Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ քնարական ուղերձ

Հոկտեմբեր 14,1995 18:24

Սի պահ մոռանանք, թե ներքաղաքային տրանսպորտով մեր ամենօրյա երթեւեկը ինչ ավերմունք է պատճառում ընտանեկան դրամապանակին եւ վավերացնենք միայն հիմնահարցի օրախնդիր շերտը: Երեւանի հասարակական փոխադրամիջոցների երթուղիները երբեք այսքան կանոնավոր չեն գործել։

Երբ մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասում հայտնվեցին 62 համարը կրող դյուրընթաց ավտոբուսները, բնակիչները միահամուռ ենթադրեցին, որ նրանց աշխատանքը միտված է ուսանողությանը ծառայելուն։ Փոքր անց պարզվեց. որ այդ մաղթանք-կանխատեսումը իրականից տարբեր չէ: Հարավ-արեւմտյան թաղամասը Իսակովի ու Մաշտոցի պողոտաներով Շրջանայինին կապող 62-րդ երթուղագիծը ամենակարճն ու հարմարն է՝ դասի գնալ- գալու համար: Հիշյալ թաղամասը ուսանողականին են շաղկապում նաեւ թիվ 40 երթուղատաքսիները, սակայն նրանց ճանապարհն անցնում է Լենինգրադյան փողոցով, իսկ վարձաչափը 100 դրամ է: Հասկանալի է, որ ուսանողները նախընտրում են թիվ 62 ավտոբուսները՝ արագ են տեղ հասնում եւ ավելի քան երեք անգամ էժան են։ Ճիշտ է, վարորդները ուսանողությունից միայն դրամ են պահանջում, հաշվի չեն առնում մշտական տոմսերը, բայց նրանց կարելի է հասկանալ ու ներել՝ եթե բոլորը տոմսերով երթեւեկեին, ղեկի մոտ ոչ ոք չէր նստի: Այնպես որ, ուսանողներն ու նրանց ծնողները համակերպվելով այդ պահանջը հարմարեցրել են իրենց քսակների պարունակությանը։ Այնուամենայնիվ, կա մի հանգամանք, որն իր երկրորդական հնչողությամբ առաջին հենք է մղվում. ուսանողները, մանավանդ տղաները, սովորության են դարձրել դռներից հազիվհազ կախված «երթեւեկելը»։ Եթե վարորդները դառը կենսափորձ ունեն, կանգառից շարժվում են միայն դռներն ամուր փակելուց հետո, իսկ եթե մինչ այդ անփորձանք են աշխատել, ծանրաբեռնված դռներով էլ արագություն են վերցնում։ Պատկերացրեք Իսակովի պողոտայով սուրացող այդ ավտոբուսների դռներից սառած ձեռքերով կախված, կիսաթաց գլուխները քամուն տված պատանիների վիճակը: Ամեն վայրկյան նրանք կարող են նետվել ասֆալտին, իսկ այնտեղ մյուս մեքենաները մեծ դժվարությամբ են արգելակում:

Ծնողները հակված են նման դեպքերում իրենց որդիների գլխներին քարոզ կարդալ՝ հիմնականում ասպետության վնասների եւ եսակենտրոնության օգտակարության մասին։ Սակայն թող որեւէ մեկը խոստովանի, թե իր համանման ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Մեր որդիներն այնքան էլ աննրբավար չեն, որքան նրանց փորձում ենք ներկայացնել: Ուրեմն ի՞նչ. ամեն առավոտ նրանց ուղարկենք ստույգ փորձանքի ու ձեռքներս ծալած սպասենք ավետաբեր երեկոյի՞ն։ Անվերջ արդարացնենք անցման փուլի վայրիվերումն՞երը, պատասխանատուների անփորձությո՞ւնը, վարկատուների շռայլության պակա՞սը։ Ըստ իս, խնդրի լուծումը կարելի է գտնել միայն Տրանսպորտի նախարարությունում։ Նախ. երկար ու վտանգավոր փողոցներով բաց դռներով երթեւեկելը նա պետք է հռչակի որպես կոպիտ խախտում եւ ոստիկանության հետ խստագույնս հսկի դրա բացառումը։ Այնուհետեւ, գուցեեւ ամենակարեւորը. առավոտյան ժամը 7.30-ից մինչեւ 9-ը ավելացնի ուսանողությանը տեղափոխող ավտոբուսների թիվը:

Արդյո՞ք ավելորդ լավատեսություն է հուսալ, թե տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանը սույն առաջարկին կվերաբերվի այն ծնողների սրտացավությամբ, ովքեր իրենց զավակների կրթության գործը պակաս հայրենասիրություն չեն համարում, քան երկրի տնտեսությունը քայլ առ քայլ առաջ մղվելը: Մենք չէ, որ պետք է հայտնաբերենք, թե ամեն տեղ ու ամեն ինչ մտավոր զարգացումն է վճռում։ Իհարկե, կենսականն ապահովելուց հետո: Կյանքը նկատի ունեմ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031