Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր՝ հեռվից եւ մոտիկից

Օգոստոս 18,1995 12:44

Արդեն 50-ամյա կենսագրություն ունեցող ֆրանսահայ երիտասարդության միության (ԺԱՖ) նախաձեռնությամբ Հայաստանում էին գտնվում մի խումբ ֆրանսահայ պատանիներ ու աղջիկներ (խմբի ղեկավար՝ Ռոբերտ Ազիլազյան): Նրանք շրջել էին գրեթե ողջ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ֆրանսիա վերադառնալուց առաջ եկել էին ՀՀ մշակույթի նախարարություն, եւ նրանց զրույցը փոխնախարար Ստեփան Լուսիկյանի  հետ  իրենց  տպավորությունների,  երկուստեք ծրագրերի ու ցանկությունների շուրջ էր։ Եվ տպավորություններն էին հուզիչ, եւ ծրագրերն էին գեղեցիկ, եւ ցանկություններն էին շատ, սակայն դրանց մասին ես որոշեցի չգրել։ (Կարծում եմ, անպայման կգրվի. երբ դրանք իրականություն դառնան):

Պարզապես ես նայում ու լսում էի նրանց ու, ինքս էլ չգիտեմ ինչու, հիշում էի մի այլ հանդիպում՝ կրկին ֆրանսահայ երիտասարդների հետ, որոնք գրեթե 15 տարի առաջ Սփյուռքահայության կոմիտեի մի փոքրիկ դահլիճում ունկնդրում էին «Ակունք» ազգագրական համույթի ելույթը։ Սփյուռքահայության կոմիտեի մի քանի աշխատակիցներից զատ, միակ հայաստանցի ունկնդիրը ես էի ու դահլիճի մի անկյունում նստած նայում էի, թե ինչպես են քաղաքակիրթ երկրի քաղաքացիներ Պիեռը, Ժանը, Ժան-Պիեռը ու մնացածները համբերությամբ լսում տարօրինակ Սովետմիության փոքրիկ գաղութներից մեկի բնակիչների՝ տարօրինակ խայտաբղետ հագուստներով տղաների ու աղջիկների, տարօրինակ լեզվով տարօրինակ երգերը։

… Վերջում «Ակունքի» տղաներից մեկն ինձ հարցրեց.

– Ի՞նչ էիր զգում համերգի ժամանակ։

Ասացի.

– Խղճում էի… Ձեզ էլ, իրենց էլ, ինձ էլ։

Ասաց, որ ինքն էլ է նույն զգացումն ապրել։

Այս պատմությունը հիշեցի պարզապես ասելու համար, որ այս հանդիպման ժամանակ ապրածս զգացումը ոչ մի շփման եզր չուներ պատմածս հանդիպման ժամանակ ապրածս նվաստացուցիչ զգացողությունների հետ։

Այսօր նստած էին դեմ-դիմաց հայ մարդիկ։ Իրար հետ զրուցում էին մի հողի վրա, որի վրա ապրողները, թեկուզեւ մոմի ու ճրագի լույսի ուղեկցությամբ են ճեղքում խավարը, բայց իրենց ճանապարհը հարթում են առանց «բարի քեռու» նվիրած հենակների օգնության: Եվ այս դեպքում, փառք Աստծո, ֆրանսահայ Վարդանը, Սեդան, Ֆրեդերիկը, Միքայելը կարող են եւ Հայաստանի Հանրապետության տերերը լինել։ Հեռվից եւ մոտիկից։

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031