Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հարկավոր է հարգել ընթերցողին եւ գործընկերներին

Հոկտեմբեր 24,1995 13:49

Բաց նամակ երիտասարդ գործընկերոջս՝ Արա Թադեւոսյանին

Սիրելի Արիկ։

Այս նամակը լույս աշխարհ չէր գա, եթե շաբաթ օրվա «Առավոտում» չընթերցեի քո ստորագրությամբ «Mass-media-ն նախկին ԽՍՀՄ-ում. Բելառուս» վերնագրով նյութը։ Եվ այս նամակն այդ նյութի առաջացրած զայրույթի ու ցասման արդյունք է։ Գիտեմ, թե ինչ ցավոտ ես ընդունում քեզ ու քո գրածին հասցեագրած ցանկացած քննադատություն, սակայն այս անգամ չեմ կարող ինձ զսպել, հույս ունենալով, որ սույն գրությունը միգուցե դաս կլինի քեզ համար։

Երիտասարդ ես՝ ընդամենը 20 տարեկան, եւ քեզ թվում է, որ քեզանից ավագ ու որոշ փորձ ունեցողների խոսքը լոկ խոսք է, բարոյախրատական անիմաստ զրույց։ Հիշո՞ւմ ես, ընդունեցիր Լ. Տեր-Պետրոսյանի մասին «Մոսկովսկիե նովոստի»-ում տպագրված քո ոչ պրոֆեսիոնալ խայտառակ նյութի իմ ավա՛ղ ուշացած քննադատությունը։

Հիշո՞ւմ ես, ինչ տառապալից ապրումների մեջ էիր «Հայքում» եղած ջախջախիչ գրախոսականից հետո։ Հիշո՞ւմ ես, խոստացար, որ այսուհետ 100 անգամ կչափես, կմտածես գրելուց առաջ։ Այսօր, ցավոք, արձանագրում եմ, որ խոստումդ չկատարեցիր, դրժեցիր։

Ի՞նչ է եղել, կհարցնես դու։ Բազմիցս ասել եմ քեզ, որ լրագրողը պիտի հարգի իր ընթերցողին եւ ինչը պակաս կարեւոր չէ, իր գործընկերներին։ Իսկ դու, շաբաթ օրը տպագրած նյութով պարզապես արհամարհեցիր եւ մեկին, եւ մյուսներին, ուղղակի արտագրելով «TRANSITION» հանդեսի վերջին 18-րդ համարում հրապարակված «Belarus maintains strong control over most media» նյութի հիմնական դրույթները։ Գիտե՞ս, դա ինչպես է կոչվում, գրագողություն։

Մոռացա՜ր, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դեսպան Ջոն Մարեսկայի դասախոսությանը, ուր տարածվեց այդ հանդեսը, ներկա էին բազմաթիվ լրագրողներ,            ընթերցողներ, որոնք եւս ստացան այդ հանդեսը, եւ որոնք կամ կարդում են անգլերեն, կամ գոնե հասկանում են անգլերեն գրվածը։ Սկսնակ լրագրող ես, իմացիր, որ նման բաներ լրագրողների շրջանում չեն ներվում։ Դրանք ոչ միայն դիտվում են որպես մասնագիտական բարոյականության կոպիտ ոտնահարում, այլեւ համարվում են մարտնչող դիլետանտիզմի դրսեւորում։ Օգտագործել ես հանդեսի նյութը՝ լավ ես արել, սակայն այդ դեպքում ընդունված է մատնանշել աղբյուրը եւ ոչ թե ստորագրել քո ազգանվամբ, ինչը նշանակում է, որ գրածդ քո սեփական ստեղծագործական որոնման արդյունք է։

Ցավոք, դու եւ քո հասակակից պատանի շատ լրագրողներ չեք ուզում, թե չեք կարող հասկանալ, որ լրագրությունը, լրագրողի արվեստը      դիկտոֆոնից

հարցազրույց վերծանել կամ մատից հոտ քաշելով երկար ու ձիգ մեկնաբանություն գրելը չէ։ Չեք ուզում, թե չեք կարող հասկանալ, որ մամուլը, նրա ավանդույթները գոյություն են ունեցել մինչեւ ձեր ծնունդն ու ձեր՝ լրագրություն գալը։ Տվյալ դեպքում երեւի թե քեզ թվաց, որ միայն քեզ է հաջողվել «պեղել» օտարալեզու այս հանդեսը։

Ներիր, եթե չափազանց խիստ եմ։ Ես հարգում եմ քո երիտասարդական եռանդն ու անկեղծորեն ցանկանում եմ, որ դու լավ լրագրող դառնաս, որին սպասում ու հավատում է ընթերցողը։ Միայն թե միշտ հիշիր լրագրողի էթիկայի մասին։

Դատելով շաբաթ օրվա նյութի հավակնոտ վերնագրից, կարելի է ենթադրություն անել, որ դու կշարունակես այդ հոդվածաշարը, չէ որ

«TRANSITION» հանդեսի հիշատակված համարում հոդվածներ կան Ուզբեկստանի, Վրաստանի, Բալթյան եւ այլ երկրների մամուլի մասին։ Անպայման շարադրիր այդ իսկապես հետաքրքիր թեմայով նյութերը, սակայն ստորագրիր՝ «TRANSITION» հանդեսի նյութերով պատրաստեց Արա Թադեւոսյանը։ Այլապես իսկական լրագրող երբեք չես դառնա, այլապես քեզ երբեք չեն հարգի ոչ ընթերցողը, ոչ էլ գործընկերներդ։

Քեզ բարին ցանկացող՝ Տիգրան ԼԻԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031