Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն եւ շնորհիվ աշխատանքի

Հոկտեմբեր 17,1995 17:01

Տնտեսական համակարգի անցումը կենտրոնացված կառավարումից՝ շուկայականի, դրական արդյունքից բացի, անշուշտ, ունի նաեւ իր բացասական կողմերը։ Դրանցից ամենակարեւորը, թերեւս գործազրկության խնդիրն է: Եթե նախկինում չաշխատելու համար դատում էին, հիմա այս երեւույթը շատ տարածված է: Մասնավոր ձեռնարկություններին, ֆիրմաներին անհրաժեշտ չէ աշխատատեղերի ուռճացում եւ նրանք ձգտում են հրաժարվել ավելորդ հաստիքներից։ Պետական հիմնարկները այս քայլին դիմում են ֆինանսավորման կրճատումների հետեւանքով։ Արդյունքում հազարավոր մարդիկ հայտնվել են դրսում առանց աշխատանքի ու ապահովության երաշխիքների։

Մոտավորապես այսպիսի պատկեր է ուրվագծվում նախկին Խորհրդային Միության ու Արեւելյան Եվրոպայի պետություններում, թեեւ տնտեսապես առավել զարգացած պետությունները նույնպես անցել են այս ճգնաժամային ուղիով։ Գործազրկությունը քսաներորդ դարի ամենալուրջ խնդիրներից է: Այն առավել ճիշտ բնորոշվում է որպես զբաղվածության պրոբլեմ: Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում գործազուրկներին տրվող նպաստները բավարար են նորմալ ապրելու համար, սակայն խնդիրը դրանով չի լուծվում։ Վիճակագրության տվյալներով, ինքնասպանություն գործող անձանց մեջ զգալի տոկոս են կազմում մշտական աշխատանք չունեցողները:

Այսօր Ռուսաստանում մեկ ազատ աշխատատեղին հավակնում է 5 հոգի։ Այս թիվը վկայում է, որ մի քանի միլիոն մարդ զրկված է աշխատելու հնարավորությունից, այսինքն` նույնքան մարդ ապրելու համար ամեն օր ստիպված է տարբեր ճանապարհներով դրամ հայթայթել։ Բնականաբար, այդ ճանապարհները ոչ միշտ են օրինական լինում։ Առավել ծանր է մտավորականության եւ ավագ սերնդի վիճակը։ Նրանք բոլորից դժվար են համակերպվում իրականության պահանջներին եւ հաճախ ի վիճակի չեն լինում գտնելու իրենց տեղը նոր եւ արագ փոփոխվող պայմաններում։

Հարցի մեղմացմանը, ինչ խոսք, նպաստում է մասնավոր առեւտրի ընդլայնումը, որը հազարավոր մարդկանց աշխատելու հնարավորություն է ստեղծում։ Կարեւոր է նաեւ կառավարության պետական մարմինների դերը, օրինակ, Կուբանի ծխախոտի ֆաբրիկան. «Ֆիլիպ Մորիս» հայտնի ընկերությանը վաճառելու պայմանագիրը ներառում էր աշխատատեղերի ընդլայնման պահանջը։

Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը գրեթե նույնն է, բայց ունի նաեւ իրեն բնորոշ կողմերը։ Ի տարբերություն Ռուսաստանի, իրենց աշխատավարձի չափով պետական հիմնարկները մրցունակ չեն մասնավոր ֆիրմաների հետ: 4-5 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չէ մարդկանց շահագրգռել աշխատելու (սովորաբար երիտասարդներին): Մասնավոր սեկտորը առաջարկում է առավել բարձր աշխատավարձ (50 դոլար եւ ավելի), բայց նրա հնարավորությունները շատ սահմանափակ են։ Պետական բուհերի շրջանավարտներն այսօր Հայաստանում չեն ապահովվում աշխատանքով։ Դա նշանակում է, որ պետությունը պարբերաբար, ամեն տարի «թողարկում» է հազարավոր գործազուրկների։ Հաճախ մարդիկ պետական հիմնարկներում աշխատանքի են ընդունվում չնչին աշխատավարձով՝ պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Իսկ դա երբեք չի կարող հարցի լուծում համարվել, քանի որ զանազան հոգեբանական, սոցիալական գործոնների հետ միասին, ֆինանսական կողմը գործազրկության խնդրում ամենաէականն է:

Կարճ ժամանակում ստեղծվեցին մասնավոր ֆիրմաներ, որոնք զբաղված են մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցով։ Քաղաքացին դիմում է գրում, վճարում որոշակի գումար (մոտ 500-1000 դրամ), որից հետո ֆիրման նրանց համար աշխատանք է փնտրում։ Այսինքն՝ կամ կգտնի, կամ ոչ։ Պարզ է, որ այս «կամ»-երի շնորհիվ որոշ մարդիկ օգուտ են ստանում: Չնայած լինում են նաեւ փոխադարձ ընդունելի դեպքեր։ Դժվարը որակյալ մասնագետի համար համապատասխան աշխատանք գտնելն է. կա որակյալ աշխատատեղերի հսկայական դեֆիցիտ ու մարդիկ հաճախ ստիպված են լինում կատարելու «սեւ» աշխատանք։

Սա ստիպեց բազմաթիվ հայերի հեռանալու Հայաստանից՝ բարձր վարձատրվող, լավ աշխատանք գտնելու համար, իսկ այն պրոբլեմ է բոլոր երկրներում: Մոսկովյան պրոֆեսորական կազմը Իսրայելում զբաղված է փողոցները ավլելով ու ռեստորաններում սպասք լվանալով։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031