Սիրելի հավատավոր գյումրեցիներ,
Բարիօրհնյալ կիրակի: 37 տարի առաջ դուք կանգնեցիք ֆիզիկական աղետի առջև՝ տալով հազարավոր զոհեր: Բայց տարիների ընթացքում մեծ դժվարություների միջով անցնելով՝ կորստի ցավը մեղմացավ, քաղաքը վերականգնվեց, Աստծո ողորմածությամբ հոգևոր կյանքը սկսեց աշխուժանալ, վերականգնվեց Ս. Ամենափրկիչ գոհարը, վերաբացվեցին ու կառուցվեցին նոր եկեղեցիներ, օծվեցին նոր քահանաներ:
Եվ ահա հիմա քաղաքը կանգնած է մի նոր՝ հոգևոր աղետի առջև: Գայթակղությունը մեծ է գնալ և ամեն կերպ թույլ չտալ, որ Ս. Յոթվերք Մայր Եկեղեցում առանց թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի օրհնության իր իսկ բառերով տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կատարի, որը նա որակեց որպես հոգևոր ինքնասպանություն Տիրոջ Սբ Սեղանի առջև:
Սակայն, խնդրում եմ ձեզ որդիաբար լսել ձեր առաջնորդ հոր՝ Միքայել Սրբազանի հորդորը.
«Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են»:
Սրբազան Հայրը խորաթափանց է և խորագետ, ու չի ուզում, որ դուք հոգևոր վնաս կրեք, որն անխուսափելի է հակականոնական «պատարագին» մասնակցելիս:
Կարդացեք նաև
Պատարագիչ քահանայի կողմից Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունները չհիշատակելու հետևանքները տարածվում են ոչ միայն հենց քահանայի, այլ նաև «պատարագին» մասնակցող հավատացյալների վրա։
Պատարագին մասնակցող հավատացյալները գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում են այդ պառակտման մասնակիցը, կամա թե ակամա ներքաշվում են Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ անհնազանդություն ցուցաբերելու մեջ։
Ս.Պատարագը անհիշաչարության և ողորմածության խորհուրդ է, այլ ոչ` հակառակության։ Սուրբ Հաղորդության խորհուրդը մաքրում է ապաշխարողին մեղքերից։ Հակառակության, անհնազանդության, քինախնդրության ոգով, անզեղջ սրտով հաղորդվելը դատապարտություն է և տարաժամ մահ։
Այն հավատացյալները, ովքեր մասնակցում են կարգալույծների ու պառակտիչների «պատարագներին», պետք է իմանան, որ դրանք տեխնիկապես ճիշտ են, բայց զուրկ փրկչական խորհուրդից, պատարագի բեմականացում են, որտեղ «պատարագիչը» կարգից զրկվելու կամ պառակտման ծանրագույն մեղքի մեջ ընկնելու պատճառով զրկվում է քահանայական շնորհից, որը գործում է միմիայն նվիրապետական համակարգի մեջ` Մայր Եկեղեցուց ներս: Ովքեր չունեն կանոնական ընթացք և հաղորդակցություն Եկեղեցու մյուս մասերի հետ, կանոնականորեն չեն կարող վավերական Խորհուրդներ կատարել։
Եթե դուք ուզում եք հաղորդվել Քրիստոսի ճշմարիտ Մարմնին ու Արյանը, ապա պետք է մասնակցեք կանոնական Ս.Պատարագի մեկ այլ եկեղեցում, իսկ եթե ոմանք ինքնախաբեության մեջ կուզեն մնալ, դա իրենց գործն է:
Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում զգուշացրեց. «…չարին հակառակ չկանգնե՛լ»: Թող անեն իրենց գործողությունը և Տիրոջ բարկությունն իրենց վրա կուտակեն: Իսկ դուք մնացեք Քրիստոսի տված իրական և հարատև խաղաղության մեջ` աղոթքով ու Ս.Հաղորդությամբ:
Մնում ենք ձեզ աղոթակից և թող Տիրոջ սերը, շնորհը, ողորմությունը փարատեն ձեր մտահոգությունները, սփոփեն ձեր սրտերը, մխիթարեն բոլորիս: Ամեն:
Ձեզ հետ բազում Խաչերթ/Ուխտերթների, Ս. Պատարագների, միասնական աղոթքների մասնակից` Սամվել դպիր Գրիգորյան


















































