Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Ֆիզկուլտ ինստիտուտը այլ բուհերի հետ միավորելուց առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել Վրաստանի տխուր փորձը»

Հոկտեմբեր 14,2022 15:18

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նույնպես որոշակիորեն անակնկալի են եկել մարզական մայր բուհի, Բրյուսովի ինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի միավորման որոշման նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց:

Aravot.am-ը այս առիթով զրուցել է ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ:

-Պարոն Խիթարյան: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դեռ երկու ամիս առաջ ինքը ձեր եւ միավորման ենթակա մյուս երկու բուհերի ռեկտորների հետ քննարկել է այս նախագիծը եւ նախնական բանավոր համաձայնություն է ստացել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Երկու ամիս առաջ նախարարի հետ հանդիպում եղել է եւ նախարարն այդ պրոյեկտի ընդհանուր գաղափարների շուրջ կիսվել է: Բնականաբար, մենք ցանկություն հայտնեցինք ծանոթանալ ճանապարհային քարտեզին, մեխանիզմներին, ժամկետներին, իրավական ակտերին: Այդ ժամանակ նախարարն ասաց, որ դա գաղափարի մակարդակում է եւ երբ նախագիծը կլինի՝ անպայման կուղարկի քննարկման: Ու մինչեւ հիմա ոչ մի նախագիծ չենք ստացել: Իսկ Բրյուսովի այդ օրվա միջադեպը մի տեսակ անակնկալ էր այն առումով, որ պրոցեսն արագացավ:

-Ֆիզկուլտ ինստիտուտը ոլորտային սպեցիֆիկ բուհ է եւ նրա միավորումն այլ բուհերի հետ արհեստական չի՞ թվում:

-Մենք պատրաստվում ենք հրավիրել ինստիտուտի գիտխորհրդի նիստ, բայց, այնուամենայնիվ, սպասում ենք նախագծին, որպեսզի մեր քննարկումները առարկայական լինեն, որից հետո մեր դիտարկումները կներկայացնենք հոգաբարձուների խորհրդին:

Մենք ոլորտային բուհ ենք եւ համալսարանական կրթություն չենք տալիս: Մեր մոտ միայն այնպիսի մասնագիտություններ են, որոնք վերաբերում են սպորտին եւ սպորտը սպասարկող մասնագիտություններին: Մեր նման ոլորտային բուհերը Հայաստանում քիչ են: Ու այն տրամաբանության մեջ, որ մարզիչը կարող է նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել ու դրա համար միավորվում է մանկավարժականի հետ, նույն տրամաբանությամբ կոնսերվատորիայի շրջանավարտն էլ կարող է դպրոցում երաժշտության դասատու աշխատել: Ոլորտային է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Հակաճգնաժամային կառավարման ակադեմիան, գեղարվեստաթատերական ինստիտուտը: Այս բուհերը չի կարելի մտցնել միավորման նախագծի մեջ:

Եթե պետական բուհերի մեջ կան կրթական ծրագրեր, որոնք խնդրահարույց են, այսինքն, պետպատվերի տեղերը թափուր են մնում, այո, պետությունն իրավունք ունի մոնիթորինգի արդյունքում այդ տեղերը տալ այն բուհին, որն ավելի լավ կրթություն է տալիս:

Ֆիզկուլտ-Բրյուսով-մանկավարժական արհեստական տրամաբանության դեմ շատ հակափաստարկներ կարելի է բերել: Եթե չոր խնդիր է դրված բուհում ուսանողների ինչ-որ թիվ ապահովել, թող Երեւանի պետական համալսարանը դառնա Հայաստանի պետական համալսարան, մնացած բուհերը փակվեն ու կունենանք 30 հազար ուսանող ունեցող մի բուհ:

Ուսանողն ընտրություն կատարելու իրավունք ունի: Պետք է խստանան կրթության որակի նկատմամբ պահանջները եւ անել ամեն ինչ, որպեսզի բուհերը ոտքի կանգնեն: Պետք է մոնիթորինգ արվեր, թե ինչ խնդիրներ կան բուհերում, դրանք հնարավո՞ր է լուծել, թե՞ ոչ, վերջին տարիներին բուհերն առաջընթաց գրանցո՞ւմ են արդյոք, դիմորդների պակաս ունե՞ն, թե չէ: Մեր ինստիտուտում վերջին երեք տարվա դիմորդների քանակը առկայում գերազանցում է վերջին 12 տարվա ընդունվածների թվին, իսկ հեռակայում՝ վերջին 5 տարվա: Այսինքն, մեր բուհի զարգանալու հստակ տենդենց կա: Ու միանշանակ տեսանելի է, որ մենք ինքնուրույն, ինքնաֆինանսավորմամբ եւ մեր գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում ինչ հաջողություններ ենք արձանագրում, թե պայմանների բարելավման, թե նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների ձեռքբերման ու մնացած բոլոր ոլորտների մեջ:

-Նախարարը հայտարարեց նաեւ, որ միավորումը կրթության որակի բարձրացման միտում ունի:

-Սպորտի ոլորտի հետ կապված, ես խորհուրդ կտամ ուսումնասիրել մեր հարեւան Վրաստանի փորձը: ԽՍՀՄ փլուզումից հետո այնտեղ ֆիզկուլտ ինստիտուտը միացրեցին մանկավարժականին եւ 25 տարի հետո հասկացան, թե ինչ մեծ սխալ են արել: Հիմա վերաբացել են: Եվ վերջին 5-6 տարվա Վրաստանի մարզիկների արդյունքների աճը կապված է նրա հետ, որ վերաբացեցին ֆիզկուլտ ինստիտուտը: Չնայած դրան, այնտեղ դեռ կադրերի մեծ պակաս ունեն ու գալիս եւ մեր մոտ են պաշտպանում գիտական թեզերը:

Քանդելը շատ հեշտ է: Մեր ինստիտուտը հիմնադրվել է 1945 թվականին, պատերազմի ավարտից անմիջապես հետո: Իսկ հիմա ի՞նչ է ստացվում: Այս վերջին պատերազմից հետո փոխանակ կարեւորենք այս բուհի նշանակությունը, որտեղ մարզիչները հազարավոր երիտասարդների ֆիզիկական դաստիարակությամբ են զբաղվում, ինչը բանակի, երկրի անվտանգության ռազմավարական հարց է, որոշում ենք այդ դարբնոցը միավորել այլ բուհի հետ:

Անկեղծ ասած, ես շատ բաներ չեմ կարողանում հասկանալ: Ի՞նչ ասել է, միայն երկու ռեկտոր կպակասի, իսկ մնացած ամեն ինչը նույնը կմնա: Այսինքն, այդ երկու ռեկտորներն էին խանգարո՞ւմ, որ կրթության որակը բարձրանա: Հետաքրքիր է, այդ ապագա բուհում նախկին երեք ինստիտուտների բոլոր պրոռեկտորները մնալո՞ւ են, քանի՞ կադրերի բաժին է լինելու, քանի՞ հաշվապահություն: Բնական է, որ այդ միացումը հարյուրավոր աշխատատեղերի կրճատում է բերելու: Կրթության որակը, կարծում եմ, միացումներով չի ապահովվում: Առավել եւս, երբ միավորում են իրարից տարբերվող ոլորտային բուհերը: Ստացվելու է այն անհեթեթ արտահայտությունը. «Կլոր, բայց մի ծայրը՝ քառակուսի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Բուհերի միացման այս գործընթացը ներկայիս «շուստրի» իշխանությունը նախաձեռնել է հողահանձնման գլխավոր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Հասարակության որոշակի խմբերի (ուսանողներին, դասախոսներին և այլ սրտացավ մարդկանց) արհեստականորեն զբաղեցնում են նորանոր պրոբլեմներով և տակից աստիճանաբար ազգավնաս բանակցություններ ու զիջումների պրոցեսներ են իրականացնում: Բայց գավառական պրիմիտիվ այս «շուստրիությունը» կարող է նաև բումերանգի նման խփել դրա հեղինակներին, եթե բոլոր համալսարանների ուսանողները, նրանց ծնողները, բոլոր համալսարանների դասախոսները վերջապես հասկանան, որ առանձին կրթական խնդիրների պայքարով ոչնչի էլ չեն հասնի և բոլորով միանան հայրենիքի փրկության համար պայքարողներին ու իշխանությունից հեռացնեն պադավատա-պարգևավճարապաշտ ՔՊ-ականներին: Հայրենիքը փրկելուց հետո, բոլոր առանձին հարցերն իրենց տեղը կընկնեն, այդ թվում նաև՝ ԲՈւՀ-երի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31