Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քննարկում չի ստացվում

Սեպտեմբեր 20,1995 19:17

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստը, ինչպես եւ սպասվում էր, նվիրված էր Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տրված ցուցմունքների հրապարակմանը։ Գործն արագ էր շարժվում, եւ նիստի վերջում ընթերցումը հասավ 95 թվականի ապրիլի վերջին։ Սակայն քննարկում չստացվեց։ Դատավորի, ատենակալների, մեղադրողների եւ դատապաշտպանների բազմաթիվ հարցերը դեմ էին առնում Արծրունու սովորական կեցվածքին. «Կպատասխանեմ իրեղեն ապացույցների հետազոտման ժամանակ»,- պնդում էր ամբաստանյալը, անկախ այն հանգամանքից, թե ինչին էին վերաբերում հարցերը՝ «Դրո» կազմակերպության ստեղծմանը, թմրադեղերին, թե նրա՝ Արծրունու, առողջական վիճակին։ Նույնիսկ իր կուսակցական պատկանելության հարցը Արծրունին կապեց իրեղեն ապացույցների հետ։

Երբեմն, սակայն, նա որոշակի բազմազանություն էր մտցնում՝ իր պատասխանները պայմանավորելով օրագրի բացակայությամբ։ Այսպես, միայն օրագրի միջոցով նա կարող էր բացատրել, թե ինչու ապրիլի 25-ի հարցաքննության ժամանակ ի վիճակի չէր իր ձեռքով գրել սեփական ցուցմունքները, իսկ ապրիլի 27-ին, երբ դատապաշտպան Ավագյանը խնդրեց անցկացնել իր պաշտպանյալի բժշկական քննությունը, հայտարարեց, որ ոչ մի մարմնական վնասվածք չի ստացել։ Թե ինչպես օրագիրը պետք է օգներ պատասխանելու այդ հարցերին, այդպես էլ պարզ չդարձավ։ Դատավոր Մանուկյանի խոսքերով, «օրագիրը հիվանդության պատմություն չէ»։

Բոլոր ինքնախոստովանական ցուցմունքներից Արծրունին, ինչպես եւ նախկինում, միանշանակ կերպով հրաժարվում էր։ Նա ճշմարիտ ճանաչեց միայն իր ցուցմունքը մարտի 24–ին Վահան Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ, ինչպես նաեւ ապրիլի 11-ի հարցաքննության ժամանակ, երբ Արծրունուն ներկայացվեց մեղադրանքը, իսկ նա չընդունեց իր մեղքը եւ դրժեց իր նախորդ ցուցմունքները։ Սակայն այստեղ էլ ամբաստանյալը չխուսափեց վերապահումներից, որոնց շարադրանքով չենք ուզում չարաշահել ընթերցողի համբերությունը։

Դատախազի այն հարցին, թե ինչու Վահան Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ Արծրունին ճշմարտությունն էր ասում, իսկ Հրանտ Մարգարյանի հետ առերեսմանը ստում էր, մեղադրյալը պատասխանեց իր ավանդական ձեւակերպումներով։ Այստեղ նրան օգնության եկավ փաստաբան Ռշտունին, նշելով, որ առերեսման առաջին զրուցակիցը (Վ. Հովհաննիսյանը) այդ պահին ձերբակալված չէր, իսկ երկրորդը (Հ. Մարգարյանը) ձերբակալված էր, ուստի մի դեպքում ճշմարտությունը դուրս կգար մեկուսարանի պատերից։ Առերեսումների կապակցությամբ փաստաբան Ավագյանը միջնորդեց առանձնացված գործից դուրս բերել Արծրունի-Հովհաննիսյան երկրորդ առերեսման արձանագրությունը։ Միջնորդությունը բավարարվեց։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930