2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0․1 °C, որը բարձր էր նորմայից 4․9 °C-ով։
🌧️Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը՝ 78 մմ, կազմել է նորմայի 206 %-ը։ Այն հանդիսացավ երրորդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935 թվականից։
🔥Տաք օդի ալիքի առավելագույն ինտենսիվությունը հանրապետությունում դիտվեց փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, երբ առանձին շրջաններում օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 11 °C-ից 13 °C-ով։ Այս օրերին միջին ջերմաստիճանները դրական էին անգամ բարձր լեռնային գոտիներում՝ 2000-2400 մետր բարձրություններում։
📈Փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում որոշ օդերևութաբանական կայաններում դիտվեցին նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։ Կապանում օդի ջերմաստիճանը հասավ 26․1 °C-ի, Մեղրիում՝ 24․2 °C, Բագրատաշենում՝ 22․5 °C, Արարատում՝ 19․5 °C։
Կարդացեք նաև
❄️Փետրվար ամսվա ամենացարծր ջերմաստիճանը դիտվել է ամսի 5-ին Աշոցքում՝ -22․9 °C։
🌧️Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Ամբերդ լեռնային օդերևութաբանական կայանում՝ 216․8 մմ, որտեղ դիտվեց ամսական նորմայից ավելի քան չորս անգամ շատ տեղումներ։ Տեղումնառատ էին նաև Արարատյան դաշտը, Շիրակը և առանձին լեռնային շրջաններ, որտեղ տեղումների ամսական քանակը գերազանցեց նորման 2-ից 3 անգամով։
❄️Փետրվարի 28-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 227 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում։ Լեռնային շրջանների զգալի մասում ձյան շերտի բարձրությունը կազմել է 50-70 սմ, իսկ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում մինչև 103-108 սմ։ Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և Երևանում ձյան շերտը բացակայում էր կամ չէր գերազանցում 1-3 սմ-ը։
📊1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենացուրտ փետրվարը դիտվել է 1972 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -11․1 °C։
🌧️Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 93 մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։
🌍Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 6 %-ով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

















































