ներկայացնել որպես նիկոլի քննադատ, թե բա տեսեք-տեսեք՝ ինքն իր անաղուհաց հոգեզավակին անվանել է «ազգակործան պատուհաս» (բայց մոռացել է ճշտել, թե հատկապես ինչու), հիմա էլ թե՝ բա գիտե՞ք, որ ինքը 1995 թ. ցեղասպանությանը նվիրված գիտաժողովում հերոսաբար ասել է մի բան, որ հայտնի է անգամ հինգերորդ դասարանի աշակերտներին: Ասելը՝ իհարկե ասել է, ինչքան չլինի՝ լուրջ պատմաբան է, արեւելագետ, բա հո ցեղասպանությանը նվիրված ժողովում չէր ասելու, թե ցեղասպանության մեղավորները ոչ թե թուրքերն են, այլ էդ հայդատական-ոչմիթիզական-արցախական մոնղոլ-թաթարական տականքները: Ափսոս միայն «մոռանում» է նաեւ ասել, որ միաժամանակ, որպես քաղաքական գործիչ, ամեն ինչ արել է այդ տարրական պատմական փաստը ջրելու ու նիկոլա-թորոսյանական քիրվայական զանգվածներին սնուցելու համար: Կարծես՝ ներկայիս քպական թրքահպատակները լուսնից են ընկել, այլ ոչ թե ստեղծվել ՀՀՇ-ՀԱԿ-ի արտադրական թափոններից…

  6. Garo says:

    Ինքը տիպիկ քիրվայականա։ Թե բա այ եթե կռվելու փոխարեն թուրքերի հետ քիրվայություն անեինք ամեն ինչ լավ կլիներ։ Իրա պես ճիշտ մտածող 10նյակ միլիոնավոր հայեր եղել որոնք ընթացքում թրքցել են, օրինակ այդպես կոչված համշենահայերը որոնք ըստ էության թուրք են։
    Էս 30հազար քմ էլ որ դեռ ունենք էտ հենց կռվող, պայքարող տղերքի շնորհիվ ոչ թե Թորոսյանի կամ իր հովանավոր Սուքիասյանների որոնց ուշք ու միտքը էնա, Թուրքիայի փալաս փուլուս ներկրեն տոնավաճառում ծախեն։

    Եթե չկռվեիք, թուրքերից մեզնից խլածը վերադարձնելու համար հա միգուցե դաժան ցեղասպանություն չէր լինի, բայց Հայաստան պետություն էլ չէր լինի։ Թուրքացած հայերի քանակը մի երկու միլիոնով ավել կլիներ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031