Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակված չեմ կիսելու այն կարծիքները, թե արցախցիների քաղաքացիության շնորհման հարցում կա միտում, և պատճառը սպասվող ընտրություններն են»․ Լիաննա Պետրոսյան

Մարտ 09,2026 20:44 Share

«Առավոտ»-ի զրուցակիցն է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

-Մոտ մեկ տարի առաջ ձեր կողմից գործարկվեց Արցախցիների տեղեկատվական, խորհրդատվական աջակցման կենտրոնը, եւ գիտենք, որ ձեր «թեժ գծով» արցախցիներից տարբեր հարցեր եք ստանում։ Հիմնականում ի՞նչ խնդիրներով են մարդիկ զանգում, դեռեւս որ հարցերն են, որ մարդկանց համար պարզաբանված չեն, եւ որտեղի՞ց է գալիս այդ խնդիրը, որ մարդիկ այսքան ժամանակ անց դեռ ինֆորմացիայի պակաս ունեն, պետական մարմիննե՞րն են թերանում։

-Արցախցիների տեղեկատվական, խորհրդատվական աջակցման կենտրոնի թեժ գծին արդեն ստանում ենք օրական 400-500  հեռախոսազանգ, որոնք վերաբերելի են շատ տարբեր հարցերի՝ սկսած տեղահանված մեր հայրենակիցների մասին ՀՀ կառավարության որոշումներից, գործող ծրագրերից մինչև անգամ կենցաղային, անձնական բնույթի հարցեր: Բայց հարցերն առավելապես վերաբերում են սոցիալական, իրավական խնդիրներին, ինչպես նաև դիմում-բողոքների, նամակների կազմմանը, իսկ վերջին շրջանում՝ քաղաքացիության համար առցանց հայտերի լրացմանը: Դեռևս ակտիվ են սոցիալական աջակցությունների, բնակապահովման ծրագրի, կորցրած փաստաթղթերի վերականգման հետ կապված  հարցերը: Քանի որ, բացի տեղեկատվություն տրամադրելուց և պարզաբանում իրականացնելուց, կենտրոնը տալիս է նաև խորհրդատվություն, մարդիկ հաճախ զանգահարում են խորհրդատվություն ստանալու նպատակով, այսինքն՝ տեղահանվածները մեծամասամբ արդեն տեղյակ են, ինֆորմացված, բայց կարիք են զգում խորհրդատվության այս կամ այն հարցերը կարգավորելու վերաբերյալ: Պետական մարմինների հայտարարությունները հիմնականում կրում են պաշտոնական տեղեկատվության բնույթ, որոնց իրավական ձևակերպումները և տերմիններն անհրաժեշտ է լինում պարզեցնել, և մեր հայրենակիցները շատ հաճախ զգում են  կոնկրետ խորհրդի կարիք, ինչն էլ մենք փորձում ենք հնարավորինս իրականացնել:

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի մասին մարդկանց մոտ հարցեր կան։ Այն բանից հետո, ինչ գործընթացն առցանց է դարձել, մարդիկ տարբեր հարցեր են բարձրացնում սոցիալական ցանցերում, օրինակ՝ նաեւ հարցնում են՝ արդյոք դադարեցվե՞լ է արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։ Ինչո՞ւ են մարդկանց մոտ նման հարցեր ծագում,  ինչո՞վ է սա պայմանավորված, գործընթացը դանդաղո՞ւմ է։ Նաեւ կան մտավախություններ, որ դիտավորյալ են արցախցիների քաղաքացիության ստացման գործընթացն առցանց դարձրել, որ ընտրություններին ընդառաջ հնարավորինս քիչ արցախցիներ քաղաքացիություն ստանան։ Կա՞ նման միտում։

-Հունվարից ՀՀ քաղաքացիության համար հայտերն ընդունվում են բացառապես առցանց եղանակով։ Առցանց հայտերի մասով՝ ընթացիկ ժամանակահատվածում փոփոխությունները, որպես այդպիսին, տեխնիկական են, այսինքն՝ եթե մեկ ամիս առաջ անձի ծննդյան, ամուսնության վկայականները, անհրաժեշտության դեպքում՝ դրանց թարգմանությունը, կցվում էր վերջում՝ լրացուցիչ տվյալների բաժնում, հիմա սկզբից է։ Կամ, ասենք, երբ էլեկտրոնային հասցեն հաստատելու նամակը չէր բացվում որոշ հեռախոսների և բրաուզերների դեպքում, հիմա այդ խնդիրը գրեթե չկա։ Սկզբնական շրջանում հաճախ էր լինում, երբ ծրագրային խնդիրներ էին առաջանում, բայց հիմա դրանք էապես կարգավորվել են:

Ուշացումների մասով չեմ կարող ոչինչ հաստատել կամ հերքել, քանի որ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի հայտերի քանակով, որոնք բոլորն ուսումնասիրվում են անհատապես։ Այսինքն՝ երբ անձն առցանց լրացնում և կցում է պահանջվող փաստաթղթերը, դրանք բոլորը մեկ առ մեկ ուսումնասիրվում են, համադրվում առկա տվյալների հետ, ինչն իրենից ենթադրում է ժամանակատար աշխատանք, որից հետո արդեն, եթե չի լինում շտկման պահանջ, ստանում են ծանուցում՝ ընտրելու այցելության օր և փաստաթղթերը Դավթաշենում հանձնելու ու արդեն տեղում դիմում գրելու համար:

Այս օրերին քաղաքացիության շնորհման մասին հաղորդագրություններ ստանում են այն անձինք, ովքեր իրենց դիմումները հանձնել էին նախորդ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Սա ենթադրաբար նշանակում է, որ հունվար և փետրվար ամիսներին լրացված և հետո նվազագույնը մեկ ամսից հանձնված դիմումների՝ քաղաքացիության շնորհման մասին ծանուցումները գալու են հունիս և հուլիս ամիսներին:

Ես ծանոթ եմ ձեր թվարկած կարծիքներին, որոնք շրջանառվում են նաև մեր հայրենակիցների շրջանում, սակայն այդ դեպքում առաջանում է այլ հարց՝ եթե տեղահանվածների համար ՀՀ կառավարության հիմնական՝ բնակապահովման ծրագրի առաջին և անփոփոխ նախապայմանը ՀՀ քաղաքացի լինելն է, ապա ո՞րն է նպատակը՝ քաղաքական նկատառումներից ելնելով արհեստական խոչընդոտներ առաջացնելու, այն էլ այն պարագայում, երբ մեր բոլոր հայրենակիցների ձայնը միասին վերցրած չի կարող գերազանցել հավանական ընտրությանը մասնակցող ՀՀ քաղաքացիների 4 տոկոսը, որը նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարում։ Եթե, օրինակ, տեսականորեն բոլոր տեղահանվածներս ունենայինք ՀՀ քաղաքացիություն, բոլորս գնայինք ընտրության և բոլորս միասնական ընտրեինք միայն մեկ քաղաքական ուժի, ապա այդ պարագայում տվյալ ուժը նույնիսկ չի կարող խորհրդարան անցնել միայն մեր ձայներով:

Իսկ գործնականում կանխատեսելիությունը միանգամայն այլ է, այսինքն՝ մեր բոլորիս ձայները բաժանվում են 0.2 -ից մինչև առավելագույնը 1.5 տոկոս՝ քաղաքական տարբեր միավորումների միջև։ Ահա, թե ինչու ես հակված չեմ կիսելու այդ կարծիքները, որ կա միտում, և պատճառը սպասվող ընտրություններն են: Դրանք ես  դիտարկում եմ որպես ընթացակարգային և ծանրաբեռնվածության խնդիրներ:

Արցախի պետնախարարն ասել էր, որ հնարավոր է փողոցային պայքար սկսեն։ Շփվելով արցախցիների հետ՝ ի՞նչ եք նկատում, մարդիկ պատրա՞ստ են պայքարել, փողոց դուրս գալ, թե՞ համակերպված են։

-Ճիշտն ասած, ես երբեք  հանրային, հասարակական կամ քաղաքական  գործունեություն ծավալող անձանց հայտարարություններին կամ նախաձեռնություններին չեմ անդրադառնում և առաջիկա շրջափուլում ևս ձգտելու եմ չանդրադառնալ, եթե իմ գործունեությանը դրանք վերաբերելի չեն: Ցանկացած հանրային ակտիվություն ունեցող անձ ինքն է որոշում իր նպատակները, խնդիրները, դրանց իրականացմանը հասնելու ռազմավարությունը և դրանից բխող գործողությունները, որոնք հիմնվում են որոշակի ուսումնասիրությունների և  հաշվարկների վրա: Այս շրջանում ես չեմ իրականացրել այդպիսի հարցի հանրային կարծիքի ուսումնասիրություն, իսկ շոշափվող հարցերի շրջանակը միանգամայն այլ է, որ  չեն հատվում նմանօրինակ հարցերի:

Միգուցե այլ հանրային ակտիվություն ունեցող անձինք և միավորումներն ունեն կատարած ուսումնասիրություններ կամ հաշվարկներ, չեմ կարող ասել։ Ես չեմ ցանկանում հնչեցնել տեսակետ, որպեսզի թյուընկալում չլինի, և չստացվի այնպես, որ առանց օբյեկտիվ հանրային կարծիքի ուսումնասիրության փորձում եմ  հանրային կարծիք «ձևավորել», քանի որ նման հարցերի շուրջ հրապարակային արտահայտվել եմ այն ժամանակ, երբ ունեցել եմ բաց, կոնկրետ և հստակ ուսումնասիրություն՝ հասանելի ցանկացած հետաքրքրվող անձի համար՝ հիմնված հանրային լայն շերտերի տեսակետների վրա:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031