Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունին նորից փոշմանում է

Սեպտեմբեր 16,1995 12:16

Երկօրյա ընդմիջումից հետո, երեկ վերսկսվեց «Դրո»-ի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը ավարտվեց Արծրունու խոստովանությամբ, որը իր էությամբ սենսացիոն էր եւ կարող էր փոխել դատավարության ողջ ընթացքը։ Այն օրը, սակայն, Արծրունին չհասցրեց արտահայտվել, իսկ վերադառնալով քննչական մեկուսարան, նա նստեց, մտածեց եւ… որոշեց հրաժարվել խոստովանությունից, ինչի մասին հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին գրավոր տեղեկացրեց կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։

Սույն գրության հրապարակումից էլ սկսվեց երեկվա նիստը։ Այդպիսով դատարանի դահլիճ տեղափոխվեց նախնական քննության ժամանակ ձեւավորված ցուցմունք տալու-դրժելու ավանդույթը։ «Սեպտեմբերի 12-ի ցուցմունքս անհիմն էր»,- հայտարարեց ամբաստանյալը։ Պարզվեց, որ այդ ցուցմունքը նա նույնպես տվել է ճնշման տակ, այս անգամ՝ հանգամանքների, «վիճակը ստիպեց»։ «Վիճակի ճնշումը» Արծրունին հասկանում է հետեւյալ կերպ. օրագրի բացակայությունը, համակարգչի եւ դիսկետների քննարկման հետաձգումը։ Սակայն առավել ճնշողը նրա համար հունվարի 11-ի քննարկման ժամանակ դատական նիստում տված .դատախազի հարցն էր այն մասին, թե ով էր նրա Նար-Դոսի բնակարանում երկրորդ խուզարկության կազմակերպիչը։

Այդ հարցը (որն, ի դեպ, անպատասխան մնաց), ըստ Արծրունու, չէր վերաբերում գործին եւ «շփոթ էր առաջացնում»։

Ի պատասխան դրա, ինքը՝ Արծրունին նույնպես որոշեց շփոթեցնել, սակայն, ինչպես ինքն է ասում, նույն պահին պատրաստվում էր խոստովանել իր անմեղ կատակը, բայց փաստաբան Ռշտունու պահանջը՝ ընդհատել նիստը, խանգարեց սույն փայլուն ծրագրի իրագործմանը։ Իր բացատրության մեջ Արծրունին, սակայն, չի ճշտել (եւ մեզ մնում է միայն գուշակել), թե մասնավորապես ինչը շփոթեցրեց իրեն դատախազի հարցում։

Եվ այսպես, դատավարությունը վերադարձավ հին հունի մեջ։ Փաստաբան Սահակյանը նորից բարձրացրեց անցած նիստում բաց մնացած հարցը Արծրունու զեկուցման մասին, որում նա հայտնում է Մարգարյանին, որ «Քերոբ» օպերացիան կատարված է մասամբ։ Նա պահանջեց հրապարակել այդ փաստաթուղթը։ Իսկ երբ նախագահը ասաց, որ չգիտի այդ գործթերթի համարը, մեղադրեց նրան, թե նա գիտի, որ գործում նման փաստաթուղթ չկա, բայց չի ուզում դա խոստովանել։ Արդյունքում դատապաշտպանը բացարկ հայտարարեց Է. Մանուկյանին՝ մեղադրելով նրան աչառու վերաբերմունքի մեջ։

Կոլեգիան մերժեց բացարկը, եւ ընդմիջումից հետո դատավարությունը շարունակվեց ըստ սահմանված կարգի, այսինքն շարունակվեց Արծրունու

ցուցմունքների հրապարակումը։ Արծրունին, ինչպես եւ նախկինում, ամեն ինչից հրաժարվում էր եւ խոստանում էր ապացուցել, որ ամեն ինչ սարքած

է։ Այդ պատճառով հարցերը քիչ էին, եւ հաջողվեց կարդալ չորս արձանագրություն։ Ընթերցումը կանգ առավ հունվարի 24-ի վրա։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930