Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում

Սեպտեմբեր 16,1995 13:24

Հայաստանի խորհրդարանում սեպտեմբերի 12-ին բոսնիացի սերբերին համերաշխություն հայտնելու անհաջող փորձը կրկին արդիական է դարձնում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը։ Առաջին հայացքից մեր եւ սերբերի շահերի ընդհանրությունն ակնհայտ է. նույն մուսուլմանական թշնամին, որի թիկունքում կանգնած են Արեւմուտքը, Թուրքիան եւ իսլամական աշխարհը։ Միակ հզոր դաշնակիցը Ռուսաստանն է: Ավանդական կրոնամշակութային ընդհանրությունը՝ Հայաստան–Ղարաբաղ եւ Սերբիա-Կրաինա մոդելներն էլ գնալով ավելի նմանվում են։ Ռուսաստանի քաղաքականությունն էլ երկու հակամարտությունների դեպքում էլ երկակի է, կարելի է ասել, դեռ վերջնականապես չի ձեւավորված Կարճ ասած, մենք չենք կարող անտարբեր լինել բալկանյան հակամարտության կարգավորման մեթոդների հանդեպ: Իհարկե, դժվար թե ղարաբաղյան հակամարտության գոտում կիրառվեն նույն մեթոդները: Բայց, եթե Ռուսաստանը բալկաններում զիջեց իր դիրքերը, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում էլ կարող է զիջումների գնալ՝ եղած խաղի կանոնների սահմաններում։ Հաղթանակի մեր ընկալումը չի համապատասխանում ժամանակակից միջազգային իրավական նորմերին, որոնք գրված են քաղաքակիրթ, հզոր պետությունների ձեռքով եւ նրանց համար: Այդ նորմերին համապատասխան հաղթանակ տարավ ԱՄՆ-ը Իրաքի դեմ: Հին հայկական- ավանդական «հող գրավելը», ժամանակակից իմաստով, դեռ լիակատար հաղթանակ չէ:

Լավագույն դեպքում կարելի է հասնել մի փոխզիջման, որն ավելի շահավետ է մեզ, քան Ադրբեջանին։ Այս նպատակին հասնելու համար մեզ պետք է հզոր դաշնակից։ Միակ հնարավոր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ահա թե ինչու մեզ պետք է անհանգստացնի Ռուսաստանի անօգնական վիճակը Բալկաններում։

Սակայն աշխարհաքաղաքական ճամբարներն առայժմ միայն ուրվագծվում են։ Այսօր աշխարհաքաղաքական դիրքորոշման վերջնական ճշգրտումը կնշանակի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Անգամ Սերբիայի նախագահ Միլոշեւիչն այսօր ավելի արեւմտամետ է, քան ռուսամետ։ Իսկ Հայաստանից այսօր ավելի մեծ ճկունություն է պահանջվում։ Այսօր Հայաստանն Արեւմուտքից ավելի մեծ տնտեսական սպասումներ ունի, քան մյուս ԱՊՀ երկրները։ Անգամ հակառուս եւ ՆԱՏՕ-ի դռները բախող Ուկրաինան նման տնտեսական օգնություն եւ վարկեր չի սպասում։ Արժե՞ արդյոք հարցականի տակ դնել Արեւմուտքի հետ այդ կարեւոր կապը։ Ընդ որում, նման տնտեսական օգնություն ստանալով հանդերձ, Հայաստանին չի պարտադրվում հակառուսական դիրքորոշում ընդունել։ Իսկ Ուկրաինան, չնայած կրոնամշակութային եւ էթնիկ ընդհանրությանը, իր հակառուսականությամբ անցել է բոլոր սահմանները։ Այսպիսով ժամանակակից իրադրությունը Հայաստանին թույլ է տալիս հավասարակշռել երկու հզոր ազդեցությունները։ Ռուսաստանի հետ պետք է համագործակցել անվտանգության ոլորտում, Արեւմուտքի հետ՝ տնտեսական։ Այս եզակի բարենպաստ հնարավորությունից Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի։ Ավանդաբար մենք ամեն ինչում մեղադրում էինք արտաքին պայմաններին։ Ներքին կյանքին վերաբերվում էինք առանց քննադատության։ Հերիք է, որ ստեղծվեն արտաքին բարենպաստ պայմաններ, եւ Հայաստանը կծաղկի։ Այսօր կարելի է ասել, որ արտաքին բարենպաստ պայմանները ձեւավորվում են, բայց ներքին կյանքում կարծես թե բացակայում է զարգացման տրամաբանությունը։

Այսպիսով, Հայաստանը երբեւէ չի կարող դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից։ Բայց այդ ոլորտում մենք պետք է լինենք ամենաարեւմտամետը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930