Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քրիստոսն իր խաչն է տանում, Սուրեն Բաբայանը՝ իրենը…

Սեպտեմբեր 23,1995 17:53

… Գյումրիի հին զորանոցի նկուղների ծանր ու երկար կամարների տակ, կիսախավարում մի թափոր է շարժվում։ Մեկն իր խաչն է տանում…

Այսպես է պատկերացնում Գողգոթան կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը իր «Բարաբբա» ֆիլմում։ Ֆիլմում, որն ինքը գողգոթա դարձավ Սուրեն Բաբայանի համար։

Երկար ու ծանր են նկուղի կամարները, ու ոչ մի լույս՝ առջեւում։ Ավելի երկար ու ծանր է ֆիլմի ճամփան, եւ վերջը չի երեւում։

Տառապանքների ուղին սկսվեց 91-ին։ Այն ժամանակ դեռ կարելի էր ֆիլմի հովանավոր գտնել՝ ոմանք կարծում էին, թե կինոն եկամտաբեր զբաղմունք է, ոմանք էլ պարզապես «լվանալու» փողեր ունեին։ Հովանավորը, որ սկզբում շատ ոգեւորված էր, հետզհետե հասկացավ, որ սա ծանր, տաժանակիր, երկար ժամանակ, ջանք ու միջոցներ պահանջող գործ է: Սկսեց պայմաններ դնել, որ կինոյի մասնագետների տեսանկյունից անհեթեթ էին, իսկ հետո, ընդհանրապես, հրաժարվեց այս գործից։

Խաչն ընկավ պետության ուսերին։ Բավական մեծ նախապատրաստական աշխատանք էր կատարված՝ սարքվել էր հնամենի կահկարասին, կարվել էին հագուստները։ Այս բոլորը պարտքով։ Եվ երբ «Հայֆիլմը» ստանձնեց այս գործը, զգալի մի գումար ստիպված էր վճարել վարպետներին, որպեսզի ստանա այս ամենը։ 1994-ին «Բարաբբա» ֆիլմը ձեւակերպվեց որպես

պետպատվեր։ Հատկացվեց 11 մլն դրամ։ «Հայֆիլմը» հետագայում պնդում էր, որ ներկայացվել է 22 միլիոնի նախահաշիվ, ֆինանսների նախարարությունն ասում էր, որ իր մոտ մի նախահաշիվ կա՝ 11 միլիոնի։ Ինչեւէ, այս գումարից 9 միլիոնը 94-ին «Հայֆիլմ»-ն ստացավ, բայց այնքան անկանոն, որ երբեք համոզված չէր, թե տվյալ դրվագի նկարահանումները սկսելով, այն կկարողանա ավարտել։ Մի անգամ էլ, Ալավերդում, նկարահանող խումբը իր տեխնիկայով պարտատերերը պարզապես պատանդ վերցրեցին։ Ֆիլմի տնօրենը ստիպված էր տոկոսով գումար վերցնել, խումբն ու սարքավորումները ազատագրելու համար։

1995-ին պետությունը 11 միլիոն էլ հատկացրեց այս ֆիլմին, հույս ունենալով, որ այս անգամ ֆիլմը կավարտվի։ «Հայֆիլմը» եւս վաճառած ֆիլմերի գումարներից հատկացրեց «Բարաբբային»։ Մինչեւ այսօր արդեն ծախսվել է 35 միլիոն դրամ։ Նկարահանված է ֆիլմի կեսը։

Հիմա հույսը կապում են Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի ծրագրի հետ, որի մեջ նախատեսված է նաեւ «Բարաբբան»։ Սակայն պարզ չէ, թե ծրագրի ֆինանսավորումը երբ կսկսվի, եւ հետո, նշված 50 հազար դոլարը կբավարարի՞ արդյոք՝ ֆիլմն ավարտելուն։

Կարծիք կա, որ առայժմ ֆիլմը պետք է կոնսերվացնել։ Բայց ֆիլմը բանջարեղեն չի։ Հնարավոր չէ նույն դրվագը նկարահանել մեկ գարնանը, մեկ աշնանը։ Դերասաններն այսօր ազատ են, վաղը՝ զբաղված, իսկ ոմանք էլ ընդմիշտ հեռանում են երկրից։ Եվ այսպես անթիվ բարդություններ։

Ուրեմն ի՞նչ։ Միգուցե ի սկզբանե պետք չէր մտնել այսքան ծանր բեռի տակ, եւ հայ կինեմատոգրաֆիստները, ինչպես ասում են, պետք է վերմակի չափով ոտքերը մեկնեն։ Իսկ մի՞գուցե իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ պետք է վերանայել կինոյի ֆինանսավորման սկզբունքները։

Միգուցե…

Իսկ առայժմ Սուրեն Բաբայանը, հոգնածությունից պատեպատ դիպչելով, քարշ է տալիս իր խաչը։

Հ. ԲՅՈՒԶԱՆԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930