Լրահոս
Օրվա լրահոսը

Կապի նախարարության անկապությունը

Սեպտեմբեր 23,1995 11:21

Շաբաթվա սկզբին Երեւանում երկու օր անընդմեջ անձրեւում էր։ Դա, հավանաբար, կապի նախարարության համար ճապոնական ցունամիի նման մի բան է, որի հետեւանքով Մամուլի տան գրեթե բոլոր (այդ թվում նաեւ կառավարական) հեռախոսները մինչեւ շաբաթվա վերջը լռում են։ Քանի որ աշնան եւ ձմռան ընթացքում բնությունը սովորություն ունի դավեր նյութել մեր կապավորների դեմ անձրեւի եւ ձյան տեսքով, պետք է ենթադրել, որ նրանք պատրվակներ կունենան արդարացնելու սեփական անգործությունը։

Սակայն կարեւորը ոչ թե պատճառներն են (որոնք միշտ էլ կգտնվեն), այլ կապը վերականգնելու ժամկետները։ Մամուլի շենքում գտնվող խմբագրությունները, որոնց աշխատանքը կազմալուծվում է հեռախոսակապի բացակայության պատճառով, անչափ տխուր փորձ ունեն այդ ժամկետների հարցում։ Դրանք, որպես օրենք, երկարաձգվում են այնքան անորոշ ժամանակով, որը լիովին կբավարարեր Երեւանի եւ Մեղրու միջեւ նոր հաղորդակցական կապ ստեղծելուն։

Իսկ իմ սեփական փորձը, որը ձեռք եմ բերել ժամանակին պաշտոնաթերթի խմբագրի տեղակալ լինելու ժամանակ, թույլ է տալիս պնդել, որ հարցը ոչ թե կապի նախարարության դիվերսիոն հակումների կամ մամուլի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ է, այլ պարզապես ֆանտաստիկ անկազմակերպվածության, անպատասխանատվության, մի խոսքով, անկապության մեջ։

Գիտե՞ք, թե ես այն ժամանակ ինչպես կարողացա աշխատեցնել մեր խմբագրության հեռախոսները։ Կապի նախարարության, ինչպես նաեւ քաղաքային հանգույցի հետ բանակցությունները երկար էին, լարված եւ անարդյունավետ։ Բայց օրերից մի օր ես կարողացա խմբագրություն «բերել միջանցքում պատահաբար ճեմող մի «մանտյորի»։ Մենք շատ արագ նրա հետ լեզու գտանք, եւ 15 րոպեից խմբագրության հեռախոսները աշխատեցին։

Ուրեմն, հաշվի առնելով այն փաստը, որ Մամուլի տունն արդեն չորրորդ օրն է հեռախոսակապ չունի արտաքին աշխարհի հետ, եւ ոչ մի պատրանք չկա մոտակա ապագայի վերաբերյալ, առաջարկում եմ. ա) վերանվանել կապի նախարարությունը՝ անկապի նախարարություն, բ) այդ համակարգի ողջ տեխնիկական անձնակազմը («մանտյորներին», «կաբելչիկներին» եւ մյուսներին) փոխադրել մասնավոր աշխատանքի։ Դրանից հետո, համոզված եմ, շատ խնդիրներ կլուծվեն։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930