Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունը սա է

Հոկտեմբեր 25,1995 18:28

Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք երիտասարդ ԱԺՄ-ականի անդրադարձը մեր թերթում տպագրված մի նյութի: Ընթերցողի դատին ենք հանձնում թե հոդվածում տեղ գտած փաստարկների մակարդակը եւ թե ագրեսիվ տոնայնությունը, որը հատուկ է ՀՀՇ-ի մի մասին եւ այդ կազմակերպությունից սերած բազմաթիվ «աղանդներին»։

«ԱՌԱՎՈՏ»

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկն էր ժողովրդից, որը մեծ ոգեւորությամբ հետապնդում էր ազատության եւ ժողովրդավարության գաղափարները։ Մարդկանց մոտ վստահություն եւ հավատ կար, որ իրենց ջանքերը բերելու են

պետության ծաղկմանն ու բարգավաճմանը։ Եվ մարմնավորելով ժողովրդավարության, արդարության եւ բարոյականության գաղափարները Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ, ժողովուրդը ընտրեց նրան որպես առաջնորդ։ Օգտագործելով ժողովրդավարության եւ շարժման այլ գաղափարների կարգախոսները իշխանության հասնելուց՝ շարժման ղեկավարության մեծամասնության (ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի) նախաձեռնությամբ դրվեց սկիզբ այն ուղղության, երբ իշխանության կողմից իրականացվում է օրենքը ոտնահարելու, իշխանությունը եւ հասարակական կարգը ուժային մեքենային հենելու մի քանի հարյուր հոգանոց ընտրանուն գողանալով ու թալանելով հարստանալու հնարավորությունը։

Հանրապետության նախագահի հովանավորությամբ ստեղծվեց մի համակարգ, որի պայմաններում կերտվում է ոչ թե քաղաքացի, այլ իշխանության հպատակ, հասարակությունը դուրս մղվեց պետության կյանքից։ Վարչախումբը իր նեղ իշխանական խաղերում զոհաբերեց Սփյուռքի համախմբումը՝ մի կողմից մերժելով Սփյուռքի ազդեցիկ ուժերի հետ համագործակցությունը, մյուս կողմից բախտի քմահաճույքին թողնելով Սփյուռքի թույլ հատվածը։ Ազգային համակարգմանն ուղղած առողջ գաղափարների փոխարեն առաջ քաշվեց սեփական իշխանությանը սատարելու կարգախոսը, որով Սփյուռքը, որը ինքը կարիք ունի նոր գաղափարի, այդպես էլ չդարձավ մեր պետականության կառուցման հիմնասյուներից մեկը։ Ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որոնցում ո՛չ ժողովրդավարության, ո՛չ ազգային վերելքի, ո՛չ տնտեսական զարգացման մասին չի կարող խոսք գնալ։ Չստեղծվեց ոչ մի արժեք, արվեց ամեն ինչ, որ այդ մտադրությունից ուրիշներն էլ հրաժարվեն:

Մարդիկ հույսն ու հավատը ապագայի հանդեպ փոխարինեցին իրենց ճակատագրի անհեռանկարության վախով, հիասթափությամբ։ Այդպիսի ապագայի հանդեպ կորում էր բնական հույսն ու հավատը։ Հիասթափությունն ամեն ինչ դրեց անորոշության մեջ։ Շատերը, հիասթափվելով եւ շուռ գալով ամեն ինչից, զբաղված լինելով օրվա ապրուստի եւ գոյատեւման խնդրով, ոչ մի քաղաքացիական պատասխանատվություն այս իրավիճակի համար չեն ուզում կրել։

Այդ է արել «Հայաստանի թիվ 1 քաղաքական գործիչը»։ Ակնհայտ է, որ այս պայմաններում շարքային քաղաքացուն մնում է միայն ատելության զգացումը։ Ժխտելով այս ակնհայտ ճշմարտությունը՝ պարզ է, թե ով է քարոզչական էժան նպատակներ հետապնդում։

Այն ամենը, ինչին կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը, կատարվում է այսօր, եւ շարքային քաղաքացու համար դա, հիրավի, ակնհայտ է։ Եվ քարոզչական ապահովումը, որը հոդվածի հեղինակը նշում է, իսկապես պետք չէ։ Ընդ որում այդքան էժան ու ցինիկ քարոզչություն, ինչպիսին կատարվում էր ընտրությունների եւ հանրաքվեի նախօրյակին, եւ որը շարունակվում է այսօր, նրան ոչ մի օգուտ չի տալու:

Հեղինակը գրում է. «Հայաստանը դեմոկրատական երկիր չէ… Այլ ռեժիմ անցումային փուլում հնարավոր չէր ստեղծել… Մենք ավտորիտար երկիր ենք…»։ Չի՞ հիշում հեղինակը, թե ինչ կարգախոսներով Լեւոն  Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ: Կընտրվե՞ր նա արդյոք, եթե հայտնի լինեին նրա բռնատիրական միտումները։ Այդ ո՞ր անցումային փուլի մասին է խոսքը։ Անցումային փուլ դեպի ո՞ւր:

Գտնվելով 91 թվականին ժողովրդավարության առումով Բալթյան երկրների եւ Ռուսաստանի հետ մոտավորապես նույն մակարդակին, այսօր հայտնվել ենք երրորդ աշխարհի երկրների կարգավիճակում։ Գուցե դա է հեղինակի անցումային փուլը։

Պրիմիտիվ է, վախեցնելով, որ լիներ ներկայիս նախագահի տեղը մեկ ուրիշը, ամեն ինչ կլիներ ավելի մութ եւ վայրենի, նրան ներկայացնել որպես չարյաց փոքրագույնը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չդիմանալով գայթակղություններին, դարձնելով իշխանությունը ինքնանպատակ, վարկաբեկեց բոլոր այն գաղափարները, որոնց կրողն էր ներկայանում։ Նա հիասթափեցրեց բոլորին, ինքն էլ դարձավ գաղափարապես սնանկ։

Պետք չէ վատին հարմարվել՝ վախենալով հաջորդի ավելի վատը լինելուց: Եթե վատն է, պետք է փոխվի: Մի քանի անգամվա փոփոխությունից կստեղծվեին այն անհրաժեշտ արգելակող եւ զսպող մեխանիզմները, որոնք իշխանություններին կստիպեին ուր ասես ձեռքները չձգել:

Բայց այդ տարբերակի դիտարկումը իմաստալից կլիներ, եթե տեղի չունենային վերջին դեպքերը ընտրությունների եւ հանրաքվեի հետ կապված: Ներկայումս լեգիտիմ ճանապարհով փոփոխությունների մասին մտածելը դարձել է իմաստազուրկ։

Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն կորցնելու ոչինչ չունի։ Ունենալով վարչախմբում այն առավելությունը, որ ժողովրդի ընտրյալն է, հանրաքվեի «ոչ»-ը բոլորին ապացուցեց, որ ժողովուրդը իր հետ չէ։ Եվ բացի դրանից, ընտրությունների ժամանակ օգտագործելով բանակը (դրանից հետո չեմ պատկերացնում, թե այդ ամենը տեսած զինվորները ինչպես են անձնվիրաբար պաշտպանելու հայրենիքը), շրջաններում օգտագործելով ոստիկանությանը, դիմելով կաշառելու եւ սպառնալու մեթոդներին, իսկ վերջում էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեղծմանը, նա զրկվեց այդ առավելությունից։

Նախագահական ընտրությունները կլինեն ավելի դաժան, կօգտագործվեն դեռ այս ընտրություններում չօգտագործված մեխանիզմներ։

Այս ճահիճը ձեռնտու է հոդվածի հեղինակին։ Դա է բխում նրա մարգարեական եզրահանգումից. «Լավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը մենք այլ նախագահ չենք ունենալու»։

Վերջում, ընտրությունները ցույց տվեցին, որ կան կուսակցություններ եւ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այս վիճակը չեն հանդուրժում։ Թե կկարողանա՞ն նրանք կազմակերպվել եւ ուժին ուժ հակադրել, ժամանակը ցույց կտա:

Վահե ՎԱՐՍԱՆՅԱՆ

ԱԺՄ անդամ

Լուսանկարը՝  Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ/«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031